Սփյուռքում ապրող էջմիածինցիների բաց նամակը Փաշինյանին

Սփյուռքում ապրող էջմիածինցիների բաց նամակը Փաշինյանին
Սիրո եւ համերաշխության հեղափոխությունը տունդարձի հույսեր է արթնացրել Սփյուռքում ապրող մեր հայրենակիցների մոտ: Այս օրերին աշխարհասփյուռ բազմաթիվ հայեր ակտիվացել են նաեւ սոցցանցերում. բաց նամակներով դիմում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին: «Ազատ էջմիածինցիներ» ֆեյսբուքյան խումբն արդեն երկրորդ նամակն է գրում: Դիմելով կառավարության նորընտիր ղեկավարին՝ Միացյալ Նահանգներում ու Եվրոպայում ապրող էջմիածինցիները խնդրում են հեռու մնալ ռեժիմի մնացորդներից, որոնք իրենց հայտնի մեթոդներով նորից կփորձեն հայտնվել իշխանության մեջ: Անդրադարձել են մասնավորապես Մանվել Գրիգորյանին, ում պատճառով ոմանք լքել են իրենց տներն ու դարձել վտարանդի:



Բաց նամակից ծաղկաքաղ ենք արել այն հատվածները, որոնցով էջմիածինցիներն արտահայտում են իրենց խնդիրն ու մտահոգությունը:



«Աշխարհասփյուռ բազմաթիվ էջմիածինցիներս ժողովրդական այս պայքարի ընթացքում նույնպես մերժեցինք Սերժին: Մերժեցինք ոչ թե Սերժի անձը, այլ նրա համակարգը, մերժեցինք յուրաքանչյուր մարզում ու քաղաքում նրա համակարգը մարմնավորողին, ազգիս տականքին, կեղեքողին ու անարգողին: Այս օրերին յուրաքանչյուրս հիշեցինք մեզ մեր տնից, հողից ու ջրից վտարանդի դարձրած հրեշին»,- գրված է նամակում: Նկատի ունենալով գեներալ Մանվելին՝ գրել են, որ նա, վայելելով Սերժի հովանավորչությունը, ավելի քան 20 տարի Էջմիածինը պահել է ահուսարսափի մեջ, որի պատճառով մարդիկ լքել են երկիրը, վտարանդի դարձել:



Հնարավոր համարելով նոր վարչապետին հաճոյանալու գեներալի «հունարը»՝ նամակագիրները խնդրում են նոր Հայաստանում բացառել այդպիսիների ներգրավվածությունը հատկապես իշխանության մեջ: «Պարզվում է՝ Սերժի համակարգի այս ներկայացուցիչները շատ արագ կարող են ուրանալ իրենց քաղաքական հայրերին եւ նոր շապիկով, բայց ոչ մաքրված, շարունակել իրենց բնականոն սեւ գործը»: Ավարտելով նամակը՝ սփյուռքահայ էջմիածինցիները հույս են հայտնում, որ նոր կառավարությունը մանվելներին «գահընկեց» կանի՝ այդկերպ բացելով դուռը իրենց վերադարձի համար: «Այլապես մեզ անհասկանալի կմնա, թե ինչն ակամայից մերժեցինք»,-նամակը եզրափակել են 12 երկրից ուղարկված ստորագրությամբ:



Մեզ հասած տեղեկություններով՝ Մանվել Գրիգորյանը դիմել է ոստիկանություն՝ իր եւ ընտանիքի մյուս անդամների անվտանգությունն ապահովելու խնդրանքով: Ըստ մեր աղբյուրի՝ գեներալի, երկու որդիների ու դստեր առանձնատները, նրանց թիկնազորից բացի, օր ու գիշեր հսկում են նաեւ ոստիկանները:



**Սերոբ ՄԱՐՈՒԹՅԱՆ**