Չարագործությո՞ւն, թե՞ պետական չտեսություն

Չարագործությո՞ւն, թե՞ պետական չտեսություն
Օրերս Նիկոլ Փաշինյանը լրագրողներին տված հարցազրույցի ժամանակ ասաց, որ ինքն օր օրի սահմռկում է կատարվող բացահայտումներից։ Ստացվում է, որ նորանկախ Հայաստանի իշխանություններն իրենց «պետական» նպատակներով նաեւ ամբողջովին մութ անտառ են եղել «իրենց» ժողովրդի համար։ Այն հանգամանքը, որ այդ իշխանությունների կողմից մեր պետությանը տված վնասները, մեծ հաշվով, միայն նյութական չեն եղել, ու մենք այդ տեսանկյունից կասկածանքով ենք դեռեւս դրան նայում, ոչ պակաս սահմռկեցնող է։



Լավ, ինչպե՞ս եղավ, որ արծիվներն ու բուերը կոկորդիլոսի ձագեր հանեցին։ Թուխս նստած Հայաստանի տակի ձվերը փոխե՞լ էին, թե՞ ուղղակի այս ամենը պետական չտեսություն է, եւ առանց բարեկամ պետության հսկողության մենք մեզ խելոք չենք կարող պահել մեր տանը, թե՞ եղածը հին ազգի ծերունական տկարության հետեւանք համարել։ Չէ՞ որ ազգային գիտակցությունը մեր բոլորիս արյան մեջ պետք է լիներ։



Եթե միայն գրանտները պետք է մեր մեջ ազգային ինքնագիտակցություն արթնացնեն, նշանակում է, որ այն շատ խորն է քնած կամ էլ անհույս վնասված է։ Առաջին հայացքից թվում է, թե, ըստ մեր իշխանությունների պատկերացման, վարչարարությունը բոլորին խաբելը, ամեն ինչ կեղծելն ու գողանալն է եղել։ Մի երկիր, որը չի կարողացել բաց հասարակություն ձեւավորել ու թողել է, որ պետությունն ու պետականությունը միայն երկրի նախագահի գործը դառնան, ուրեմն նա իր իսկ պետության դրոշի ներքո, ներքին թշնամիների կողմից բռնազավթված է եղել։ Իշխանությունը պետք է ժողովրդինը լիներ, որ երկիրն էլ ժողովրդավարական լիներ։ Կոմիտասն ասում էր՝ լավ երգելը միայն ժողովրդից կարելի է սովորել։ Դե ինչ՝ Աստված թող մեզ արդեն լավ լսողություն տա։



Հիմա վերադառնանք մեր կոկորդիլոսներին։ Երբ նայում ես դրանց սեւ խոռոչ հիշեցնող բերաններին, մտածում ես՝ կարո՞ղ է սրանց աչքն էն գլխից Մասիս սարի վրա է եղել։ Սարսափելի է։ Իսկ եթե ոչ թե թուխս նստած Հայաստանի տակի ձվերն են նենգափոխել, այլ մեր ազգային գենն է արդեն վնասվել, ի՞նչ պետք է անել։ Նման դեպքերում բնությունն իր լուծումն է առաջարկում։ Կենսաբանության մեջ այն կոչվում է սամուրայի օրենք։ Ըստ այդ օրենքի՝ բջջի գենետիկան անդարձելիորեն վնասվելուց հետո գործում է մի գեն, որը ձեռնարկում է բջջի ինքնասպանության գործընթացը, այսինքն՝ բջիջը սամուրայի նման եթե պարտվում է, խարակիրի է անում։ Չէ, սա հուսալքությունից ծնված, տխուր, դաժան ու անմխիթար գաղափար է։ Ինչպես տեսաք, մեր թավշե հեղափոխությունը թույնի բաժակը մեր շուրթերից հեռացրեց։



Պերճ Զեյթունցյանն իր «Արշակ Երկրորդ» վեպում փորձել է պատասխանել մի մեծ հարցի, թե ինչու հայկական կայուն պետականություն ստեղծելը մեր ազգին չի հաջողվում, որտե՞ղ է թաքնված դրա պատճառը։ Պարտվողական, թերացող ու սխալական իշխանություններ ու իշխանավորներ մեր ազգը շատ է տեսել, բայց մտածված ու ծրագրավորված ազգասպան իշխանություն… դա մերը չէ։ Պետք է առաջ գնալ ու լավ օրվա համար պայքարել, այլապես մի Նիկոլ էս գժանոցին ի՞նչ կանի։ Նրա պաշտոնական մենությունը լավ բանի նշան չէ։



Սինգապուրի պես պետությունն անցյալ դարի 60-ականներին, իր կազմավորման շրջանում, Մխիթար Գոշի «Դատաստանագրքի» դրույթներից օգտվեց՝ իր քրեական օրենսդրությունը մշակելու համար։ Իսկ նորանկախ Հայաստանի Քրեական օրենսգիրքն իր դաչայում նկարեց Աղվան Հովսեփյանը՝ հայելու մեջ նայելով։ Ըստ այդ օրենսգրքի՝ եթե ԵԿՄ-ի Մանվելն ապրիլյան պատերազմի ժամանակ սուտ հայտարարություն է տալիս, որ իբր 2 հազար 500 երկրապահ կամավորականներից կազմված բանակը դեսանտ է իջել առաջնագծում՝ մեր զինվորներին օգնելու համար, ու համապատասխան քանակի զենք ու սննդամթերք է կորզում պատկան կառույցներից, բայց իր նկուղներն է դրանցով լցնում ու արջերին է միայն կերակրում եւ մի աման «տուշոնկա» անգամ չի տալիս իր մարտական ընկերոջը՝ Սեյրան Սարոյանին, կարող է մեղադրվել միայն «տուշոնկա» գողանալու հոդվածով եւ ոչ թե պետական դավաճանության։



Ինչքան էլ գիտությունը զարգացած լինի, հայերիս ազգային ինքնագիտակցությունը թորել կամ նորը սինթեզել հնարավոր չէ։ Աշխարհում չես գտնի մի ազգ, որ Նոյի թվից ապրի իր հողի վրա, իսկ Նիկոլի թվին ուրիշներից այդ հողի վրա ապրելու համար իրավունք խնդրի։ Ես չգիտեմ աշխարհում մի ազգ, որի Վաչոն միլիարդների դեզերի մեջ քնի, իսկ գիտնականը՝ պատերի տակ։ Ուղտին ասին՝ վիզդ ծուռ է...։



Հայաստանի հոմեոստազը ո՛չ ներդրումային հաբերը կփրկեն, ո՛չ հանքարդյունաբերական քիմիաթերապիան, ո՛չ տուրիստական մարմնամարզությունը, ո՛չ էլ նախընտրական յոգան։ Հայաստանի ոտքի տակ օճառ դնողները միանշանակ դրսից են եղել։ Նրանց ծրագիրն է եղել Հայաստանի գիտական ներուժի կրողներին, մտավորականությանն ու մանր ու միջին ձեռնարկատերին դուրս մղել մեր տնտեսաքաղաքական կյանքից, աճեցնել քաղաքական խամաճիկներ, սպանել ժողովրդավարությունը եւ մեր պետական անվտանգությունն առկախել ուրիշ երկրներից՝ գաղութացնելով մեր երկիրը։ Մեկն ասել է, որ պատերազմելուց ավելի վատ է, երբ Ռուսաստանը բարեկամություն է անում։ Ոչինչ ոչ մի գնով չենք կարող փոխել։ Մենք պետք է փոխվենք ու մեր միամիտ, ազգային մարդասիրական-գաղափարականը դարձնենք գործնական-տրամաբանական։



Իմ հինգ մատների պես գիտեմ Հայաստանի տնտեսությունն ու շուկան։ Մեր նորաբաց ձեռնարկությունում համախմբվել են մասնագետներ, որոնք ժամանակին մեծ արտադրություններ են ղեկավարել, գյուտարարներ են ու վաստակաշատ գիտնականներ։ Ունենք մեծ ծրագրեր, որոնց կատարման համար չնչին գումարներ են պահանջվում։ Օրինակ՝ կարող ենք նանոգրաֆեն արտադրել, որի համար աշխարհը «գյուլլա» է գցում։ Երեւանի ամենաբարձր ու ամենագեղեցիկ բնակելի շենքերը մեր տեխնոլոգիաներով արտադրված շինանյութերով են կառուցվել, որոնց հաշվին 3 անգամ կրճատվում են կառույցի ծախսերը։ Բայց ի՞նչ անենք։ Սերժ Սարգսյանի օրոք անիմաստ կլիներ որեւէ բան ձեռնարկելը, իսկ հիմա բոլորը գող են բռնում, ոչինչ դեռեւս չեն հասցրել անել, որպեսզի վարկի հարցեր լուծվեն, մեզ համար էլ աշխատանքն ու բիզնեսը հասանելի լինեն։



Փորձեցինք համագործակցել նոր տեխնոլոգիաների մշակումով զբաղվող արդեն կայացած ձեռնարկությունների հետ։ Այ, այստեղ Նիկոլը կսահմռկեր այնպես, որ մարմինը դող կընկներ։ Ուրեմն իշխանությունները գտել են հնարամիտների, որոնք կեղծ, ապագիտական ծրագրեր ներկայացնելով՝ մրցույթներ են շահել՝ ինչ-որ բաների ստացման արտադրական տեխնոլոգիաներ մշակելու համար։ Տարիներով գումարներ ստացել ու կերել են երկրի պետբյուջեից՝ դիմացը ձեւականորեն որոշ աշխատանքներ կատարելով։ Այնուհետեւ ստացել են մի ինչ-որ բան, իբր սպասվածից հազար անգամ առավել, որի արտադրությունը կազմակերպելու համար իբր տասնյակ միլիոն դոլարների ներդրումներ են պետք, ու վերջիններս իբր ներդրողների են սպասում, որ «փրկեն» Հայաստանի տնտեսությունը։ Այս ճանապարհով մեր պետբյուջեից վագոններով փողեր են արտահոսել ու հանգրվանել իշխանավորների գրպաններում, իսկ իսկական, անաչառ մասնագետներն ու ձեռնարկություններն իրենց ծրագրերով «բորտին» են մնացել։ Այսինքն՝ ոչ մի տարբերակ ու բնագավառ չի անտեսվել մեր նորանկախ, համայն հայության դարավոր երազանք ու հայերին տուն կանչող՝ փարոս հանդիսացող Հայաստանի «անձնվեր ու հայրենասեր» իշխանությունների ու նախագահների կողմից, որպեսզի գործի դրվեր մեր ժողովրդին տրորելու եւ սպանելու քաղաքականությունը, որպեսզի ողջ աշխարհն ու Սփյուռքը հիասթափվեին Հայաստանից։



**Վահան ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ**



**«Գրավիտոն» ՍՊԸ տնօրեն**