Նիկոլ-Սերժ. նոր մենամարտին սպասելիս

Նիկոլ-Սերժ. նոր մենամարտին սպասելիս
ՀՀ նախագահի պաշտոնում Սերժ Սարգսյանի վերջին հայտարարությունը սա էր. «Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի»: Այս արտահայտության տակից դուրս գալը ՀՀԿ-ի համար լինելու է չափազանց դժվար, եթե չասենք` գրեթե անհնարին: Մինչեւ ԱԺ ընտրություններ դեռ բավականին ժամանակ կա, տեսնենք` ինչպես ՀՀԿ-ականները կփորձեն հաղթահարել այդ դժվարությունը, մանավանդ որ Նիկոլ Փաշինյանն է գլխավորելու «Ելքի»-ի («ՔՊ»-ի) ցուցակը, իսկ Սերժ Սարգսյանը հազիվ թե ՀՀԿ-ին առաջնորդի այդ ընտրություններում:



Մամուլի հետ շփվող ՀՀԿ-ականները վստահեցնում են, որ կուսակցությունում բարեփոխումներ են ընթանում, հստակեցվում են հոսանքները, փորձ է արվում այդ ամենից ստանալ «ոսկե միջին» հիշեցնող մի բան ու շարունակել պայքարը՝ խորհրդարանում 20-30 աթոռ զբաղեցնելու համար: Ռեա՞լ է, արդյոք, սա, այն էլ՝ 100 տոկոս համամասնական ընտրակարգի պայմաններում: Հազիվ թե:



Հայաստանյան քաղաքական դաշտում կանխագուշակությունն անիմաստ զբաղմունք է, գիտեմ, բայց չեմ կարողանում պատկերացնել, թե այդ ինչ պետք է անի ՀՀԿ-ն, որ խորհրդարանում այդպիսի ծանրակշիռ ներկայություն ունենա: Գուցե ինչ-որ բան են մտածել, ասենք, մայր գետից բաժանված առվակների, ԱԺ նախորդ ընտրություններից առաջ ՀՀԿ-ն համալրած կարապետյանական հազարավոր կադրերի, վերջապես՝ սեփական ինտելեկտուալ ռեսուրսն առաջ տալու ուղղությամբ, բայց այդ ամենն այսօր Փաշինյանը խնամքով քողարկել է հակակոռուպցիոն պայքարի անթափանց քողով եւ դժվար էլ թույլ տա որեւէ ՀՀԿ-ականի այդ քողի տակից մաքրված դուրս գալ:



Իհարկե, հետաքրքիր կլիներ հետեւել Նիկոլ-Փաշինյան-Սերժ Սարգսյան երկրորդ մենամարտին, մանավանդ որ երկու գործիչներն էլ սիրում են ընտրարշավը տանել սեփական ուսերին, միայնակ, լավագույն դեպքում` թիմը հետեւից գցած` որպես ռեկվիզիտ: Հետաքրքիր է նաեւ Նիկոլ Փաշինյանին եւ Սերժ Սարգսյանին տեսնել տեղերով փոխված` որպես իշխանություն եւ ընդդիմություն: Ժողովուրդը, սովորաբար, սիրում է ընդդիմությանը, բայց սա այդ դեպքը չէ, եւ այդ դիմակայությունը հետաքրքիր է նախեւառաջ քարոզչության առումով: Կլինե՞ն գոտկատեղից ցածր հարվածներ, թե՞ նրանք փոխադարձ ռեւերանսներով կհամեմեն քարոզարշավը, ինչպես դա անում էին հետհեղափոխական օրերին` Նիկոլ Փաշինյանին վարչապետ դարձնելու ժամանակ: Ավելի պարզեցնեմ հարցը` ՀՀԿ-ն կգնա ռեւանշի՞, թե՞ կնախընտրի Նիկոլ Փաշինյանի հետ ապրել հաշտ եւ համապատասխան թվով աթոռներ ստանալ ԱԺ-ում: Մեր կարծիքով` ԱԺ ընտրություններից հետո ՀՀԿ-«ՔՊ» կոալիցիան կարող է դառնալ Նիկոլ Փաշինյան-Սերժ Սարգսյան զույգի այս անչափ հետաքրքիր շախմատային մենամարտի փառահեղ վերջաբանը:



Այսպիսի խոսք կա` երազելը վնասակար չէ: Բայց քաղաքականությունը հենց այն ոլորտն է, որտեղ երբեք չի կարելի ասել «երբեք», որտեղ հնարավոր է ամեն բան, ընդհուպ անկարելի թվացող քաղաքական վերադասավորումներ: Երեւանի ավագանու չկայացած նիստը, որի ժամանակ պետք է քաղաքապետ ընտրվեր, հուշում է, որ ՀՀԿ-ն եւ «Ելքն» իրականում ոչ թե հակառակորդներ, այլ ոխերիմ բարեկամներ են, որոնք հաջողությամբ կարող են պայքարել ցանկացած քաղաքական ուժի (տվյալ դեպքում` «Երկիր ծիրանիի») դեմ: Իսկ ի՞նչ է հուշում Տարոն Մարգարյանի հրաժարականը, ի՞նչ է հուշում Գյումրու քաղաքապետի հավաստիացումը, որ եթե Փաշինյանը հորդորի, ինքը նույն վայրկյանին հրաժարական կտա: Այս ամենը, հավատացեք, յուրատեսակ համագործակցություն է, որովհետեւ ՏԻՄ-երի ղեկավարներն առնվազն ընտրված մարդիկ են, որոնց Նիկոլ Փաշինյանն այդքան հեշտությամբ տեղահան անել չէր կարող, եթե չասենք` իրավունք էլ չուներ:



