Ետ տվեք մեր խաղահրապարակը

Ետ տվեք մեր խաղահրապարակը
Մաշտոցի 7 շենքի բնակիչները, ամառ թե ձմեռ, աշխատում են պատուհանները փակ պահել։ Գարշահոտը զգում են նույնիսկ ամենավերին հարկերի բնակիչները։ Բանն այն է, որ շենքի դիմաց իրար կպած մի երկար շարքով խանութների շարասյուն է ձգվում, ծայրին էլ Ժամանակակից արվեստի թանգարանն է։ Խանութներն անվրդով իրենց բիզնես գործունեությունն են ծավալում, մինչդեռ բնակիչները ստիպված են շնչել այդ խանութների զուգարանների խողովակներից դուրս հորդող գարշահոտը։ Խանութների ու շենքի միջեւ տարածություն, կարելի է ասել, գրեթե չկա, եղածն էլ զբաղեցնում են խանութների տերերի թանկարժեք մեքենաները։



Բնակիչները գանգատվում են՝ երեխաները խաղալու տեղ էլ չունեն։ Իսկ ստեղծված իրավիճակի հիմնական մեղավոր են համարում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Շենքի հնաբնակներից Կառլեն Վարդանյանը հիշեց շենքի մուտքը փակելու պատմությունը։ Նրա խոսքով՝ դեպքը բավականին աղմկահարույց է եղել՝ ծեծկռտուք, դատարաններ, նույնիսկ կանայք պառկել են մեքենաների առջեւ։ Ըստ Վարդանյանի՝ պակաս մեղքի բաժին չունի նաեւ Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ, Ժամանակակից արվեստի թանգարանի կառավարման խորհրդի նախագահ Լեւոն Իգիթյանը․ «Շենքը նախագծել է իտալահայ հայտնի ճարտարապետ Արմեն Զարյանը։ Նախագծով նախատեսված էր, որ շենքի դիմաց պետք է այգի լինի, որտեղ պետք է տեղադրվեր Վահագնի արձանը՝ օձի կոկորդից բռնած։ Իտալահայ մասնագետ էր, նախատեսել էր, որ շենքը լինի ծաղիկներով ձեւավորված, նստարաններով, մինչեւ Մաշտոցի 9 հասցեն լինի այգի՝ գեղեցիկ թփերով ու մարմարապատ անցուղիներով։ Հանկարծ եկան քանդելու։ Զարմացանք, ամբողջ շենքով իջանք՝ էս ի՞նչ բան է։ Կռիվ սկսվեց։ Հետո պարզվեց, որ քանդողն էն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանն է։ Ստիպված՝ դատարան տվեցինք, օգուտ չտվեց, մեզ ծեծեցին, մեր հարեւաններից մեկի մատը կոտրվեց, ինչքան խուժան կար, բերեցին լցրին։ Հետո պարզվեց, որ Ռոբերտ Քոչարյանի օբյեկտն է։ Էդ քանդելուն օգնեց նկարչականի ղեկավար Լեւոն Իգիթյանը։ Եկավ, թե՝ ժողովուրդ, դա իմ համար են անում, թողեցինք։ Մեկ էլ հանկարծ Իգիթյանը եկավ, թե բա՝ ժողովո՜ւրդ, ինձ էլ է խաբել Քոչարյան Ռոբերտը՝ խանութներ է սարքում։



Տեսանք, որ շինությունը կտրատում է, Իգիթյանը հարցրեց, թե ինչու եք կտրատում, բա՝ Քոչարյանն է ասել։ Անձամբ ես ժողովրդի անունից դատարան եմ տվել՝ հավաքվեցինք տվեցինք։ Դատարանը չօգնեց մեզ, դե, էնտեղ Ռոբերտ կար, ո՞վ պիտի օգներ։ Էդպես կառուցվեց, Իգիթյանն էլ հեռուստացույցով ելույթ ունեցավ, թե՝ ժողովուրդ, ես ձեզնից ներողություն եմ խնդրում, որ ես ձեզ խանգարել եմ, ինձ էլ է խաբել Քոչարյանը, ինձ ասեց՝ աղմուկ մի արա, ժողովրդին ոտքի մի հանի, քեզ համար ենք կառուցում, հիմա էլ ասում է՝ չէ, խանութ է։ Խանութներից էլ ծանոթ տղաներ ունեմ, ասում են՝ մեզ 65 հազար դոլարով է վաճառել։ 10 խանութ 65 հազարով ծախեց։ Հարցն ավարտվեց»։



Խնդրով բնակիչները մեկ անգամ բողոքել են, խանութների սեփականատերերը, իբր, խնդիրը լուծելու նպատակով խողովակներ են տեղադրել, սակայն նույն հոտը խողովակներով է բարձրանում, ողողում ողջ շենքը։ Հարեւաններից մյուսը նույնիսկ թեմայով մի զավեշտալի պատմություն պատմեց, թե ինչպես է կողքի ռեստորանի տիրոջը խնդրել, որ ռեստորանի խոհանոցից դուրս եկող խորովածի հոտը մի կերպ ուղղի դեպի իրենց շենք, որ մի քիչ էլ լավ հոտեր շնչեն։ Երկրում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո բնակիչները հույս ունեն, որ խնդիրը կհայտնվի նոր իշխանությունների օրակարգում, ուզում են, որ խանութների վնասը հենց Քոչարյանի միջոցներից փոխհատուցվի, շենքերն էլ ապամոնտաժվեն։ Մի խոսքով՝ ցանկանում են, որ իրենց ետ վերադարձվի իրենց խաղահրապարակը։



**Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ**