Սեւ կատվի փնտրտուք մութ սենյակում 

Սեւ կատվի փնտրտուք մութ սենյակում 

Ռուսաստանաբնակ գործարար (ավելի քան 1 միլիարդ (դոլարային) կարողությամբ) ու սոցիալական ձեռնարկատեր Ռուբեն Վարդանյանի՝ Արցախում հաստատվելու որոշումը հրով ու սրով ընդունվեց տարբեր խավերի կողմից։ Փոխանակ ողջունեն համահայկական ճակատ հիմնելու եւ ողջ հայության ներուժը հանուն Արցախի ներգրավելու փորձը՝ սկսեցին սեւ կատու փնտրել մութ սենյակում, որտեղ այն կատու չկա։ Ամենից ոչ տրամաբանականը, այդ քայլի տողատակային նպատակների փնտրտուքն էր։ Հրապարակային մատուցված նպատակի դեմ ոչինչ ասել չեն կարող։

Այդ բանավեճերից մեկում ոչ հաճելի նորություն եւս բացահայտվեց․ «Հայաստան» խմբակցության պատգամավորներից մեկը հախուռն վերաբերմունք դրսեւորեց այդ նախաձեռնության նկատմամբ։ Եվ ինչն ավելի անընդունելի է՝ այդ հարցում իրենից տարբերվող կարծիք ունեցող Ավետիք Իշխանյանի նկատմամբ։ Ասեմ, որ Իշխանյանի կերպարը համարում եմ հանրայնորեն ընդօրինակման արժանի կերպարներ։ Եվ այդ առումով խիստ տհաճ էր ընդդիմադիր պատգամավորի վարքագիծը։ Կարծում եմ, որ ընդդիմադիր պատգամավորները պետք է տարբերվեն առաջին հերթին իրենց վարքագծով։ 

Անցնենք մեկ այլ խնդրի․ Կանադայում ՀՀ նախկին դեսպան Արա Պապյանը բեւեռական չէր լինի, եթե բանավեճի ընթացքում համացանցից չպեղեր ու չտեղադրեր ռուս-ուկրաինական պատերազմի սկզբի կապակցությամբ Ռուբեն Վարդանյանի հետ համարյա մեկ ժամանոց հարցազրույցից 40 վայրկյանանոց հատված։ Պատասխանելով մոտ ապագայում միութենական պետություն ձեւավորվելու հնարավորության մասին հարցին՝ Վարդանյանը հիշեցնում է, որ ինքը ժամանակին նախաձեռնել էր Հայաստանի զարգացման տարբեր սցենարների մշակումը (խոսքը «Հայաստան 2020» խիստ ուսանելի գրքույկի մասին է), բացատրում է, որ այդ հարցում միայն սուբյեկտիվ ցանկությունը բավարար չէ, եւ ավելացնում, որ «եթե դա անխուսափելի է, ապա ոնց անենք, որ դառնանք Թաթարստանի պես ամենահաջողված ռեգիոնը»։ Ի դեպ, բավականին հեշտ է հանրային անձին բարոյապես փչացնելը․ ընդամենը համատեքստից կտրված հատված ես վերցնում ու այն ներկայացնում հանրությանը։ Եթե, իհարկե, վախ չկա, որ ստիպված ես լինելու պատասխան տալ քո արարքի համար։ Ինչ մնում է Հայաստանի ապագային, ապա եթե զարգացումները գնան այնպիսի ուղղությամբ, որ Նիկոլի «շնորհիվ» մենք կանգնենք անկախությունը կորցնելու վտանգի առջեւ, չեմ կարծում, թե թուրքական վիլայեթը լինելու է լավագույն լուծումը։ Ի դեպ, այսօրվա մեր վիճակն ամենից ավելի համապատասխանում է վերը նշված «Հայաստան 2020» գրքույկի ամենավատ սցենարին։