«Մերժի՛ր Սերժին» երթն անգամ փողոց փակեց, ու ոչ մի ոստիկան չհայտնվեց (ֆոտոշարք, տեսանյութ)

«Մերժի՛ր Սերժին» երթն անգամ փողոց փակեց, ու ոչ մի ոստիկան չհայտնվեց (ֆոտոշարք, տեսանյութ)
Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Կասկադից՝ Թամանյանի արձանի մոտից մեկնարկել է [«Մերժիր Սերժին» նախաձեռնության երթը](https://www.hraparak.am/posts/5ab6379388b6a506bb3f18e9/%D5%B4%D5%A5%D6%80%D5%AA%D5%AB%D6%80-%D5%BD%D5%A5%D6%80%D5%AA%D5%AB%D5%B6-%D5%A5%D6%80%D5%A9%D5%B6-%D5%B8%D6%82-%D5%B0%D5%B8%D5%BE%D5%AB%D5%AF-%D5%A1%D5%A2%D6%80%D5%A1%D5%B0%D5%A1%D5%B4%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%B4%D5%A5%D6%84%D5%A5%D5%B6%D5%A1%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8-%D5%BF%D5%A5%D5%BD%D5%A1%D5%B6%D5%B5%D5%B8%D6%82%D5%A9-%D6%86%D5%B8%D5%BF%D5%B8%D5%B7%D5%A1%D6%80%D6%84)։ Նրանք, «Մերժի՛ր Սերժին» պաստառով ու վանկարկումներով Մաշտոցի պողոտայով շարժվեցին դեպի Ամիրյան փողոց ու Հանրապետության հրապարակ, ապա բարձրացան վեր՝ դեպի Ազատության հրապարակ։ Հրապարակում նրանք մի քան րոպե նստացույց արեցին՝ փակելով ավտոմեքենաների ճանապարհը։ Առաջացավ խցանում, Հրապարակից դեպի Ամիրյան փողոց մուտք գործող ավտոմեքենաները, մի քանի րոպե սպասելուց հետո շրջադարձ կատարեցին ու հեռացան։ Երթն առաջնորդող Դավիթ Սանասարյանն ասաց, որ մի քանի րոպե կնստեն ու կհեռանան։ Այդպես էլ եղավ։



Ի դեպ, ուշագրավ է, որ ո՛չ երթի սկզբում, ո՛չ էլ նստացույցի պահին որևէ ոստիկան չերևաց այնտեղ։ Սա տարօրինակ է, քանի որ ոստիկանները ուրիշ դեպքերում, երբ նույնիսկ մի քանի հոգի հավաքվում ու փոքր ակցիա էին անում, մի հսկայական զորք էր ուղարկում՝ ակցիայի մասնակիցներին հսկելու։



Հիմա որևէ ոստիկան չէր ուղեկցում երթի մասնակիցներին, որոնք Մաշտոցի պողոտայի մի հատվածն ամբողջությամբ գրաված՝ քայլում էին։ «Մերժի՛ր, Սերժին» երթին ու այդ վանկարկումներին տեղ-տեղ արձագանքում էին փողոցում նրանց հանդիպող քաղաքացիներն, իսկ վարորդներն էլ ազդանշան էին տալիս մեքենաներից։ Հատկապես ոգևորված էին իրանցի տուրիստները, որոնք նստացույցի պահին հավաքվել ու սելֆի էին անում ցուցարարների ֆոնին։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**