Ինչո՞ւ է ծուլացել ՃՈ-ն

Ինչո՞ւ է ծուլացել ՃՈ-ն
Հեղափոխությունից հետո Ճանապարհային ոստիկանությունն ասես թամբալացել է, և դա հասարակությունն իր մաշկի վրա շատ լավ զգում է։ Շատ վարորդների մոտ կարծես դեռ չի մարել հեղափոխական էյֆորիան, և նրանք իրենց զգում են ասես հեղափոխության օրերին, երբ երթևեկությունը բարձիթողի վիճակում էր, շունը տիրոջը չէր ճանաչում, ՃՈ-ն փաստացի անգործության էր մատնվել, և ով ինչպես հասցնում, վարում էր։ Թվում էր՝ իշխանափոխությունից հետո ամեն ինչ կկարգավորվեր, բայց մարդիկ շարունակում են դժգոհել ՃՈ աշխատանքից, որ չի կարողանում պատշաճ վերահսկողություն սահմանել երթևեկության մասնակիցների նկատմամբ և ապահովել երթևեկության անվտանգությունը։ Հատկապես ամառվա այս օրերին բարդ է իրավիճակը Երևան-Սևան մայրուղում, որն ուղղակի լեփ-լեցուն է ավտոմեքենաներով։ Սևանից վերադառնալիս վարորդների մեծ մասը ալկոհոլ օգտագործած վիճակում է լինում, և երթևեկությունն այս ճանապարհին մեղմ ասած՝ անվտնագ չէ։ Այս ամենը կարգավորելու համար պետք է գործի անցնի Ճանապարհային ոստիկանությունը, բայց շատերն են նկատել, որ Սևանից Երևան ընկած հատվածում ժամերով որևէ ճանապարհային ոստիկան չի հանդիպում, որ գոնե իր ներկայությամբ զգաստացնող դեր խաղա անկարգապահ վարորդների համար։



Սա ունի իր «օբյեկտիվ» պատճառները։ Նախ՝ ՃՈ մեքենաների համար տրամադրվող բենզինի քանակը բավականին քիչ է, և տեսուչները մի քանի կմ վարելուց հետո, երբ բենզինը վերջանում է, կանգնում են փաստի առաջ՝ կա՛մ պիտի այլևս չվարեն մեքենան ու չշրջեն փողոցներով, կա՛մ իրենց գրպանից բենզին լցնեն։ Առաջ այդ խնդիրը նրանք լուծում էին «լևի» փող աշխատելով։ Դրա համար էլ այդքան ակտիվ էին ճանապարհներին՝ տեղի-անտեղի կարող էին մեքենաները կանգնեցնել ու վարորդներից գումար «պլոկել»։ Այդ գուրմարներով նրանք և՛ իրենց բենզինի հարցն էին լուծում, և՛ «վերևներին» էին մուծվում, և՛ իրենց էր տակը մի բան մնում։ Հիմա, երբ հատկապես ակտիվ պայքար է սկսվել կոռուպցիայի դեմ, և ոչ ոք արդեն չի համարձակվում վարորդներից անտեղի փող պոկել, տեսուչները ծուլացել են ու այլևս չեն ցանկանում երկու մետր ավելի քշել, ավելի ջանք գործադրել, որ ապահովեն երթևեկության անվտանգությունը։ Վարորդներն էլ այս «արտոնյալ» վիճակից լիուլի օգտվում են։ Առաջացած խնդիրների, բարձրացված դժգոհությունների ու բողոքների մասին տեղակ են ՃՈ-ում, որոշ հարցերում գուցե համաձայն չեն, բայց, ընդհանուր առմամբ, ընդունում են, որ կա խնդիր երևեկության անվտանգության ապահովման հարցում։ ՃՈ-ից մեզ վստահեցրին, որ այս օրերին մենք կտեսնենք փոփոխություն հատկապես Երևան-Սևան մայրուղում՝ սկսելու են ուժեղացված ծառայություն իրականացնել, կարող է նաև ցանկացած մեքենա կանգնեցնեն և ուղղակի ստուգեն՝ կապ չունի խախտում կատարել է, թե ոչ։



Բայց օրերն անցնում են, խստությունը դեռ չենք նկատում։ Այս ամենին զուգահեռ՝ ՃՈ-ում անցել են նաև նախազգուշացումների և մեղմ վարչարարության ռեժիմի։ Օրինակ՝ այն խախտումները, որոնք ուղղակիորեն կապված չեն երթևեկության անվտանգության հետ, ՃՈ տեսուչները հայտաներվելու դեպքում բավարարվում են միայն նախազգուշացմամբ՝ ակտ չեն գրում։ Օրինակ, եթե տեսնեն տեխզննման կտրոնը փակցված չէ, չեն տուգանի, ուղղակի կնախազգուշացնեն։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**