Տարկետում տրամադրող հանձնաժողովի գործունեության մեջ խախտումներ են հայտնաբերվել

Տարկետում տրամադրող հանձնաժողովի գործունեության մեջ խախտումներ են հայտնաբերվել
Մենք գրել էինք, որ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով ստեղծված տարկետում տրամադրող հանձաժողովը շուրջ 20 ուսանողի տրակետում չտրամադրելու որոշում էր կայացրել, ինչը և դժգոհություն էր առաջացրել տարկետում չստացած ուսանողների շրջանում։ Վերջիններս դիմել էին պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանին։ Մեր տեղեկություններով՝ պետական վերահսկողական ծառայությունը հանձնաժողովի աշխատանքում 4 խախտում է հայտնաբերել։



Պետական վերահսկողության ծառայության պետի տեղակալ Հայկ Սարգսյանից փորձեցինք ճշտել, թե ի՞նչ խախտումների մասին է խոսքը, սակայն նա ասաց, որ իրավասություն չունի հարցին պատասխանելու, և հետո՝ գործն ընթացքի մեջ է։ Հարցրինք, թե տրամաբանորեն չի կարելի՞ ենթադրել, որ այնուամենայնիվ խախտումներ կան, քանի որ կա գործ, որը և ընթացքի մեջ է, Սարգսյանը պատասխանեց՝ «Ես չեմ ցանկանում, որ իմ ասածներից ենթադրություններ անեք, մեք ձեզ հաղորդագրություն կտանք, մամուլի ասուլիս կհրավիրենք կամ այլ կերպ ձեզ կտեղեկացնենք»։



Հիշեցնենք, որ տարկետում չստացած ուսանողներից մեկի հայրը մեզ հետ զրույցում ասել էր, որ, իրենց դիտարկմամբ, հանձնաժողովի աշխատանքի ընթացքում տարբեր խախտումներ են եղել, որոշել են ժամանակին դիմել վարչապետին, որպեսզի, իրենց բնորոշմամբ այդ սխալները ուղղվեն․



«Տարկետման ժողովի արդյունքների հետ համաձայն չենք, նախարաություն ենք դիմել, բավարարաված չենք պատասխանով ու հիմա դիմել ենք վարչապետին։ Տարբեր տեսակի անհամապատասխանություններ ու խախտումներ են եղել հանձնաժողովի կողմից որոշումները ընդունելու սկզբից մինչև վերջ, որի հետևանքով որոշ դիմորդներ տուժել են, ուզում ենք ժամանակին միջամտել, որ այդ սխալը ուղղեն»։