Կառավարության արտահերթ նիստը «թաքուն» են արել

Կառավարության արտահերթ նիստը «թաքուն» են արել
Թվում էր, թե «նոր Հայաստանում» պետք է այլեւս փակ նիստեր չանցկացվեին, բայց, պարզվում է, այդքան էլ այդպես չէ։ Խոսքը, իհարկե, պետական կամ ռազմական գաղտնիք պարունակող որեւէ քննարկման մասին չէ, այլ կառավարության նիստերի, որոնք վարչապետ Նիկոլ Փաշինյանը, գալուն պես, անմիջապես դռնբաց դարձրեց՝ ի հեճուկս Դավիթ Հարությունյանի եւ Սերժ Սարգսյանի «դեմոկրատական» որոշման։ Բայց բաց ու թափանցիկ քաղաքականության ջատագով կառավարությունը միշտ չէ, որ հավատարիմ է իր որդեգրած սկզբունքներին։ Նիկոլ Փաշինյանը, ինչպես վարչապետ դառնալուց առաջ էր երբեմն փակ ռեժիմով հանդիպումներ կազմակերպում քաղաքական ուժերի հետ (օրինակ՝ ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի) ու հանրությանը չէր տեղեկացնում, նույնկերպ էլ վարչապետ դառնալուց հետո է կառավարության նիստերը երբեմն դռնփակ անցկացնում։



Օրինակ՝ երեկ կառավարությունը դռնփակ ռեժիմով արտահերթ նիստ է հրավիրել, ու մոտ երկու ժամ կառավարության անդամներն ինչ-որ հարցեր են քննարկել։ Ճիշտ է՝ մասնակիցներից տեղեկացանք, որ ոչ մի առանձնահատուկ բան չի քննարկվել, սովորական խոսքուզրից է եղել՝ հիմնականում ոչ պրոֆեսիոնալ, բայց հարց է ծագում՝ ինչո՞ւ լրատվամիջոցներին չէին տեղեկացրել։ Նիստի ժամն օրվա մեջ մի քանի անգամ փոխվել է, եւ վերջում հավաքվել են ժամը 17։00-ին մոտ։ Տպավորություն է եղել, թե կառավարության անդամներով հավաքվել, մի «բեսեդկում» նստած՝ «խորաթա էին անում» օրվա անցուդարձից։ Առհասարակ, կառավարության հնաբնակներն ու պրոֆեսիոնալներն այս օրերին չեն դադարում զարմանալ նոր պաշտոնյաների անտեղյակության եւ անպատրաստության վրա։ Ասում են, որ այնպիսի մթնոլորտ է, որ իրենք անգամ չեն համարձակվում հակաճառել կամ որեւէ «ճշգրտող» միտք արտահայտել։



Երեկ նիստին մասնակցած նախարարներից հետաքրքրվեցինք, թե արտահերթ նիստի ժամանակ ինչ հարցեր են քննարկվել։ Նախարարներն իրար հակասող պատասխաններ էին տալիս։



_Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյան_



-Այո, երեկ եղել է նիստ, բայց եթե ձեւաչափը փակ է, ճիշտն ասած, չգիտեմ՝ արդյոք փակ ձեւաչափի վերաբերյալ մեկնաբանություն… Իրոք, իմ կոմպետենցիայից դուրս հարց է, ներողություն եմ խնդրում։ Այ, ես հիմա կգնամ, կիմանամ, եթե լինում է փակ նիստ, արդյոք դրանից հետո նիստի վերաբերյալ մեկնաբանություններ կարո՞ղ ենք տալ։



_ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյան_



-Նիստի օրակարգը հրապարակված է եղել, փակ չի եղել օրակարգը, նիստում ներառված էր ընդամենը երկու հարց, երկուսն էլ հրապարակված են եղել։ Առաջին հարցով կառավարության կողմից հաստատվում էին նախարարությունների կազմի եւ կառուցվածքի օրինակելի ձեւերը, երկրորդ հարցը… էս պահին չեմ հիշում։



**- Քննարկում եղե՞լ է, արդյոք, ավիաընկերությունների գների կամ օդանավերի վճարների հետ կապված հարցերի շուրջ։**



-Ոչ։



**- Բայց ասում են, թե եղել է։**



-Քննարկում չի եղել, ուղղակի վարչապետի կողմից նման անդրադարձ է եղել։



**- Իսկ նպատակը ո՞րն էր փակ ձեւաչափով նիստ հրավիրելու, կարծես թե «նոր Հայաստանում» փակ նիստեր չպիտի անցկացվեին։**



-Չեմ կարող պատասխանել, որովհետեւ ես՝ ինքս, չեմ որոշում ձեւաչափը։



_Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյան_



**- Երեկ կառավարությունը փակ նիստ է անցկացրել, ո՞րն է եղել նպատակը նման նիստ անցկացնելու, եւ ի՞նչ հարցեր են քննարկվել։**



-Բայց փակ է եղել։



**- Գիտեմ։ Իսկ ինչո՞ւ էր փակ։**



-Չեմ կարող ասել։



**- «Նոր Հայաստանում» կարծես թե փակ նիստեր չպիտի լինեին։**



-Դե, մեր օրակարգում կա նաեւ էդ բաց ու թափանցիկ դարձնելու բանը, եթե գիտեք, մեր օրոք չէ, որ որոշումը կայացվել է, որպեսզի դռնփակ կայացվեն։



