ԲԴԽ-ն կորոշի, թե ում ընտրել․ Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնակատար

ԲԴԽ-ն կորոշի, թե ում ընտրել․ Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնակատար
«Վարչական արդարադատության ձեւավորումն ու զարգացումը ՀՀ-ում» թեմայով այսօր կայացած քննարկման ժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնակատար Երվանդ Խունդկարյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ՀՀ Դատական օրենսգրքով նախատեսված է այն գործողությունների շարանը, որի հիման վրա էլ տեղի կունենա ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի ընտրությունը։ «Վճռաբեկ դատարանի նախագահի ընտրության ժամանակ թեկնածուների շրջանակը Վճռաբեկ դատարանում գործող դատավորների քանակն է։



Նախկին Դատական օրենսգրքով գործում էր հետեւյալ կանոնակարգումը՝ Վճռաբեկ դատարանի բոլոր դատավորները համարվում են Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածուներ այնքան ժամանակ, քանի դեռ որեւէ դատավորի կողմից իր թեկնածությունը չքննարկելու կամ չքվեարկելու վերաբերյալ դիրքորոշում էր հայտնվել։ Սակայն այսօր գործող Դատական օրենսգրքով նման բացառություն նախատեսված չէ, եւ Վճռաբեկ դատարանի բոլոր դատավորներն ընդգրկվում են այդ ցուցակում, որեւէ դատավոր չի կարող դիրքորոշում հայտնել իր թեկնածությունը չքվեարկելու վերաբերյալ։ Եվ սրանով է պայմանավորված, որ գործում է 16 դատավոր, Բարձրագույն դատական խորհուրդն էլ իր ընտրությունը կատարում է այդ 16 դատավորի շրջանակներում»,- նշեց Երվանդ Խունդկարյանը։



Հարցին, թե ունի ինքը հավակնություններ՝ դառնալու ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ, Երվանդ Խունդկարյանն արձագանքեց․ «Հաշվի առնելով օրենսգրքի այդ կանոնակարգումները՝ ես որեւէ դիրքորոշում չեմ կարող հայտնել, դա Բարձրագույն դատական խորհրդի լիազորությունների մեջ է մտնում, թե ում ընտրել»։ Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչու նախկինում չէր կիրառվում գրավը՝ որպես խափանման միջոց, արդյոք դա պայմանավորվա՞ծ էր մեկ անձի կողմից հրահանգ ստանալով։ Երվանդ Խունդկարյանն ասաց, որ ինքը քաղաքացիական եւ վարչական պալատի նախագահն է, քրեական ոլորտի լավ գիտակ չէ։



«Այդ խափանման միջոցների փոխել-չփոխելը էական նշանակություն չեն կարող ունենալ դատավարության իրականացման տեսանկյունից։ Թե ինչու նախկինում չէր փոխվում, դա որոշվում էր դատավարության ընթացակարգով, եւ տրվում էին լուծումներ»,- ասաց Երվանդ Խունդկարյանը։ Լրագրողները հետաքրքրվեցին նաեւ, թե ինչպես են նոր իրողությունների պայմաններում գործելու այն դատավորները, որոնք նախկինում մշտապես գործել են Բաղրամյան-26-ի հրահանգով։ «Եթե դատավորը անկախ է, ապա նա բոլոր իրավիճակներում էլ կլինի անկախ»,- ասաց նա։ Ինչ վերաբերում է կոռուպցիոն բացահայտումներին, որոնք կարող են հասնել նաեւ դատական համակարգին, ապա Երվանդ Խունդկարյանն արձագանքեց․ «Ես մտավախություն չունեմ»։



**Թագուհի Հակոբյան**