Հրապարակվել են 2 քաղաքացու լուսանկարները, որոնք ծեծել են լրագրող Տիրայր Մուրադյանին

Հրապարակվել են 2 քաղաքացու լուսանկարները, որոնք ծեծել են լրագրող Տիրայր Մուրադյանին
«Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպությունն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է այն քաղաքացիների լուսանկարները, որոնք, ըստ նրանց, բռնություն են կիրառել լրագրող Տիրայր Մուրադյանի նկատմամբ։



«Այսօր՝ ժամը 08:40-ի մոտակայքում, կառավարության 3-րդ շենքի մոտ քաղաքացիական հագուստով այս երկու ոստիկանները ծեծի են ենթարկել մեր լրագրող Տիրայր Մուրադյանին (ով լրագրողի բեյջ էր կրում)։ Դեպքը տեղի է ունեցել համազգեստավոր ոստիկանների ներկայությամբ, որոնք չեն միջամտել»,-նշված է գրառման մեջ։



Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկացրել ենք՝ քաղաքացիական հագուստով ոստիկաններն այսօր առավոտյան Sut.am** **կայքի լրագրող Տիրայր Մուրադյանին կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ ծեծել են։ Նրան տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց։ Այս մասին Hraparak.am-ին հայտնել էր կայքի ղեկավար Դանիել Իոաննիսյանը։



Իսկ ավելի ուշ արդեն դատախազության խոսնակ Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրել էր․ ««ԶԼՄ-ներում հրապարակված տեղեկություններն այն մասին, որ «sut.am» կայքի լրագրող Տիրայր Մուրադյանն իր մասնագիտական գործունեությունն իրականացնելիս ենթարկվել է բռնության, ՀՀ դատախազության կողմից ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով ընթացքը լուծելու նպատակով»։