Հեղափոխության լույսն ու ստվերը

Հեղափոխության լույսն ու ստվերը
Հեղափոխությունները վտանգավոր երեւույթ են։ Նրանք իրենց հետ բազում լավ ու դրական բաներ են բերում՝ հույս, հավատ, համաժողովրդական համախմբում, բայց վտանգներն էլ քիչ չեն։ Համաշխարհային հեղափոխությունների պատմությունը դրա առհավատչյան է՝ ֆրանսիական հեղափոխության առաջնորդները հետագայում գլխատվեցին, Հոկտեմբերյան հեղափոխությունը ծնեց ստալինյան հրեշավոր ռեժիմն ու մի մեռելածին պետություն՝ ՍՍՀՄ-ը, որը 70 տարով հետ շպրտեց Ռուսաստանը քաղաքակրթության սահմաններից։ Բայց հեղափոխություններն անխուսափելի իրողություն են դառնում, երբ պետությունը չի կատարում իր բուն գործառույթները եւ չեն գործում ընտրական մեխանիզմները, որոնք մարդկային դժգոհությունը սուբլիմացնելու եւ կյանքը բարելավելու միակ խաղաղ ձեւն են, որը մարդկությունը կարողացել է մտածել՝ ի հակակշիռ արյունոտ հեղափոխությունների։ Տարիներ շարունակ մենք՝ լրագրողներս, քաղաքագետները, քաղաքական գործիչները, առհասարակ՝ մտածող մարդիկ զգուշացնում էինք, գրում էին, ահազանգում էինք իշխանություններին, որ չի կարելի չարաշահել ժողովրդի համբերությունը։ Չի կարելի լկտիանալ, ծաղրել, թալանել ու արհամարհել ժողովրդին։



Ժողովրդի ցասումն ամենավտանգավոր երեւույթն է եւ երբ լցվում է համբերության բաժակը կարող են անկանխատեսելի իրադարձություններ տեղի ունենալ երկրում, որից կտուժեն ոչ միայն իշխողները, այլեւ պետությունը, հասարակությունը, մեր ազգային խնդիրների կատարումը։ Անգամ «Սասնա ծռերի» ի հայտ գալը բավարար ահազանգ չեղավ, որ իշխանությունը հետեւություններ անի։ Նրան թվաց, որ Ազգային ժողովում կառավարելի զանգված հավաքելով, ընտրությունների ժամանակ 10 հազար դրամներ բաժանելով կարելի է հավերժ մնալ իշխանության։ Կարելի է Սահմանադրություն փոխել եւ արեւելյան տիպի բռնապետական համակարգ ստեղծել, որի «դեմ խաղ չի լինի»։



Եւ Էդուարդ Շարմազանովի, Վահրամ Բաղդասարյանի, Շուշան Պետրոսյանի, մյուսները կարող են էկրաններից ու ամբիոններից մեծախոսել, վիրավորել բոլորին, նվաստացնել հանրությանը, իսկ Հանրապետականն էլ Սերժ Սարգսյանի կերպարից կուռք կերտի եւ հանրությունը դրա դեմ ոչինչ չի ունենա ասելու։ Եթե հանրությանը լուռ-հայեցողական դեր վերապահած մարդիկ մի փոքր տրամաբանելու ունակություն եւ պատմությունից փոքրիշատե գիտելիքներ ունենային կհասկանային, որ «Հանրապետական իդիլիան» չէր կարող հավերժ տեւել։ Մի օր պետք է հայտնվեր Նիկոլ Փաշինյանի նման հեղափոխական առաջնորդ եւ մարդկանց տարիներով զսպված ատելությունն ու զայրույթը հմտորեն կառավարելով «ցարին» վայր նետեր գահից։ Հանրապետականին կործանեց իր ագահությունն ու ցինիզմը, ավելորդ ինքնավստահությունն ու ժողովրդի կարծիքը արհամարհելու, ժողովրդին թերագնահատելու կարճատեսությունը։



Արմինե Օհանյան