Բիձինա Իվանիշվիլին վերադառնում է քաղաքականություն

Բիձինա Իվանիշվիլին վերադառնում է քաղաքականություն
Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին «Վրացական երազանք» կուսակցության հինգերորդ համագումարում միաձայն քվեարկությամբ ընտրվել է այդ կուսակցության նախագահ:



Այս մասին հայտնում է civil.ge-ն:



Համագումարը կայացել է այսօր, Թբիլիսիի Մթամինդա այգում գտնվող «Անդերվիլ» ակումբում: Մինչ Իվանիշվիլիի ընտրությունը, թարմացվել է կուսակցության քաղաքական խորհուրդը, որի կազմում են Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն եւ Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն, ինչպես նաեւ Գեորգի Վոլսկին, Թամար Չուգոշվիլին, Իլյա Նագաշիձեն, Արչիլ Թալաքվիձեն, Մամուկա Մդինարաձեն, Դմիտրի Սամխարաձեն, Իրակլի Տրիպոլսկին եւ Բիձինա Գեգիձեն, Վրաստանի ռեգիոնալ զարգացման եւ ենթակառուցվածքների նախարար Մայա Ցխիտիշվիլին, Գրավյալ տարածքներից հարկադիր գաղթյալների եւ փախստականների հարցերով նախարար Սոզար Սուբարին եւ Գործընկերության հիմնադրամի ղեկավար Դավիդ Սագանելիձեն:



Այդպիսով կարելի է ասել, որ Բիձինա Իվանիշվիլին պաշտոնապես վերադառնում է քաղաքականություն, ինչի մասին նաեւ ասել է իր ելույթի ժամանակ: Հետաքրքրական է, որ Իվանիշվիլիի կարծիքով, ընդդիմությունը սկսել է չափազանց ապակայունացնող տրամադրություններ սփռել երկրում, ինչն էլ իր վերադարձի պայմանավորիչ հանգամանքներից է եղել: Միաժամանակ նաեւ Իվանիշվիլին ասել է, որ կառավարության կազմում էլ կան թույլ օղակներ, որոնք վնասում են հանրային եւ պետության շահերին, թյուրըմբռնումների տեղիք տալով: