Տնօրենը կարևոր տեղ էր շտապում

Տնօրենը կարևոր տեղ էր շտապում
Ինչպես [տեղեկացրել](https://www.hraparak.am/posts/5b02b628b3838a5582071a11/%D5%B0%D6%80%D5%A1%D5%AA%D5%A1%D6%80%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%B0%D5%A5%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%BA%D5%A1%D5%B0%D5%A1%D5%B6%D5%BB%D5%A8-%D5%BF%D5%B6%D6%85%D6%80%D5%A5%D5%B6%D5%AB%D5%B6-%D5%A4%D5%A1%D5%AC%D5%A1%D6%80%D5%AB-%D5%A4%D5%BA%D6%80%D5%B8%D6%81%D5%B8%D6%82%D5%B4-%D6%81%D5%B8%D6%82%D5%B5%D6%81%D5%A5%D6%80-%D5%A7%D5%AB%D5%B6-%D5%BF%D5%A5%D5%BD%D5%A1%D5%B6%D5%B5%D5%B8%D6%82%D5%A9) էինք, երեկ Արարատի մարզի Դալար գյուղի միջնակարգ դպրոցում ուսուցիչների և աշակերտների մասնակցությամբ բողոքի ակցիաներ տեղի ունեցան։ Վերջիններս պահանջում էին տնօրեն Շողիկ Հախվերդյանի հրաժարականը։ Գյուղի բնակիչներից մեկը մեզ հետ զրույցում ասաց, որ նման պահանջ ներկայացնելու պատճառը այն է, որ համաժողովրդական շարժման օրերին դպրոցի աշակերտները ցանկացել են մասնակցություն ունենալ բողոքի ակցիաներին, սակայն տնօրենը նրանց արգելել է․



«Հեղափոխության օրերին երեխաներին չէր թույլատրում, որ նրանք դասադուլ անեին, ուսուցիչների ու երեխաների վրա բղավում է անընդհատ, դպրոցում խայտառակ վիճակ է տիրում։ Բացի այդ դպրոցում երեխաների անուններ կան գրանցված, որոնք վաղուց արդեն երկրում չեն, սակայն տնօրենը նրանց համար գումար է ստանում»։



Դպրոցի ուսուցիչներից մեկն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ անվստահություն են հայտնում նաև կառավարման խորհրդին․



«Մենք դպրոցի կառավարման խորհրդին անվստահություն ենք հայտնել, որպեսզի առաջիկա ընտրություններում Հախվերդյանը չընտրվի։ Մենք չենք վստահում մեր դպրոցի կառավարման խորհրդին։ Պահանջում ենք ցրել կառավարման խորհուրդը և ձևավորել նոր խորհուրդ։ Ընդ որում ՝ այդ կառավարման խորհուրդները ձևավորվել են 2016 թվականին առանց մանկավարժական խորհրդի որոշման»,- մեզ հետ զրույցում ասաց ուսուցիչը։



Իսկ այն հարցին, թե ճի՞շտ են շրջանառվող այն լուրերը, թե գյուղապետ Գագիկ Ալեքսանյանն է կազմակերպել բողոքի ակցիաները, ուսուցիչը պատասխանեց․



«Համացանցում լուրեր են պտտվում, որ գյուղապետն է կազմակերպել էս ամեն ինչը, բայց կոլեկտիվը վստահ է միահամուռ, մի մարդու նման, որ գյուղապետը տեղյակ չէ, մեր գյուղապետը շատ հարգված, ժողովրդավար գյուղապետ է, որ միշտ դպրոցի կողքին է եղել, անգամ, տնօրենից վիրավորված, վերջին 2 տարին «վերջին զանգերին» էլ չի մասնակցել, ոչ էլ սեպտեմբերի 1-ին գիտելիքի օրվա միջոցառմանը, քանի որ վիրավորված է մեր տնօրենից»։



Կապ հաստատեցինք նաև տնօրեն Հախվերդյանի հետ, ում մասին լուրեր են պտտվում, թե երեխաների համար նախատեսված սնունդը, որը գնվում է պետության միջոցներով, տուն է տանում, մասնավորապես՝ յոգուրտ, ձեթ եւ այլն։ Սակայն տնօրենը չցանկացավ պատասխանել մեր հարցերին՝ պատճառաբանելով, որ շատ կարևոր տեղ է շտապում և չի կարող խոսել, առաջարկեցինք ավելի ուշ զանգահարել, սակայն նա անջատեց հեռախոսը։ Նրա հետ ևս մեկ անգամ կապ հաստատեցինք՝ ընդգծելով, որ իր հասցեին լուրջ մեղադրանքներ են հնչեցվում, ինչին տնօրենը պատասխանեց․



«Ես ամեն ինչից տեղյակ եմ, ես հիմա շատ կարևոր տեղ եմ գնում, Դուք արդեն ինձ խանգարում եք»,- և կրկին անջատեց հեռախոսը։



Կապվեցինք նաև համայնքապետ Գագիկ Ալեքսանյանի հետ՝ ճշտելու, թե որևէ կերպ ինքը միջամտո՞ւմ է բողոքի ակցիաներին, նա հերքեց լուրերը, թե ինքն է կազմակերպիչը․



«Ես որ կազմակերպեի, համայնքապետը եթե կազմակերպեր, ժողովրդով կկազմակերպեի, ոչ թե դպրոցով, այդպես չէ՞»։



Համայնքապետից փորձեցինք ճշտել, թե ո՞րն է իր և տնօրեն Շողիկ Հախվերդյանի միջև լարված փոխհարաբերությունների պատճառը, և ինչո՞ւ չի մասնակցում դպրոցում կազմակերպված միջոցառումներին․



«Ճիշտ է, չեմ մասնակցում, պատճառը իր պահվածքն է։ Ավելի կոնկրետ էն ա, ասում են էլի։ Իր չարաշահումների մասին ես չեմ իմացել, ես որտե՞ղից իմանամ, գյուղապետը որտեղից իմանա, էդ ներսի գործ ա, կբացահայտեն էլի։ Ես երեկ եմ դրանց մասին լսել։ Ուսուցիչների կարծիքը կիսում եմ, իհարկե, կիսում եմ, միայն ուսուցիչներինը չէ, աշակերտներինն էլ հետը։ Ինչ վերաբերում է խորհրդին՝ ուսուցիչների ասելով՝ խորհուրդը ճիշտ ձևով չի կազմակերպվել, բայց դա իմ համար մանր հարց ա, էդ իմ համար ի՞նչ կապ ունի, այ ցավդ տանեմ։ Եթե էդ կարծիքին են, թող փոխեն, եթե փոխում են»։



Հարցրինք, որ իր ղեկավարած համայնքի ուսումնական հաստատությունն է, իր համայնքի երեխաներն են այնտեղ սովորում․



«Էդ մասով ես, իհարկե, հետաքրքրվում եմ, գնում եմ էնտեղ, մանկավարժներին տեսնում եմ, այնպես չի, որ անտեսել եմ, բայց ես ոչ մի բան անել չեմ կարող, ես չեմ կարող կանգնեցնել իրենց, դա իմ ուժերից վեր է։ Հետո մանկավարժները էն մասսան էլ չեն, որ իրենց խորհուրդ տաս, այդպե՞ս է, թե՞ ոչ»։



**Կորյուն Սիմոնյան**