Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի բանվորները 18 ժամ գործադուլ են արել

Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի բանվորները 18 ժամ գործադուլ են արել
Երեկ Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի տարբեր արտադրամասերի աշխատակիցներ գործադուլ են արել։ Կոմբինատը շուրջ 18 ժամ չի աշխատել։ Այսօր արդեն նրանք հանդիպել են կոմբինատի տնօրեն Մհեր Պալասկովի հետ, վերջինս նրանց խորհուրդ է տվել հանդիպել արտադրամասերի պետերի հետ։ Կոմբինատի աշխատակիցները բողոքում են ցածր աշխատավարձերից և վատ աշխատանքային պայմաններից։ Թեեւ երեկ լուրեր կային, որ քաջարանցիները պահանջում են նաեւ Սյունիքի մարզպետի հրաժարականը։ Ինչպես մեզ հետ զրույցում ասաց կոմբինատի աշխատակցուհիներից մեկը, աշխատողները շատ ցածր աշխատավարձ են ստանում իրենց արած աշխատանքի դիմաց և չեն կարողանում վարկերը փակել․



«Արտադրամասերի բանվորները դուրս են եկել, պահանջել են իրենց աշխատավարձերի բարձրացում։ Այսօր հանդիպել են տնօրենին, տնօրենը ասել է՝ արտադրամասերի ձեր պետերի հետ խորհրդակցեք։ Կոմբինատը այժմ աշխատում է, ընդամենը 18 ժամ չի աշխատել, հիմա բոլորն էլ աշխատում են։ Նրանց ասել են, որ մյուս շաբաթ կոնկրետ կասեն, թե ինչ է լինելու։ Գործադուլի պատճառը միայն աշխատավարձերի և աշխատանքային պայմանների հարցն է եղել։ Մարդիկ քիչ աշխատավարձ են ստանում, իհարկե, շատ քիչ են ստանում։ Դուք չեք պատկերացնում՝ հանքաքարի տեղափոխման փոշու մեջ աշխատողները 190 հազար դրամ աշխատավարձ են ստանում, էդ 190 հազար դրամով ո՞նց ապրեն։ Կեսը տալիս են գազին ու լույսին, մյուս կեսը բանկերին ու դափ-դատարկ մնում են։ Զրույցներ կան, որ միլիոնանոց վարկեր ունեն, ինչի՞ համար։ Մարդիկ իրենց աշխատանքի արժեքն են ուզում, ուզում են, որ իրենց աշխատանքային պայմանները նորմալ լինեն, հանդերձարաններ լինեն, որ կարողանան իրենց շորերը կախեն, այ էդպիսի պահանջներ են եղել։ Բայց հիմնական խնդիրը նվազ աշխատավարձն է եղել։ Վերամշակող, տեղափոխող և մյուս արտադրամասերի աշխատողներն են եղել, որտեղ որ կանայք կան, դուրս են եկել։ Ժողովուրդը դուրս ա եկել, որովհետև իրենց աշխատավարձը շատ քիչ ա», -մեզ հետ զրույցում ասաց Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակցուհիներից մեկը։



**Կորյուն Սիմոնյան**