Ռոբերտ Քոչարյանը կմնա՞ ազատության մեջ․ Վճռաբեկ դատարանը՝ փորձության առջեւ

Ռոբերտ Քոչարյանը կմնա՞ ազատության մեջ․ Վճռաբեկ դատարանը՝ փորձության առջեւ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումն ու ազատ արձակումը շարունակում է մնալ հանրային ուշադրության կիզակետում։ Ապրիլյան հեղափոխությանն աջակցած քաղաքական-հասարակական գործիչները հաճախ են հնչեցնում այն տեսակետը, որ եթե Ռոբերտ Քոչարյանն իրեն առաջադրված այնպիսի լուրջ մեղադրանքով, ինչպիսին ՀՀ քրեական օրենսգրքի 300․1-ին հոդվածի 1-ին մասն է (այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ՀՀ սահմանադրական կարգը տապալելը), շարունակում է մնալ ազատության մեջ, ուրեմն դեռ տեղի չի ունեցել հեղափոխություն։ Շարքային քաղաքացիներն էլ փորձում են առանց իրավաբանական խուճուճ ձեւակերպումների մեջ խորանալու հասկանալ, թե ինչ կարող է արժենալ 10 տարի պաշտոնավարած, ֆինանսական խոշոր ռեսուրսների տիրապետող Ռոբերտ Քոչարյանի կալանավորումն ու ազատ արձակումը մեր պետության վրա։ Օգոստոսի 22-ին հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշման դեմ գլխավոր դատախազության ներկայացրած բողոքը մուտքագրվել է Վճռաբեկ դատարան։ Գլխավոր դատախազությունը պահանջում է բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը։ Գլխավոր դատախազությունը չի հրապարակել բողոքարկման հիմքերը։



«Ձեռքերը ծալած» չեն նստել նաեւ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները, որոնք եւս բողոք են պատրաստում՝ ուղղելու Վճռաբեկ դատարանին։ Եվ եթե նկատի ունենանք, որ Քրեական դատավարության օրենսգրքով բողոքի քննարկման առավելագույն ժամկետը երեք ամիսն է, ապա նա այդ ընթացքում այս կամ այն կերպ փորձելու է ազդել քաղաքական եւ իրավական գործընթացների վրա։ Մարտի 1-ի գործով մի շարք քաղբանտարկյալների, ինչպես նաեւ՝ «Սասնա ծռեր» խմբի անդամների իրավունքները պաշտպանած հայտնի փաստաբան Հարություն Բաղդասարյանը քանի որ չգիտեր, թե երկու կողմերն էլ ինչ հիմքերով են բողոք ներկայացրել Վճռաբեկ դատարան, ապա ենթադրաբար ասաց, թե ինչ հիմքերով կարող են բողոք ներկայացնել Վճռաբեկ դատարան։ «Այստեղ կա սկզբունքային հարց՝ արդյո՞ք Վերաքննիչ դատարանն իրավասու էր անձեռնմխելիության հիմքով ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին։ Վերաքննիչ դատարանը Քրեական դատավարության օրենսգրքի 288 հոդվածով (Որպես խափանման միջոց կալանքն ընտրելու կամ չընտրելու վերաբերյալ որոշման օրինականության եւ հիմնավորվածության դատական ստուգումը) կարող է խափանման միջոցը ընտրել կամ երկարացնել, վերացնել, ազատ արձակել կամ բողոքը թողնել առանց քննության։ Ես ծանոթ չեմ, թե Վերաքննիչ դատարանը որ հիմքով է կայացրել որոշում, բայց ենթադրում եմ, որ հիմքով էլ կայացրած լիներ, օրենքում նշված չէ իմունիտետի հարց։ Օրենքում նշված չէ, որ Վերաքննիչ դատարանը կարող է անձին ազատ արձակել՝ հիմք ընդունելով իր իմունիտետը։ Ես կարող եմ ենթադրել, որ գլխավոր դատախազությունը որպես հիմք ընդունել է այն դրույթը, որ Վերաքննիչ դատարանը դուրս է եկել իր իրավասությունների շրջանակներից, մինչդեռ Սահմանադրությամբ պետական մարմինները կարող են անել այն, ինչ նախատեսված է օրենքով եւ Սահմանադրությամբ։ Իսկ օրենքով եւ Սահմանադրությամբ Վերաքննիչ դատարանին այդ լիազորությունը տրված չէր։ Ես ենթադրում եմ, որ հիմքերից մեկը դա կարող է լինել»,- ասաց փաստաբանը։ Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ Վճռաբեկ բողոք ներկայացնելուն, ապա փաստաբանը կարծում է, որ նրանք կարող են իրենց պաշտպանյալի արարքի մեջ հանցակազմի բացակայությունը հիմնավորել, իսկ այդ արարքը չի համընկնում Քրեական օրենսգրքով նախատեսված դրույթների հետ։ Եվ քանի որ հիմքերից մեկն էլ, ըստ փաստաբանի, այն է, որ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանը, մնալով ազատության մեջ, կարող է ազդել իրավական գործընթացների վրա, ընդհանուր իրավասության դատարանն այդ հիմքով է կալանքը որպես խափանման միջոց ընտրել։



