Աշոտ Արսենյանին ՀՔԾ-ն խնայում է․ նրա վերաբերյալ մեղադրանք չկա

Աշոտ Արսենյանին ՀՔԾ-ն խնայում է․ նրա վերաբերյալ մեղադրանք չկա
Մալիշկայի գյուղապետ Մհեր Մովսիսյանի գլխին ամպերը կուտակվել էին դեռ մայիսին։ Վայոց ձորի այս ամենամեծ գյուղում, ինչպես ՀՀ այլ բնակավայրերում, հեղափոխությունից հետո փոփոխությունների պահանջ էր հասունացել։ Գյուղի երիտասարդները նամակներ էին գրել ԶԼՄ-ներին, գյուղապետի հրաժարականն էին պահանջել, դժգոհել էին նրա անգործությունից, քրեական հեղինակությունների եւ ուժայինների հետ նրա մտերմությունն ու այլ «մեղքեր» էին ջրի երես հանել։ Մովսիսյանը չէր ընդունել մեղադրանքները։ Եվ ահա նոր իշխանությունները սկսեցին զբաղվել նաեւ Մովսիսյանով։ Ոստիկանության կոռուպցիայի դեմ պայքարի վարչությունը նախ բացահայտեց, թե ինչ յուրացումներ է նա կատարել իր ազգականներին տարբեր պաշտոնների նշանակելով եւ նրանց միջոցով գյուղի բյուջեից գումարներ հանելով։



«Վայոց ձորի մարզի Մալիշկա համայնքի ղեկավարն ու որդին՝ համայնքի մարզադպրոցի տնօրենը… 2016 թվականի հունվարի 1-ից մարզադպրոցում որպես բուժքույր են ձեւակերպել Մալիշկա համայնքի ղեկավարի կնոջը, որը նրանց գիտությամբ փաստացի աշխատանքի չի հաճախել եւ մինչեւ այս տարվա մայիս ստացել է 2 մլն 160 հազար դրամից ավելի աշխատավարձ։ Պարզվել է նաեւ, որ 2017 թվականին Մալիշկա համայնքի ղեկավարը եւ համայնքապետարանի գլխավոր հաշվապահը համայնքի 11 բնակչի անվամբ ձեւակերպել ու դուրս են գրել 410 հազար դրամ՝ որպես սոցիալապես անապահով ընտանիքների օգնություն։ Դուրս գրված գումարը յուրացվել է»։ Հուլիսի 14-ին Մալիշկայի գյուղապետին մեղադրել են ընտրակեղծիքներին օժանդակելու մեջ։ Նույն օրը ՀՔԾ քննիչը նրան կալանավորելու միջնորդությամբ դիմել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարան, սակայն մերժվել է։ Գյուղապետին առաջադրված է մեղադրանք Քրօր․ 38-154-րդ հոդվածի 2-րդ մասով՝ մի խումբ անձանց կողմից կեղծ ընտրական քվեաթերթիկներ կամ քվեարկության ծրարներ, դրոշմանիշներ, կտրոններ պատրաստելուն-հանձնելուն-իրացնելուն օժանդակելու համար։



Մովսիսյանի փաստաբան **Լուսինե Մարտիրոսյանը** մեզ հայտնեց․ «Իմ պաշտպանյալը մեղադրանքները չի ընդունում, նախաքննություն է, ավելին ասել չեմ կարող»։ ՀՔԾ հաղորդագրությունն ասես պատրաստի դատավճիռ լինի, բայց դատավճիռ՝ միայն գյուղապետի մասով։ Գրված է․ «Նա, զբաղեցնելով ՀՀ Վայոց ձորի մարզի Մալիշկա համայնքի ղեկավարի պաշտոնը, օժանդակել է 2017 թվականի ապրիլի 2-ին կայացած Ազգային ժողովի ընտրություններին ռեյտինգային ընտրացուցակներով առաջադրված ԱԺ պատգամավորի թեկնածուին` նրա օգտին կողմ քվեարկելու համար ընտրողներին կաշառք տալու հանցագործության կատարմանը»:



ՀՔԾ-ի «դատավճռից» հասկացվում է, որ ԱԺ 2017 թ․ ապրիլի 2-ի ընտրություններից առաջ Մ. Մովսիսյանն ինչ-որ «իքս» ռեյտինգային պատգամավորի թեկնածուի շտաբ է ղեկավարել, նրանից 13 մլն դրամ է վերցրել ու բաժանել ընտրողներին, որպեսզի 1300 ձայն ապահովի նրա համար։ Մեկ ձայնի արժեքը 10 հազար դրամ է եղել։ Բայց ընդամենը 800 ձայն է բերել, իսկ մնացած 5 մլն-ն, որպես «ջենթլմեն», հետ է տվել սույն պատգամավորին։ Մալիշկայի գյուղապետը 2017 թվականին եղել է «Ջերմուկ գրուպ» ընկերության սեփականատեր Աշոտ Արսենյանի Մալիշկայի շտաբի ղեկավարը, բայց Արսենյանի անուն-ազգանունը ՀՔԾ-ն «բաց է թողել»։ Ոստիկանության հետաքննության վերաբերյալ հաղորդման մեջ Աշոտ Արսենյանի անունը հստակ նշված է․ «2017 թվականի ապրիլին տեղի ունեցած ԱԺ ընտրություններին Մալիշկա համայնքի ղեկավար Մհեր Մովսիսյանը, որը ՀՀԿ անդամ է, պատգամավորի թեկնածու Աշոտ Արսենյանից առձեռն ստացել է 13 մլն դրամ՝ ընտրակաշառք բաժանելու եւ Արսենյանի օգտին 1300 ձայն ապահովելու նպատակով։ Ոստիկանությունում հարուցված քրեական գործի նյութերը փոխացվել են Հատուկ քննչական ծառայություն՝ նախաքննության»։



Ինչո՞ւ Արսենյանի անունը չի նշվում ՀՔԾ հաղորդագրության մեջ։ «Մեղադրանք է առաջադրված Մհեր Մովսիսյանին»,- պատասխանեցին ՀՔԾ-ից։ Արսենյանին, փաստորեն, մեղադրանք չի առաջադրվել։ «Ջերմուկ գրուպի» սեփականատերը նոր իշխանության բարեհաճությանը հասնելու համար մի երկու քայլ է արել՝ դուրս է եկել ՀՀԿ շարքերից եւ չի աջակցել իր հայրենի Ջերմուկի բնության պաշտպաններին՝ ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման իրավունքը ստացած «Լիդիան Արմենիա» ընկերության։ Մյուս կողմից լուրեր են տարածվում, թե Արսենյանը վաճառում է «Ջերմուկ» ընկերությունը, եւ չի բացառվում, որ շուտով հայտնվի դրսերում, իսկ մեր իրավապահները սահմանափակվեն նրա նկատմամբ հետախուզում հայտարարելով։ Չեն տրվում նաեւ կաշառք վերցնողների անունները, եւ առայժմ «կուժն ու կուլան ջարդվում են» Մալիշկայի գյուղապետի գլխին։ Մհեր Մովսիսյանը, որը նախկինում ՕԵԿ անդամ է եղել, ներկայումս հանրապետական է։



Նա այլայլված վիճակում էր։ «Տեսա՞ք, թե ինչ բերեցիք իմ գլխին։ Իմ գործերը քննչական են, զբաղված եմ, չեմ կարող պատասխանել լրագրողներին։ Ես ոչ մի հարցի չեմ կարող պատասխանել»,- ասաց նա։ Մհեր Մովսիսյանն այնքան վախեցած էր, որ անգամ իր փաստաբանի անունը չասաց․ «Չգիտեմ, թե ով է փաստաբանը, չեմ կարող հիշեմ»։ Հարցին, թե արդյոք Աշոտ Արսենյանին չե՞ն կանչել հարցաքննության, նա պատասխանեց․ «Առայժմ ես դեռ բացատրություն չեմ տվել, դրա համար չգիտեմ՝ իրան կանչել են, թե չէ»։



**Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ**