Գնացեք, հարցրեք հանրապետականների մեծ մասին՝ երբեվիցե կարդացե՞լ են ՀՀԿ-ի ծրագիրը

Գնացեք, հարցրեք հանրապետականների մեծ մասին՝ երբեվիցե կարդացե՞լ են ՀՀԿ-ի ծրագիրը
_Հարցազրույց 1994-1998 թթ. Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ, ԵՊՀ դասախոս Բագրատ Ասատրյանի հետ_





**- Վերջին օրերին խուճապային տրամադրություններ են տարածվում Հայաստանից գումարների արտահոսքի վերաբերյալ։ Կա՞ նման բան։**



- Էական՝ ոչ։ Հնարավոր են ժամանակավոր որոշ բացասական միտումներ, բայց լայն իմաստով սա առողջացման փուլ է։ Հիվանդին էլ երբ վիրահատում են, վիճակը վատանում է, սակայն դա օբյեկտիվ շրջան է, որը պետք է անցնել։ Իհարկե, այս ընթացքում պատկան մարմինները շատ ուշադիր պետք է լինեն առանձին դրսեւորումների նկատմամբ։ Ֆինանսների նախարար Վարդան Արամյանի երեկվա ելույթից հետեւում է, որ ֆինանսական շուկաները դրական են արձագանքել Սերժ Սարգսյանի հրաժարականին, եւ դա սթափ գնահատական է։ Հայտնի է, որ ժողովրդավարական, օրինապաշտ երկրները դրական են գնահատվում ներդրողների կողմից, իսկ այն երկրները, որտեղ կոռուպցիան եւ մենաշնորհներն են իշխում, չեն կարող ֆինանսական շուկային մասնակցել դրական արդյունքներով, բացառությամբ այն երկրների, որոնք մեծ հարստություն, ընդերք, այլ ռեսուրսներ ունեն, որի հաշվին այդ ճեղքը փակում են։ Մեր տիպի երկրները պետք է բաց տնտեսություն ունենան, եւ մեր ֆինանսական շուկաների ճակատագիրը նաեւ քաղաքական գործընթացներով է պայմանավորված։



**- Այնուամենայնիվ, եթե հիմա կապիտալի արտահոսք լինի, դա մեզ շա՞տ կվնասի։**



- Կապիտալի արտահոսքի մասին միշտ էլ խոսակցություններ եղել են, վերջին տարիներին էլ է եղել արտահոսք։ Բայց սա էական ազդեցություն չի ունեցել շուկայի վրա: Կա խնդրի մյուս կողմը՝ երկրում անհրաժեշտ է իրականացնել համակարգային բարեփոխումներ, որ ներդրումներ գան: Ուղղակի հիշեցնեմ մեր հարեւան Վրաստանի փորձը:



**- Կարծիքներ կան, որ այս փուլում ժողովուրդը պետք է հսկողություն սահմանի Կենտրոնական բանկի նկատմամբ։ Ըստ Ձեզ՝ կա՞ դրա անհրաժեշտությունը։**



- Ոչ, կտրականապես՝ ոչ: Կենտրոնական բանկի նկատմամբ հսկողության բոլոր մեխանիզմները կան։ Արտառոց ոչինչ պետք չէ անել։ Ինստիտուցիոնալ առումով մենք կայացած երկիր ենք։ Հնարավոր է, որ առանձին կառույցներ ինչ-որ խնդիրներ չեն լուծում, բայց գլոբալ իմաստով դրանք իրենց գործառույթը բավականին բարձր մակարդակով են իրականացնում։ Հատուկ վկայակոչեցի ֆինանսների նախարար Վարդան Արամյանին, որը հակադրվեց քաղաքական դաշտից նախկին իշխող կուսակցության ներկայացուցիչների հոռետեսությանը: Խուճապի մեջ ընկնել չի կարելի։ Կենտրոնական բանկը պրոֆեսիոնալ կառույց է, այս իրավիճակում իր պարտականությունները կատարելու է եւ ավելի լավ, քան նախորդ շրջանում։ Սա մեր երկիրն է։ Եկեք ազնիվ լինենք՝ այդ հանրապետական ասվածն ո՞վ էր ընդունում մեր երկրում։ Նույնիսկ հանրապետականները չէին ընդունում, իսկ նրանք, ովքեր հանգամանքների բերումով հանրապետական էին դարձել, տրտնջում էին անընդհատ։ Այս իրավիճակում նրանք կուզեն ավելի լավ դրսեւորվել, որովհետեւ այս երկրի մարդիկ են։



**- Հեղափոխական իրավիճակն անդրադարձել է տնտեսության վրա, նկատե՞լ եք։**



- Որպես քաղաքացի, նաեւ ֆինանսական հաստատության ղեկավար՝ հետեւում եմ իրավիճակին, ինչ-որ շարժեր կան, բայց էական չեն։ Վերջին օրերին մի երկու դրամով փոխարժեքն անկում է ապրել, բայց նայեք այդ ընթացքում եվրո-դոլար տատանումներին։ Գոնե երկու տոկոս՝ 10-15 դրամ տատանման դեպքում նոր կարելի է անհանգստանալ։ Մեր կյանքում ծանր իրադարձություններ են եղել՝ 1998 թ․ քաղաքական ճգնաժամն ենք տեսել, 1999-ի հոկտեմբերը, երբ երկրի համարյա ամբողջ ղեկավարությունը գնդակահարվեց, 2008-ը, երբ որ իշխանությունը գնդակահարեց ժողովրդին, բայց ֆինանսական շուկաներում մեկ-երկու տոկոս տատանում եղավ, ոչ ավելի։ Դա նաեւ պայմանավորված է նրանով, որ մեր ֆինանսական շուկան զարգացած չէ, այդքան էլ կապված չէ տնտեսության, երկրի հետ։



