Մի գաղտնալսման պատմություն․ խոսքի ու գործի տարբերություն

Մի գաղտնալսման պատմություն․ խոսքի ու գործի տարբերություն
Եթե հիմա որեւէ լրատվամիջոց գրեր, որ իր տեղեկություններով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ամեն օրվա աշխատանքը սկսում է ուժայինների ղեկավարների հետ «պիծիմինուտկայով», որի ժամանակ կոնկրետ հրահանգում է, թե այդ օրը ում բռնեն, ում ազատեն։ Եթե գրեինք, որ ինչքան էլ ասեն, որ այլեւս անցյալի նման Բաղրամյան 26-ից հրահանգներ չեն իջեցվում դատավորներին, բայց այդ հրահանգները շարունակվում են, ուղղակի առաջ զանգում էր նախագահի աշխատակազմի ղեկավարը կամ Սերժ Սարգսյանի օգնականը, իսկ հիմա ՀՔԾ կամ ԱԱԾ պետն է հրահանգներն իջեցնում։ Եթե գրեինք, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը բոլորի առաջ խնդիր է դրել՝ մինչեւ ԱԺ արտահերթ ընտրությունները փոքր չափաբաժիններով արդարության հաստատմանն ուղղված ձերբակալություններ «կազմակերպել»՝ բռնելով ժողովրդի կողմից ատելի անձանց եւ նրանց ընտանիքի անդամներին, անկախ նրանից մեղք ունեն, թե չունեն, քանզի այդ եղանակով են ապահովելու իրենց հաղթանակը ընտրություններում։ Եթե մենք համարձակվեինք այս ամենի մասին գրել՝ անգամ ամենամեղմ տոներով, մեզ՝ լրագրողներիս ու նման բան գրող լրատվամիջոցին էշաֆոտ կբարձրացնեին, կքարկոծեին, կմեղադրեին ազնիվ ու արդար ՔՊ-ին ու կառավարությանը զրպարտելու մեջ։ Մի հազար ֆեյք ֆեյսբուքում կհայտարարեր, որ մենք ծախվել ենք Հանրապետականին ու Քոչարյանին, որ հակահեղափոխություն ենք իրականացնում, որ երազում ենք նիկոլենց տապալումը եւ անհիմն վարկաբեկում ենք կոռուպցիայի դեմ պայքարող երիտասարդ իշխանավորներին։



Յութուբում հայտնված ձայնագրությունն, անշուշտ, գաղտնալսման արդյունք է, անօրինական է, մարդու իրավունքների խախտում է եւ արժանի է դատապարտման ու պատժի։ Եւ ակնհայտ է, որ այն կատարվել է ռուսական հատուկ ծառայությունների կողմից։ Տեքստում մի նախադասություն կա, երբ Վանեցյանն ասում է՝ «կգամ», այսինքն՝ խոսակցության պահին նա գտնվել է Ռուսաստանում եւ այնտեղից խոսել է գործընկերոջ՝ ՀՔԾ պետի հետ, իսկ ռուսական ՖՍԲ-ն ձայնագրել է եւ տեղադրել յութուբում կամ տրամադրել Ռ․Քոչարյանի թիմին եւ թիմն է տեղադրել Յութուբում։



Այս գաղտնալսման վերլուծությունն, իրականում, շատ տխուր պատկեր է բացահայտում։



Նախ, այն, որ հայ-ռուսական հարաբերություններն իրոք շատ վատ վիճակում են եւ Փաշինյանի հավաստիացումներն այն մասին, որ «երբեք հայ-ռուսական հարաբերություններն այսքան բարձր մակարդակի չէին եղել», ընդամենը նրա ցանկությունն է, որն իրականության հետ աղերս չունի։ Երկրի բարձրաստիճան իրավապահների զրույցը գաղտնալսել եւ ոչ թե ներքին օգտագործման համար կիրառել ձայնագրությունը, այլ տեղադրել համացանցում, որ ողջ աշխարհն ու Փաշինյանով հիացած հայ հանրությունն էլ տեղեկանա, մի բանի մասին է վկայում՝ ռուսները Նիկոլ Փաշինյանի եւ ՀՀ ներկա իշխանությունների հետ խնդիրներ ունեն եւ օգնում են նրանց տապալելու ծրագրերին։