«Պաշտպանական կողմն էլ կարող էր հիմք ընդունել այն, որ Ռ․ Քոչարյանի արարքը չի համարվում վտանգավոր հանցագործություն, եւ այդ հիմքով նա չէր կարող կալանավորվել։ Ես ո՛չ մեկի, ո՛չ մյուսի բողոքներին ծանոթ չեն, քանի որ կալանավորման գործընթացը տեղի է ունենում գաղտնի, դռնփակ դատավարական կարգով։ Եվ այս առումով քանի որ ոչ ոք տեղեկատվությունը տարածելու իրավունք չունի, մնում է եզրակացություններ անել»,- մեզ հետ զրույցում նշեց փաստաբանը։ Հարություն Բաղդասարյանը կարծում է, որ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք չպետք է առաջադրվեր միայն Մարտի 1-ին սահմանադրական կարգը տապալելու հիմքով, որովհետեւ պաշտպանական կողմը նշում է, որ այն ժամանակ ՀՀ քրեական օրենսգրքի 300․1 հոդվածը գոյություն չուներ, այն ընդունվել է 2009թ․։ «Ես ենթադրում եմ, որ Ռոբերտ Քոչարյանին կարելի էր մեղադրանք առաջադրել նաեւ սպանության կազմակերպման հիմքով, իսկ այդ առումով դա ոչ մի իմունիտետի դաշտ չի մտնում, որովհետեւ եթե նրան նախկին Սահմանադրության 56․1 հոդվածով (Հանրապետության Նախագահն անձեռնմխելի է: Հանրապետության Նախագահն իր լիազորությունների ժամկետում և դրանից հետո չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել իր կարգավիճակից բխող գործողությունների համար: Իր կարգավիճակի հետ չկապված գործողությունների համար Հանրապետության Նախագահը կարող է պատասխանատվության ենթարկվել իր լիազորությունների ավարտից հետո) կանչեին պատասխանատվության, ոչ մի սպանություն չէր կարող մտնել նախագահի իրավազորությունների շրջանակ։ Եթե այդ հոդվածով կանչեին նրան պատասխանատվության, ապա ոչ մի դատարան էլ հնարավորություն չէր ունենա խափանման միջոցը փոխելու։ Այս ճանապարհով գործի քննություն իրականացնելու եւ մեղադրանք առաջադրելու պայմաններում ակնհայտ է, որ Ռոբերտ Քոչարյանը կմնար կալանքի տակ։ Փաստաբանը նկատում է, որ նախկին Սահմանադրության հոդված 57-ը (Հանրապետության Նախագահը կարող է պաշտոնանկ արվել պետական դավաճանության կամ այլ ծանր հանցագործության համար: Հանրապետության Նախագահին պաշտոնանկ անելու հարցի մասին եզրակացություն ստանալու համար Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ դիմում է սահմանադրական դատարան:



Հանրապետության Նախագահին պաշտոնանկ անելու մասին որոշումը սահմանադրական դատարանի եզրակացության հիման վրա կայացնում է Ազգային ժողովը՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով: Եթե սահմանադրական դատարանի եզրակացությամբ Հանրապետության Նախագահին պաշտոնանկ անելու հիմքերը բացակայում են, ապա հարցը հանվում է Ազգային ժողովի քննարկումից) հակասության մեջ է մտնում 56․1-ի հետ։ Ինչ վերաբերում է ապագա զարգացումներին, ապա Հարություն Բաղդասարյանը ենթադրում է, որ Վճռաբեկ դատարանը Ռ․ Քոչարյանի գործը չի ընդունի վարույթ, կասի, որ բողոք բերողները չեն ապահովել օրենքով նախատեսված պահանջները, եւ որպեսզի իր համար գլխացավանք չառաջացնի, կմերժի վարույթ ընդունելը։ Նրա կարծիքով՝ Վճռաբեկ դատարանը կմերժի թե՛ գլխավոր դատախազության, թե Ռ․ Քոչարյանի պաշտպանների բողոքը։ Իսկ վարույթ ընդունելու դեպքում էլ, ըստ մեր զրուցակցի, բողոքները կքննարկվեն երկար ժամկետում։



**Թագուհի Հակոբյան**