«Դուք հարցը ճիշտ չհասկացաք, ո՞ւմ եք զեկուցել»․ վարչապետը բացատրություն պահանջեց ՍԱՊԾ պետից

«Դուք հարցը ճիշտ չհասկացաք, ո՞ւմ եք զեկուցել»․ վարչապետը բացատրություն պահանջեց ՍԱՊԾ պետից
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստին բավականին կոշտ ձևով բացատրություն պահանջեց ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանից, թե ինչու չի զեկուցել իրեն, երբ մայիսի 10-ին ՍԱՊԾ-ն ՌԴ իր գործընկեր «Россельхознадзор»-ից նամակ է ստացել։ «Ինձ համար անակնկալ էր, որ ես տեղյակ չեմ այս նամակների մասին, պարոն Կարապետյան, ես ուզում եմ իմանալ Ձեր գործողությունները»,-ասաց նա ՍԱՊԾ պետին։



Վերջինս փորձեց բացատրել, որ նամակները կրում են պարբերական բնույթ, տարվա ընթացքում իրենք ստանում են բազմաթիվ նամակներ և իրենք նույնպես ուղարկում են նամակներ իրենց ռուս գործընկերներին։ Տվյալ դեպքում, նա նշեց, որ այս նամակների իրենք քննարկել ենք իրենց ռուս գործընկերների հետ։ «Կներեք, ես ուզում եմ իմանալ՝ Դուք ո՞ւմ եք զեկուցել, որ էսպիսի իրավիճակներ կան»,-հարցրեց վարչապետը։



«Ո՞ր իրավիճակի մասին է խոսքը, պարոն վարչապետ»,-ճշգրտեց Իշխան Կարապետյանը։ «Երբ կոնկրետ խնդրանքով են դիմում Ռուսաստանի մեր գործընկերները մեզ, կոնկրետ իրավիճակ են ներկայացնում, և հարցը ունի շատ կարևոր նշանակություն, ես ուզում եմ իմանալ՝ ո՞ւմ եք զեկուցել։ Հարցը ունի շատ կարևոր նշանակություն, ես, վարչապետի պաշտոնը ստանձնձնելով, զանգել եմ Ձեզ և հարցրել եմ, թե արդյոք մենք խնդիրներ ունե՞նք գյուղմթերքի արտահանման ոլորտում, և Դուք ասել եք, որ, ըստ էության, խնդիր չկա։ Եվ մեր խոսակցությունից հետո Դուք ստացել եք երկու նամակ։ Իմանալով, որ ես էդ հարցով շատ հետաքրքրված եմ, բայց ինձ հետաքրքիր ա՝ Ձեր գործողությունները նկարագրեք և ո՞ւմ եք զեկուցել տվյալ խնդրի մասին և ի՞նչ գործողություն եք ձեռնարկել խնդիրը լուծելու համար»,-իր հարցը շարունակեց պնդել վարչապետը։



Իշխան Կարապետյանը նորից նույնը կրկնեց, որ աշխատանքային կարգով քննարկում են ունեցել, Փաշինյանն էլ հակադարձեց․ «Դուք հարցը ճիշտ չհասկացաք, ո՞ւմ եք զեկուցել կառավարության անդամներից, գյուղնախարարին զեկուցե՞լ եք, փոխվարչապետին զեկուցե՞լ եք, վարչապետին զեկուցե՞լ եք»։ ՍԱՊԾ պետն էլ ասաց, որ քննարկում է եղել գյուղատնտեսության նախարարի հետ, բայց նաև փորձել է կապ հաստատել փոխվարչապետ Արարատ Միրզոյանի հետ, բայց չի հաջողվել։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**