Երկրորդ հետեւությունը, Հայաստանում որքան էլ իշխանություն փոխվի եւ հեղափոխություն կատարվի, իշխանությունը երբեք չի հրաժարվելու իրավապահների եւ մասնավորապես դատական համակարգի գործերին խառնվելուց, հրահանգավորելուց եւ որպես քաղաքական գործիք այն օգտագործելուց։ Այդ բոլոր խոստումները՝ անկախ դատական համակարգի, իրավական արդար գործընթացների, զանգեր չլինելու մասին հեքիաթներ են։ Իսկ իրավապահներին օգտագործում են բոլորը՝ եւ Սերժ Սարգսյանը, եւ Ռոբերտ Քոչարյանը, եւ անգամ ժողովրդի սիրելի Նիկոլ Փաշինյանը, որքան էլ ցավալի լինի խոստովանելը։



Երրորդ հետեւությունը․ Եթե նախկինում պատվեր կատարողներն ավելի զգույշ էին, ավելի գրագետ, ավելի հեռատես, ապա փաշինյանական կադրերն էականորեն տարբերվում են նախկիններից իրենց անմեղսունակությամբ, իրենց ցինիզմով, Քրեական օրենսգիրքը որպես գործիք կիրառելու, իշխանությունների պատվերները կատարելու փութաջանությամբ։ Այն, թե ինչպես են ԱԱԾ պետն ու ՀՔԾ պետը քննարկում Խաչատուրովի դեմ քրեական գործի հարուցումը, ինչպես է Սասուն Խաչատրյանը հայտարարում, որ անպայման մի քանի օր նստացնելու է Խաչատուրովին, որ «խոսի», ինչպես է մեկը մյուսին հորդորում՝ բա Խաչատուրովի տեղակալը, բա Սեյրան Օհանյանը, դրանց էլ է պետք բռնել։ Թե ինչ բառերով ու արտահայտություններով են քննարկում քրգործի մանրամասները, ինչն են ապացույց համարում։ Ինչպես է Սասուն Խաչատրյանը հույսեր կապում Խաչատուրովի ձերբակալության հետ, «որ նստացնենք սաղ կգրեն» եւ այլն։ Սա մեր երկրում տիրող իրավական բեսպրեդելի մասին է խոսում։ Մեկ այլ բացահայտում եւս․ պարզվում է, որ իրավական հարցերը Սասուն Խաչատրյանը քննարկում է ՔՊ-ին հարող փաստաբան Վահե Գրիգորյանի հետ։ Որտեղ Վանեցյանը կասկած է հայտնում եւ հորդորում Խաչատուրովին չբռնել՝ դա ռուսների հետ հարաբերությունները կվատացնի, ՀՔԾ պետն ասում է՝ խոսիր վարչապետի հետ, վարչապետն ասել է՝ փակիր Խաչատուրովին։



Չորրորդ հետեւությունը․Չորս ամիս հնչած հայտարարությունները, թե՝ վենդետա չի լինելու, ով մեղավոր է միայն նա պետք է պատասխան տա, միայն իրավական գործընթացների արդյունքում, Բաղրամյան 26-ից դատավորներին այլեւս զանգեր չեն արվում, ռուս-հայկական հարաբերություններն իդեալական են, իշխանության ճյուղերը տարանջատված են․․․այս բոլորը կեղծ է, անհիմն, մարդկանց աչքերին թոզ փչելու համար ասված։



**Սեյրան Ստեփանյան**



_պատմաբան_