Ե՛վ Նիկոլ Փաշինյանի, ե՛ւ Սերժ Սարգսյանի թիմերում այսօր կան շատ մարդիկ, որոնք չեն հայտնվել աղաղակող սկանդալների մեջ: Այդ մարդիկ Նիկոլ Փաշինյանի թիմում տարբեր քաղաքական ճամբարներ են ներկայացնում, իսկ ՀՀԿ-ում` մեկ կուսակցություն: Շատ հետաքրքիր վիճակ է ստեղծվում այս առումով: Փաշինյանի ճամբարի համեմատաբար լուրջ մարդիկ ընտրություններից հետո պահանջելու են կառավարությունից հեռացնել «պատահական քայլորդներին» եւ նախարարական պորտֆելները հանձնել իրենց: Սա արդեն իսկ որոշակի հակասություն է առաջացնում թիմի ներսում: ՀՀԿ-ում հակառակ երեւույթն է նկատվում` պախարակված, կոռուպցիոն սկանդալների մեջ ընկած նախկին կարող ուժերն ամեն ինչ կանեն, որ իրենց կուսակցության նոր դեմքերն արժանի ներկայություն ունենան խորհրդարանում եւ այդկերպ նաեւ «տանիք» դառնան իրենց ու իրենց որդիների բիզնեսների համար: Սա շատ հասկանալի բանաձեւ է, կարծում եմ, եթե մենք չենք մոռացել, որ Հայաստանում ենք ապրում:



Փաշինյանի դժվարություններից մեկն էլ այն է, որ նրա առաջնորդած ուժը դիտվելու է որպես պետական լծակներ տիրապետող ուժ, եւ նա պետք է շատ զգույշ գործի, որպեսզի մրցակից ուժերը չբարձրաձայնեն ադմինիստրատիվ ռեսուրսն օգտագործելու մասին: Արդեն իսկ շշուկներ կան, որ տարբեր պաշտոնյաներ ձեռնամուխ են եղել մարդորսության գործին, իսկ առջեւում Երեւանի ավագանու ընտրություններն են: Փակագծեր առայժմ չենք բացի, բայց սա հնարավոր չի լինի կոծկել մինչեւ վերջ: Պարոնայք, եթե դուք ընտրակաշառք եք համարում նախընտրական փուլում իրականացվող բարեգործությունը, ապա փորձեք ձեր իսկ բառով որակել այդ փուլում որոշ նախարարների ինքնաբուխ գործողությունները` մասնավորապես պետական հիմնարկներում աշխատանքի տեղավորելու խոստումները, որ նրանք զանազան նախաձեռնությունների ընթացքում տալիս են ՀՀ հպարտ եւ դյուրահավատ քաղաքացիներին:



Այնպես էլ չէ, որ մյուս քաղաքական ուժերը ձեռքերը ծալած հետեւելու են Նիկոլ Փաշինյան-ՀՀԿ «անզիջում», ինչ-որ տեղ նույնիսկ կոմիզմով հագեցած պայքարին: Գործող կառավարությանը եւ ՀՀԿ-ին ուղղված միանգամայն տեղին քննադատության պակաս չի լինելու: Նիկոլ Փաշինյանն այս ընթացքում չի շեղվել Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքականությունից, գործողության մեջ է դրել կուտակային կենսաթոշակների հետ կապված սերժսարգսյանական նախաձեռնությունը, չի թեթեւացրել հարկերը, աշխատավարձ եւ կենսաթոշակ չի բարձրացրել, տնտեսական աճ, ներդրումային հոսքեր, ներգաղթ չի արձանագրել: Ավելացնենք նաեւ, որ հենց այս օրերին Հայաստանում գլուխ բարձրացրին հայ հասարակության կողմից ավանդաբար մերժված հոսանքների ներկայացուցիչներ: Այս ամենը քարոզարշավի ընթացքում չի շրջանցվելու, ինչն էլ ավելի է նպաստելու քաղաքական շահի շուրջ նոր եւ նախկին իշխանությունների մերձեցմանը:



Այս ընտրություններում ոչ մի քաղաքական ուժի չի հաջողվի միայնակ մեծամասնություն ստանալ ԱԺ-ում: Կայուն մեծամասնությունը կձեւավորվի հետընտրական բանակցությունների արդյունքում: Թե որ ուժերը կձեւավորեն այդ կայուն մեծամասնությունը, կդժվարանամ ասել, բայց որպեսզի մեծամասնությունը ձեւավորվի հենց իշխող ուժի հետ, ապա այդ ուժը պետք է առնվազն 40 տոկոս ձայն ապահովի: Այստեղ էլ Նիկոլ Փաշինյանի առաջադրանքը տարբեր է 2017թ. ԱԺ ընտրությունների առաջադրանքից: Մի բան է խորհրդարան մտնելը, միանգամայն այլ բան` հաղթած մտնելը:



**Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ**