Որո՞նք են երիտասարդության խնդիրները

Որո՞նք են երիտասարդության խնդիրները
Օգոստոսի 12-ը երիտասարդության միջազգային օրն է։ Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների ֆոնին հայ երիտասարդների նշանակությունը արժևորվեց մի նոր ձևով։ Սակայն երիտասարդությունն էլ ունի իր խնդիրները։



Ռեստարտ նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանի խոսքով՝ երիտասարդների տարբեր խմբերի համար տարբեր խնդիրներ կան՝ լավ կրթություն, զբաղվածություն և այլն․ «Միանշանակ այդ հարցին պատասխանելը բարդ է, քանի որ Երևանի երիտասարդի դեպքում և որևէ մարզի երիտասարդի դեպքում տարբեր են այդ խնդիրները։ Օրինակ՝ մի խումբ երիտասարդների համար խնդիր է որ իրենք չեն կարող իրենց ուզած մասնագիտությամբ լավ կրթություն ստանալ այստեղ , ստիպված փորձում են դրսում որևէ ուսումնական հաստատություն ընդունվել, իսկ դա հեշտ բան չէ։ Այսինքն՝ համալսարաններում կրթության ոչ բարձ որակն ու դրա հետ կապված կրթական խնդիրները ։ Երիտասարդների մյուս խմբի համար խնդիր կարող է լինել աշխատանքը իրենց մասնագիտությամբ, այսինքն՝ իրենց մասնագիտությամբ կիսատ կրթություն են ստանում, հետո չեն կարողանում աշխատանք գտնել, դա էլ արդեն սոցիալական հարցեր է բերում, զբաղվածության հարց է բերում։ Իսկ որպես սուբյեկտիվ պայման կարող եմ նշել երիտասարդների շրջանում որոշ դեպքերում արարելու, ստեղծելու ձգտման բացակայությունը»։



Վարչապետի աշխատակազմի ղեկավարի օգնական Տիգրան Մուղնեցյանի խոսքով՝ Հայաստանում երիտասարդները նախ և առաջ ունեն ինքնիրացման խնդիր․ «Իմ ընկալմամբ՝ երիտասարդության, մասնավորապես, ՀՀ երիտասարդության գլխավոր խնդիրը ինքնիրացման խնդիրն է: Խնդիրը հետևանք է մի շարք խնդրահարույց ոլորտների՝ կրթության, սոցիալական երաշխիքների, իրավական ու արժեքային համակարգի: Ու ինչքան վերոնշյալ ոլորտներում առկա են խրոնիկ թերացումներ, այնքան երիտասարդության համար խոչընդոտ է դառնում հնարավոր ինքնաիրացումը: Այս խնդիրն էլ իր հերթին թափանցում է թե հասարակաքաղաքական կյանք, թե կենցաղ: Այստեղից է, որ առօրյայում բախվում ենք քաղաքական և քաղաքացիական ապատիային, իրավահարաբերությունների ցածր մակարդակին և անգամ արտագաղթին: Ամեն դեպքում այս խնդիրը մասնակիորեն լուծելու համար բավարար է հասարակությունն ավելի բաց դարձնելը»:



Փոխվարչապետի օգնական Միքայել Նահապետյանն էլ կարծում է, որ լավ կրթության համար շատ հաճախ ավելի շատ աշխատանք է կատարվում, քան հետո դրա դիմաց վարձատրություն․ ․ «Լավ կրթություն ստանալու համար անմարդկային զրկանքներ ենք կրում երբեմն, հեռանում երկրից, փոխում միջավայրը: Ու մի օր, երբ հետ ես նայում ու տեսնում թե ինչքան բան ես զոհաբերել` դրա դիմաց ստացածդ անարդարացիորեն քիչ է լինում հայրենիքում: Կարծում եմ սա պետության խնդիրն է: Իհարկե, ոչ մի տեղ գիտելիքը խողովակով չեն բերում բոլորին հավասարաչափ լցնում, բայց ջանք-արդյունք հարաբերակցությունը արդարացի պետք է լինի: Եթե էս հարցը լուծենք` հաշվեք հեղափոխությունը գլուխ է եկել»: