Սերն անցողիկ է

Սերն անցողիկ է
Ժողովրդական զանգվածների սերը որքան հաճելի, նույնքան անցողիկ երեւույթ է։ Շատերն են այս շրջանում հիշում, թե ինչպես էին մարդիկ պաշտամունքի հասնող սեր ու հարգանք տածում 90-ականների սկզբին Լեւոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ եւ ինչպես մի քանի տարի անց սկսեցին «մերժել», իսկ 1996-ին ուղղակի նրա դեմ քվեարկեցին։ Ոչ ոք չի մոռացել, թե ինչպես 1988-ին Օպերայի հրապարակում սուլեցին Կարեն Դեմիրճյանին՝ նրա «Ղարաբաղը գրպանումս չի, որ հանեմ տամ ձեզ» արտահայտության համար, եւ ինչ սիրով ու հիացմունքով ընդունեցին 1997-ին նրա վերադարձը մեծ քաղաքականություն եւ ինչ մեծ ցավ ապրեցին 99-ին՝ նրա մահվան առիթով։



Նույնկերպ 96-97-ին ի խորոց սրտի Լեւոն Տեր-Պետրոսյանին «մերժած» ժողովուրդն ինչպես 2007-2008-ին ցնծությամբ ընդունեց նրա վերադարձը եւ ինչպես կրկին վստահեց նրան։ Սիրո եւ ակնածանքի հեղեղն իր վրա զգացել է նաեւ Ստեփան Դեմիրճյանը, որի ոտքերի առաջ գառներ էին մորթում 2003 թվականին, Րաֆֆի Հովհաննիսյանը, ում ձեռքսեղմումը ջերմացնում էր մարդկանց հոգիները, եւ նրանք 2013 թվականի նախագահական ընտրություններում, պաշտոնական տվյալներով, 540 հազար քվե տվեցին նրան։ Ժողովրդի սիրո եւ հարգանքի թիրախներից է եղել նաեւ Զարուհի Փոստանջյանը, ում ելույթներով եւ խիզախությամբ հիանում էին մարդիկ վերջին տարիներին։



Այդ սերն ու հիացմունքն իրենց վրա զգացել են նաեւ Ժիրայր Սեֆիլյանը, «Սասնա ծռերը», Հաց բերողը, ուրիշներ։ Մի բան պարզ է, որ հասարակությունը հերոսների, սիրո թիրախի, հիացմունքի ու պաշտամունքի առարկայի կարիք ունի միշտ։ Թիրախներն ու հերոսները փոխվում են, սիրո եւ հարգանքի ուժը մնում է։ Բայց պատմություն իմացող խելացի մարդիկ հասկանում են, որ այդ սիրուց չի կարելի շլանալ, չի կարելի հեռուն գնացող եւ երկարաժամկետ հետեւություններ անել։