Պուտինին fuck «ասողներն» այսօր նրան «սեր են խոստովանում»

Պուտինին fuck «ասողներն» այսօր նրան «սեր են խոստովանում»
Հայաստանի նոր իշխանությունները՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, փորձում են ամեն գնով Ռուսաստանի հետ նախկինից ավելի ջերմ եւ բարեկամական հարաբերություններ հաստատել, Պուտինի աչքը մտնել։ Այդ փորձերն ակնհայտ են այն աստիճան, որ անգամ հասնում են բացահայտ ռեւերանսների Ռուսաստանի եւ Պուտինի նկատմամբ։ Եվ սա այն դեպքում, երբ Հայաստանի ներկայիս իշխանությունները նախկինում անխնա քննադատում էին նախորդ իշխանությունների պրոռուսական, վասալային եւ ստրկամիտ քաղաքականությունը։



Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ով իր ընդդիմադիր անցյալում **fuck** էր ցույց տալիս Պուտինին եւ Պուտինի դեմ պայքարող աննկուն մարտիկներից էր, այսօր լրիվ հակառակ կեցվածք է որդեգրել։ Նա արդեն, ի պաշտոնե, ճանապարհներ է փնտրում Ռուսաստանի «վրա» դուրս գալու, նրանց հետ կապ եւ հարաբերություն հաստատելու ուղղությամբ, սակայն, մեր տեղեկություններով, դեռեւս մերժվում է։ Առհասարակ, Ռուսաստանը բացասաբար է ընդունել հակառուսական եւ պրոարեւմտյան ակտիվիստին նման կարեւոր պոստում նշանակելը։ Նրանց սրտով չէ այն, որ Գրիգորյանը կարող է ծանոթանալ, օրինակ, ռուսական ռազմաբազայի փաստաթղթերին ու ռազմական գաղտնիք պարունակող տեղեկություններին։ Նրանց դուր չի եկել նաեւ սփյուռքի փոխնախարար Բաբկեն Տեր-Գրիգորյանի նշանակումը, որը եւս Պուտինին **fuck** անողների շարքում էր։ Եվ պատահական չէ, որ Արմեն Գրիգորյանն այդպես էլ վարչապետի հետ չմեկնեց Մոսկվա, չնայած որ օդանավակայան գնացել էր։ Ասում են՝ ռուսական կողմը «չի ցանկացել» նրան տեսնել հայկական պատվիրակության կազմում։ Նախօրեին Արմեն Գրիգորյանը ռուսական** gazeta.ru** կայքին հարցազրույց է տվել, որտեղ ասել է․ «Ինքնիշխան եւ բարգավաճող Հայաստանը նշանակում է ուժեղ Ռուսաստան եւ հակառակը»։ Նա համոզված է, որ «մեր երկու կողմերի միջեւ հարաբերություններն ունեն հսկայական ներուժ, որը մենք պարտավոր ենք օգտագործել ի շահ մեր երկրների եւ ժողովուրդների»:



Արմեն Գրիգորյանի հարցազրույցը դուր չի եկել անգամ նրա մտերիմներից մեկին՝ քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանին, ով այն համարել է տեքստ՝ սիրո միակողմանի խոստովանության բովանդակությամբ։ Հատկանշական է, որ Նիկոլ Փաշինյանն էլ է մեծ էնտուզիազմով խոսում հայ-ռուսական հարաբերությունների մասին, մինչդեռ նախկինում նա ու նրա ներկայացրած «Ելք» խմբակցության անդամները ԵԱՏՄ-ին ու Ռուսաստանին քննադատող դիրքերից էին հանդես գալիս։ Հիմա անգամ ՄԱԿ-ում պրոռուսական քվեարկությամբ հանդես եկան՝ դարձյալ փորձելով Ռուսաստանի աչքը մտնել։ Ի՞նչ փոխվեց իշխանության գալուց հետո։ Գուցե Փաշինյանը հիմա սկսեց հիրավի գիտակցե՞լ Ռուսաստանի ուժն ու դերակատարումը տարածաշրջանում եւ հատկապես արցախյան խնդրի կարգավորման հարցում։ Չի բացառվում, որ Փաշինյան-Պուտին հանդիպման ընթացքում Պուտինը որոշ «մեսիջներ» է հղել այդ ուղղությամբ, որն էլ սթափեցրել է նոր իշխանություններին։ Չնայած՝ նկատենք, որ Նիկոլ Փաշինյանն այդ հանդիպումը գնահատել է հոյակապ։ Բայց «հոյակապ» ֆոնն ընդամենը օրեր առաջ փչացրեց ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը՝ իր չմտածված հայտարարությամբ․ «Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հարցում մշտապես ունեցել է ճիշտ եւ կառուցողական դիրքորոշում»:



Հայաստանից գոհ չեն նաեւ Արեւմուտքում։ Եվրամիությունը նկատում է Հայաստանի ձգտումներն առ Ռուսաստան, որ երբեմնի արեւմտամետ ընդդիմությունն այսօր կամաց-կամաց համակվում է Ռուսաստանի հանդեպ սիրով։



Մենք փորձեցինք այս թեմայով զրուցել Արմեն Գրիգորյանի հետ, բայց նա այդպես էլ չպատասխանեց մեր զանգերին։ Զրուցեցինք քաղաքագետ **Սուրեն Սարգսյանի** հետ։ Նա նկատեց, որ եթե որեւէ երկրում իշխանության են գալիս հստակ հակառուսական դիրքորոշում ունեցող ուժեր, իհարկե, Ռուսաստանի ռեակցիան տրամաբանական է։ Բայց նա նոր իշխանություններին չի որակում հակառուսական։ «Որովհետեւ այս իշխանությունը հակառուսական չէ, եւ չի էլ կարող Հայաստանում որեւէ հակառուսական իշխանություն լինել։ Այլ հարց է, որ եղել են մարդիկ, որ նախկինում բավականին ակտիվ հակառուսական դիրքորոշումներ են ունեցել, դրանց մասին բարձրաձայնել են, ակտիվ շրջանառության մեջ են դրել հակառուսական թեզեր, տվել են հարցազրույցներ եւ այլն, եւ այս մարդիկ եթե եկել են իշխանության, կարող է ռուսական կողմի մոտ տարակուսանք առաջանալ։ Բայց այս տարակուսանքը ցրելու տեսանկյունից շատ կարեւոր քայլ ուներ անելու Փաշինյանը, եւ կարծում եմ՝ նա այս ուղղությամբ արդեն քայլեր արել է, եւ վստահ եմ՝ անելու է»։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**