Կոռուպցիայի դեմ պայքար է մղվում անարդյունավետ ձեւով․ քաղաքագետ

Կոռուպցիայի դեմ պայքար է մղվում անարդյունավետ ձեւով․ քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Զոլյանը կարծում է, որ հանրությունը չպետք է մնա սպասողական վիճակում, հակառակ դեպքում այդ սպասումները կարող են երկար տեւել։



«Ոչ թե պետք է հանրությունը սպասի, թե իշխանություններն ինչ քայլեր են անում եւ ինչ բարիքներ պետք է մատուցի իրեն, այլ ինքը պետք է պահանջի»,- մեզ հետ զրույցում ասաց քաղաքագետը։



Մեր դիտարկմանը, թե իշխանությունները ստանձնել են կոռուպցիայի դեմ պայքար, Մարտի 1-ի ողբերգական իրադարձությունները բացահայտելու ուղղությամբ են շոշափելի քայլեր արվում, Սուրեն Զոլյանն արձագանքեց․ «Եթե ասում եք, որ կոռուպցիայի դեմ պայքար է ընթանում, ապա շոշափելի արդյունքներ կլինեն այն ժամանակ, երբ կլինի մրցակցություն, եւ գները կիջնեն մինչեւ նորմալ մակարդակի։ Իսկ առայժմ տնտեսական համակարգում շարունակվում է մենաշնորհը, խոսքը միայն սեփականության վերաբաշխման մասին է։ Այս առումով ես չեմ կարծում, թե կոռուպցիայի դեմ պայքար է մղվում, ոչ թե սեփականության վերաբաշխման փորձ են անում»։

Իսկ ո՞ւմ միջեւ է տեղի ունենում սեփականության վերաբաշխումը։



«Ես չգիտեմ, դա իմ խնդիրը չէ։ Ես, որպես քաղաքացի, կարծում եմ, որ եթե մենաշնորհ չկա տնտեսական համակարգում, եթե կաշառքներ չեն տալիս, ապա տրամաբանական կլինի, որ գներն իջնեն։ Եթե մինչ այդ հայտարարվում էր, որ օլիգարխներն են խանգարում, ապա հիմա պետք է լիներ մրցակցություն, հիմա ի՞նչն է խանգարում, որ գները որոշվեն շուկայական չափանիշներով։ Այս տեսանկյունից եթե կոռուպցիայի դեմ պայքար է մղվում, ապա դա արվում է շատ անարդյունավետ ձեւով։ Արդյունքները չեն երեւում եւ չեն էլ ուրվագծվում»,- ասաց մեր զրուցակիցը։