**- Բայց ձեր օրոք որոշում կայացվեց գնալ դեմոկրատական քայլի եւ բացել նիստերը։**



-Միանշանակ… տեսեք, հիմա Դուք պահանջում եք, որպեսզի հինգ օրում կայացվի էդ որոշումը։ Հիմա կարեւոր հարցը հետեւյալն է, որ մեզ անհանգստացնում է, որ դռնփակ են, եւ մենք քննարկում ենք…



**- Բայց հենց առաջին նիստի մասով «հինգ րոպեում» կայացվեց որոշում, որ պետք է այն դռնբաց լինի։**



-Խոսքն արտահերթի մասին չէր, եւ կրկնում եմ՝ նույնիսկ արտահերթի դռնփակ լինելու հարցն էս պահին կա օրակարգում, քննարկում ենք։



_ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյան_



-Իրավական բնույթի հարցեր են քննարկվել, այսինքն՝ իրավական, ենթաօրենսդրական ակտերի ընդունման խնդիր կար, մասնավորապես՝ նախարարությունների կանոնադրությունների տիպային ձեւերն էին հաստատվում։ Բայց ես չեմ կարծում, որ փակ ռեժիմով էր, ես ուղղակի կարծում եմ, որ արտահերթ նիստ էր՝ զուտ ժամկետի կաշկանդվածության կապակցությամբ։



_ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Լեւոն Վահրադյան_



-Ինձ սպասում են, էլի, էսօր գրաֆիկիցս հետ եմ ընկել… փակ նիստի նպատակ կամ չնպատակ չի եղել, ընդամենը կառուցվածքային մեր հետագա անելիքների մասին ենք քննարկումներ ունեցել։ Մեզ զգուշացրեցին, մենք էդ ժամին գնացինք։



**- Իսկ ավիացիայի հետ կապված հարցեր, օրինակ, քննարկվե՞լ են։**



-Ես էս պահին իրոքից շտապում եմ, կներեք, էլի…



_Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյան_



-Փակ ձեւաչափ… ոչ թե փակ ձեւաչափ էր, այլ հատուկ որոշում չէր կայացվել, որ բաց լիներ։ Էսօրվա գործող օրենքն էդպիսին է։ Օրենքի դրույթը պիտի փոխվի, ինքն ասում է՝ փակ է, եթե վարչապետը որոշակի մասը չի համարում բաց։ Քննարկվել է երկու հարց՝ նախարարություններին ենթակա մարմինների հարցը եւ բոլոր պետական մարմինների օրինակելի կանոնադրությունները հաստատելու հարցը։



**- Իսկ այլ հարցեր չե՞ն քննարկվել ժամուկես տեւած նիստում։ Օրինակ՝ ավիացիոն խնդիրների հետ կապված հարցեր։**



-Քննարկվել են, իհարկե, եւ հանձնարարական է եղել, որ ուսումնասիրենք։



**- Այսինքն՝ վարչապետը կարող էր որոշել, որ բաց լիներ նիստը, բայց չի որոշել։**



-Ես չեմ կարծում, թե դրա կարեւորությունը կար, արտահերթ նիստ էր, հրատապ պիտի էդ երկու հարցերը քննարկեինք…



**- Ուղղակի արդեն սկսել էինք սովորել, որ նիստերը պիտի բաց ու թափանցիկ լինեն… Ի վերջո, հազիվ ազատվեցինք նախորդ իշխանությունների հաստատած կարգերից եւ ավանդույթներից, հիմա հանկարծ հետընթաց չգրանցենք այս հարցում։**



-Կյանքը ցույց կտա։



**ՀԳ․** _Ի դեպ, երեկ կառավարության հետ հարցուպատասխանին վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի դահլիճ ժամանեց սովորական մուտքից՝ լրագրողների մոտով, բայց դուրս եկավ ԱԺ նախագահի մուտքից, նստեց մեքենան ու հեռացավ։ Նա լրագրողների հարցերին չպատասխանեց՝ ասելով, որ ավելի վաղ «Անի պլազայում» խոսել է։ Հանուն արդարության նշենք, որ եթե ՀՀԿ-ական վարչապետների դեպքում վերջին մեկ-երկու տարում ԱԺ անվտանգությունն արգելում էր լրագրողներին մոտենալ վարչապետի մեքենային ու սպասել նրան դրսում, ապա Նիկոլ Փաշինյանի դեպքում նման արգելք չկար, ինչն արդեն դրական է։_