**- Իշխանությունները վախեցնում են, որ ներդրողները հրաժարվում են գործարքներից։**



- Հանրապետական կոչված «հավաքածուն» արդեն իսկ չորացրել է, նվազագույնի է հասցրել ինվեստիցիաները։ Հիմա թող այդ «չորացածը» մի քիչ էլ չորանա։ Բայց ակնհայտ է, որ սա միակ միջոցն է, որ վերականգնվի վստահությունը Հայաստանի նկատմամբ, որ Հայաստանը քիչ թե շատ ձգողականություն ձեռք բերի։ Իհարկե, միայն հեղափոխական պոռթկումը կամ անիմաստ, անբովանդակ պառլամենտը լուծարելը երաշխիք չէ։ Անհրաժեշտ է լուրջ կառուցողական աշխատանք, բազմաթիվ հարցեր պետք է լուծվեն։ Չի կարող ներդրումը ձգտել այնպիսի քաղաքական միջավայր, որի առաջին հատկանիշներից մեկը կոռուպցիան է։ Այս կոռուպցիոն, այլանդակ դաշտի վերացումը երաշխիք կդառնա ներդրումների։



**- Ինչպե՞ս եք վերաբերվում այն կարծիքներին, որ հրապարակը պետք է ընտրի վարչապետի, որ իշխանությունը չկարողանա հերթական անգամ խաբել ժողովրդին։**



- Կան պոռթկումներ եւ դրանց իրավական լուծման ճանապարհը։ Այո, ես էլ, դուք էլ կողմնակից ենք, որ պատահական մարդիկ մեր երկրում վարչապետ չնշանակվեն։ Այո, պետք է հրապարակային դա լինի, իսկ հրապարակային ձեւը, այո՝ նաեւ ժողովրդի հավանությունն է։ Հիմա ի՞նչ, եթե ժողովուրդը վարչապետի աթոռին տեսնում է պատգամավոր Նիկոլ Փաշինյանին եւ առաջարկում է, որ նա լինի, դա վա՞տ է։ Մենք ունենք իրողություն՝ 2017 թվականի խայտառակությունը, որի անունը դրեցին ընտրություն։ Ես այն ժամանակ թվերն էի հայտարարում, թե ինչքան ընտրակաշառք է բաժանվել, մեկը չառարկեց։ Գիտենք, թե ինչքան զոռբայություն է եղել, թաղի խուժանն է խառնվել։ Արդյունքում խորհրդարանում հայտնվեցին մարդիկ, որոնք չունեն քաղաքական բովանդակություն։ Օրինակ, ի՞նչ կապ ուներ Արա Բաբլոյանն այդ քաղաքական համակարգի հետ։ Գնացեք, հարցրեք նրան կամ այլ հանրապետականների մեծ մասին՝ երբեւիցե կարդացե՞լ են ՀՀԿ-ի ծրագիրը։ Հիմա այդ մարդկանց առաջ օրենքով պահանջ է դրված՝ ծառայել ոչ թե երկիրն այս խայտառակ վիճակին հասցրած օղակին, այլ՝ ժողովրդին, Հայաստանի Հանրապետությանը։



**- Բայց մտավախություն կա, որ իրենք չեն ընտրի ժողովրդի թեկնածուին, որ, ասենք, ԲՀԿ-ն վերջին պահին ձայները չի տա Նիկոլին։**



- Միակ եղանակը հետեւյալն է՝ ժողովուրդը պահանջում է, փողոցում կանգնում ու ասում է՝ պահանջում եմ։ Այդ պահանջը կատարելով՝ կազնվանա այն պատգամավորը, որը հանցավոր օղակի մեջ էր։



**- Այսինքն՝ հրապարակի ճնշումը պետք է շարունակե՞լ։**



- Միանշանակ՝ նաեւ ուժեղացնել։ Հեղափոխության այս արդյունքը գողանալու փորձ անողներ կլինեն։ Երաշխիքը, միանշանակ, ժողովրդի պահանջն է եւ վճռականությունը։ Մենք կոմունիստական անբովանդակ համակարգից տառապում էինք, քանդվեց դա։ Սրանք էլ են քանդվելու։ Դիմադրողները, տարբեր տիպի կենդանիները, որ հիմա ելույթ են ունենում, նո՞ր են իմացել, որ պրոբլեմներ կան։ Հիմա նրանք կանգնած են ժողովրդական պահանջի եւ իրենց խղճի առջեւ։ Գործընթացն անդառնալի է, իսկ նրանց կողմնորոշումից կախված է միայն այն, թե ինչ կորուստներ կկրենք այդ ճանապարհին եւ կկրե՞նք, թե՞ ոչ:



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