Ովքեր չեն մասնակցելու Երեւանի ավագանու ընտրություններին եւ ինչու

Ովքեր չեն մասնակցելու Երեւանի ավագանու ընտրություններին եւ ինչու
Այսուհետ քաղաքական ուժերը տրտնջալու իրավունք չունեն։ Նախկին իշխող Հանրապետական կուսակցության մենաշնորհից ազատվելուց հետո Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած քաղաքական ուժերի ներկապնակը բավականին խայտաբղետ է։ Տարիներ շարունակ լուսանցք մղված, այս կամ այն քաղաքական ուժի կցորդը դարձած կուսակցություններն են նույնիսկ հիշեցնում իրենց մասին։ Արդեն հայտնի է, որ ընտրություններին մասնակցելու են իշխանական «Քաղաքացիական պայմանագիր», «Բարգավաճ Հայաստան», «Ժառանգություն», Ռեֆորմիստներ, «Երկիր ծիրանի», «Ժողովրդական ուղի», «Լուսավոր Հայաստան» եւ «Հանրապետություն» (միասին առաջադրել են մեկ թեկնածու), Հայոց համազգային շարժում, «Օրինաց երկիր», Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցությունները, «Երեւանի հանրություն» նախաձեռնությունը եւ «Գալա»-ն համատեղ։ Այս առումով էլ հետաքրքիր եւ թեժ ընտրարշավ է սպասվում, եթե նկատի ունենանք, որ առաջադրված քիչ թե շատ հայտնի, մարդկային եւ ֆինանսական լուրջ ռեսուրսների տիրապետող կուսակցությունները փորձարկելու են իրենց ուժերը՝ ԱԺ ապագա ընտրություններում մասնակցության ձեւաչափերում կողմնորոշվելու համար։ Սակայն որքան Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած քաղաքական ուժերի, նրանց ցուցակները գլխավորող անհատների հավակնություններն են հետաքրքիր, նույնքան էլ հետաքրքիր է որոշ քաղաքական ուժերի՝ ընտրություններին չմասնակցելը։



Դեռեւս երեք ամիս առաջ իշխանության «առյուծի բաժինն» իր ձեռքում կենտրոնացրած, ֆինանսական եւ վարչական ահռելի ռեսուրսների տիրապետող Հանրապետական կուսակցությունը, որի ղեկավարները խոստանում էին, թե առաջիկա տարիներին էլ իշխանությունը ձեւավորվելու է Մելիք-Ադամյանում, ՀՀԿ-ական քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո որոշեց չմասնակցել Երեւանի ավագանու ընտրություններին։ Եվ սա այն դեպքում, երբ դեռ նրանք ԱԺ-ում մեծամասնություն են կազմում, ելույթներ ունենում, հայտարարություններ անում։ Նոնսե՞նս է։ Նոնսենս կարող էր լինել ժողովրդավարական երկրներում, որտեղ հանկարծահաս հեղափոխությունները եւ ժողովրդավարական ընդվզումները չեն խառնում տասնամյակներ իշխող քաղաքական ուժի խաղաքարտերը՝ նրանց արժանացնելով հանրային պարսավանքի եւ նրանց նկատմամբ ձեւավորելով ատելության մթնոլորտ։ Մյուս «նոնսենսը» վերաբերում է «Հայ ազգային կոնգրես» կուսակցությանը, որը տարիներ շարունակ բազմամարդ հանրահավաքներ էր հրավիրում, ՀՀԿ-ական ռեժիմը տապալելու ճոխ խոստումներ տալիս քաղաքագիտական խորը գիտելիքներ չունեցող, բայց ըմբոստ եւ ամեն գնով պայքարի պատրաստ ՀՀ քաղաքացիներին։ 2017թ․ ապրիլի 2-ին ԱԺ ընտրություններում ձախողվելուց հետո ՀԱԿ-ն այդպես էլ խզեց իր կապն ընտրողների հետ՝ հավանաբար սպասելով, որ կգան լավ ժամանակներ, եւ ինքն էլ կրկին տեղ կունենա ԱԺ-ում։



Ապրիլյան հեղափոխությունից հետո նրանք, իհարկե, փորձեցին սատարել նոր եւ երիտասարդ իշխանություններին՝ երբեմն էլ հանդես գալով խորհրդատուի դերում։ Երեւանի ավագանու ընտրություններին ընդառաջ, երկար քննարկումներից հետո, Հայ Ազգային Կոնգրեսը որոշել է չառաջադրվել Երևանի Ավագանու առաջիկա ընտրություններին՝ ի աջակցություն ապրիլյան հեղափոխությունը առաջնորդած ուժի որդեգրած քաղաքական գծի։ Երեւի ՀԱԿ-ի «մխիթարանքը» այս պարագայում մնում է այն, որ Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու են ժամանակին իր հետ դաշինքում համատեղ ճանապարհ անցած, իսկ հետագայում այդ դաշինքից «պոկված» «Քաղաքացիական պայմանագիր», Հայոց համազգային շարժում, «Հանրապետություն», «Ժողովրդական ուղի» կուսակցությունները։ Ճակատագրի հեգնանքն է գուցե, որ ընտրապայքարից դուրս մնացին ՀՀԿ-ն եւ նրա դեմ տարիների հոգեմաշ պայքար մղած ՀԱԿ-ը։



**Թագուհի Հակոբյան**