Դավիթ Հարությունյանը բիզնեսմեն չէ, նա աշխատանք է որոնում

Դավիթ Հարությունյանը բիզնեսմեն չէ, նա աշխատանք է որոնում
Երեկ համացանցում տեղեկություն տարածվեց, թե արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը մտադիր է իրեն փորձել փաստաբանի դերում, եւ որ դա իրեն խորհուրդ են տվել իր փաստաբան եղբայրները։ Փաստաբանների գործը հեղափոխությունից հետո լավացել է, նախկին իշխանավորներից շատերն են այս օրերին լավ փաստաբանի կարիք զգում։ Նշված էր, որ առաջիկայում հնարավոր է Հարությունյանը զբաղվի որեւէ օլիգարխի շահերի պաշտպանությամբ։ Դավիթ Հարությունյանը մեզ հետ զրույցում չհերքեց այս տեղեկությունը՝ որոշ ճշգրտումներով։ Նա ասաց, որ ոչ թե փաստաբանությամբ, այլ հնարավոր է իրավաբանական խորհրդատվությամբ զբաղվի։ Փաստաբանությամբ զբաղվելու համար, նկատենք, նախ պետք է փաստաբանի լիցենզիա ձեռք բերել եւ այլն։



«Դա կարող է լինել իրավաբանական խորհրդատվական գրասենյակ, բայց չեմ կարող ասել՝ հաստատ էդ ճանապարհն եմ ընտրել։ Ընդհանուր առմամբ, հետեւյալը կասեմ․ քանի որ ես բիզնեսմեն չեմ, բնականաբար, որոնում եմ, թե ինչով եմ զբաղվելու, դա գործընթաց է, ես չեմ բացառում նաեւ այդ տարբերակը, որ կզբաղվեմ իրավաբանական խորհրդատվությամբ»,- ասաց նա՝ նշելով, որ չի պատրաստվում այս պահին դառնալ փաստաբան։



Չբացառեց նաեւ, որ իրավաբանական խորհրդատվությամբ կարող է զբաղվել հենց իր եղբոր՝ Հայկ Հարությունյանի «Հարությունյան եւ գործընկերներ» իրավաբանական ընկերությունում։ «Իհարկե, ինչ-որ տեղ պետք է աշխատեմ, չէ՞, դրա համար էլ որոնումների մեջ եմ»,- հավելեց նախկին նախարարը՝ նորմալ համարելով, որ փորձում է զբաղվել որեւէ աշխատանքով։



Իսկ հնարավո՞ր է առաջիկայում ստանձնի նախկին իշխանավորներին իրավաբանական խորհրդատվություն տրամադրելու հոգսը, եւ իր՝ այս դաշտ մտնելը նաեւ դրանով է պայմանավորված, Հարությունյանը կարճ պատասխանեց՝ դրանք իրար հետ կապված չեն։ Հարցրինք նաեւ՝ նոր իշխանությունների կողմից որեւէ առաջարկ եղե՞լ է, փորձե՞լ են օգտագործել իր ռեսուրսները։ «Եթե խոսքը վերաբերում է հանրային ծառայության պաշտոնին, ապա՝ ոչ։ Իսկ տարբեր առաջարկություններ, բնականաբար, ես ստանում եմ տարբեր ոլորտներից, ե՛ւ Հայաստանից, ե՛ւ դրսից։ Որոնումների փուլում եմ, կարծում եմ՝ դեռ մտածելու ժամանակ ունեմ, որովհետեւ ինձ պետք է աշխատանք, որը նաեւ ինձ հետաքրքրի»,- ասաց նա։ Իսկ եթե նոր իշխանությունների կողմից առաջարկ լիներ աշխատել արդարադատության նախարարի պաշտոնում, կհամաձայնե՞ր, Դավիթ Հարությունյանը բացասաբար պատասխանեց։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**