Իմ համար, որպես ՀՀ քաղաքացի եւ 4 թոռնիկի պապիկ, անընդունելի ա, որ Ջինջյան անունը ոչ մեկը չգիտի

Իմ համար, որպես ՀՀ քաղաքացի եւ 4 թոռնիկի պապիկ, անընդունելի ա, որ Ջինջյան անունը ոչ մեկը չգիտի
_Հարցազրույց ՀՀԿ խմբակցության պատգամավոր __**Հարություն Կարապողոսյանի**__՝ __**Սնխչի Հարութի**__ հետ_



**- Պարոն Կարապողոսյան, Սերժ Սարգսյանն օրերս հարցազրույց տվեց ու ըստ էության հայտարարեց վարչապետի պաշտոնում իր առաջադրման մասին։ Դուք ինչպե՞ս ընդունեցիք այդ հայտարարությունը, քանի որ 2014 թվականին Սարգսյանը խոստացել էր, որ այլեւս չի առաջադրվի ո՛չ վարչապետի, ո՛չ նախագահի պաշտոնում։**



Տեսեք խնդիրն ինչումն է․ եթե խնդիրն օրենսդրության, օրենքի դաշտում է եւ ոչ հակասահմանադրական, բնականաբար, իմ համար ընդունելի է։



**- Իսկ խոստո՞ւմը։**



Տեսեք, ինձ հարցնում են՝ ընդունելի՞ է արդյոք դա․ ընդունելին-չընդունելին ո՛չ Սահմանադրություն է, ո՛չ օրենսդրություն։



**- Այսինքն՝ տված խոստումները պետք է լուրջ չընկալե՞լ, կարելի է դրժե՞լ խոստումը։**



Գիտեք, դրանք էմոցիաների դաշտից են, որոնք քննարկման ենթակա չեն, ո՞վ իրավունք ունի քննարկելու։ Ես նախընտրական կամպանիայի ժամանակ բավականին զրույցներ եմ ունեցել ու խոսել եմ։ Հիմա ինչ-որ մեկը գալիս ու ինձ ասում է՝ այ, էս հարցն էսպես չէ։ Ուզո՞ւմ եք ավելի առարկայական բան ասեմ Ձեզ։ Հիշո՞ւմ եք քաղաքապետարանի դեպքերը, դրանցից հետո ինձ մոտեցավ լրագրողներից մեկը, իմ կարծիքն էր հարցնում, ես այդ կարծիքի հետ մեկտեղ մի շատ հետաքրքիր բան պատմեցի։ Ես պատմեցի, որ իմ ընտրողներից մեկից նամակ եմ ստացել, որը խնդրում էր, որ իրեն կորոնոգրաֆիա անեն, եւ ես իմ պատգամավորական միջնորդությամբ դիմում եմ։ Դուք պատկերացնո՞ւմ եք՝ եթե ես չդիմեմ առողջապահության նախարարությանը, դիմեմ բնապահպանության նախարարություն, էդ մարդիկ կասեն՝ սխալ հասցեով ես, չէ՞, եկել։ Բայց ես դա չէի ուզում ասել։ Ես ավելի լուրջ բան եմ հիմա ուզում ասել։ Ես դիմել եմ առողջապահության նախարարություն, նախ ասեմ, որ առողջապահության նախարարությունն ինձ պատասխան չի ուղարկել։ Ընդամենը, երբ իմ աշխատակիցները հարցում են արել, թե ինչու չեք պատասխանում, ասել են, որ պատասխանը կա մեր ընդհանուր բաժնում, թող գան ստանան։ Հիվանդը գնում ստանում է, գրված է՝ քանի որ նա 3-րդ կարգի հաշմանդամ է, իրավունք ունի ցանկացած հիվանդանոցում ստանալ կորոնոգրաֆիա։ Հիվանդը գնում է հիվանդանոց, բնականաբար՝ մերժում են, հիվանդը գնում է պոլիկլինիկա, խոսքը 45 տարեկան երիտասարդի մասին է։



**- Ո՞ր հիվանդանոցն էր մերժում, ո՞ր պոլիկլինիկան։**



Չեմ կարող ասել, բայց պոլիկլինիկայից ինձ զանգեց, ես խոսեցի կարդեոլոգի հետ, սրտաբանը հանգամանալից բացատրեց, որ հիվանդը պիտի հետազոտվի, հետո հարցում բերի, որ ինքը կարողանա ուղեգիր տալ, որ այդ ուղեգրի հիման վրա երրորդ կարգի հաշմանդամը ստանա հետազոտում։ Դա տեւեց մոտ 40 օր։ Երեկ ես մտնում էի դեղատուն, որ կնոջս դեղերն առնեմ, այդ հիվանդի ընկերներից մեկը մոտեցավ ինձ, շնորհակալություն հայտնեց, որ ես ուզում էի իրեն օգնել, բայց ասաց, որ ինքն ինֆարկտից մահացավ։ Սարսափելի ծանր հոգեբանական վիճակում ես հայտնվեցի։ Կարող եք, չէ՞, պատկերացնել, մարդը 40 օր ԱԺ պատգամավորի միջնորդությամբ գնում՝ նախարարություն է անցնում, որ մի հատ ընդամենը կորոնոգրաֆիա պիտի անեն։ Բայց այդ խնդիրը չլուծվեց։



**- Ուզում եք ասել…**



Ուզում եմ ասել, որ բավականին օրենսդրական բացեր էլ ունենք, էդ թղթաբանություն, բյուրոկրատական քաշքշուկ, չգիտեմ ինչ՝ վայ, տվեք ինձ սպռավկա, որ բերեմ ես ուրիշ սպռավկա… Այս ամբողջը պիտի կանոնակարգվի։ Այսօր ես ո՞ւմ կարող եմ մեղադրել այդ հարցով։ Եթե կարգ է գրած, բժիշկը պետք է այդպես անի, այդպես էլ անում է։ Բայց կարելի է, չէ՞, դրանք ռացիոնալ դարձնել։ Բայց դա չի կարելի դարձնել դրոշակ, թափահարել, ասել՝ օօօ… Պետք չէ նման պոպուլիստական բաներ անել, ընդամենը պետք է աշխատել։



**- Մենք խոսում էինք Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու մասին, այս պատմությունը պատմելով՝ Դուք ուզում եք ասել, որ եթե Սերժ Սարգսյանը դառնա վարչապետ, կառավարությունում կարգուկանո՞ն կհաստատվի, մարդիկ չե՞ն մահանա քաշքշուկների պատճառով։**



Չէ, ուղղակի ես ուզում էի ասել, որ եթե հիմա ես սրա մասին բարձրաձայնեմ, պոպուլիզմով զբաղվեմ՝ գիտեք, սա այսպես է․․․ բայց եթե մի քիչ խորանանք եւ ըմբռնումով մոտենանք խնդրին, շատ ցավալի է։ Պացիենտը մահացել է միայն նրա համար, որ չի կարողացել հավաքել պահանջվող թղթերը։ Այն պարագայում, երբ սեւով սպիտակի վրա գրված է՝ 3-րդ կարգի հաշմանդամն իրավունք ունի… Այդ մարդն իր իրավունքից չկարողացավ օգտվել։ Այդտեղ ես ինձ մեղավոր եմ ճանաչում, իրոք վատ եմ զգում, այն աստիճան վատ, որ երեկ ամբողջ օրը ես դեպրեսիայի մեջ եմ, որովհետեւ այդ տղան եկավ, խնդրեց, մարդ է՝ ի վերջո… Կներեք, հուզված եմ։



**- Հիմա Դուք մյուս ՀՀԿ-ականների պես կարծում եք, որ Սերժ Սարգսյանն անփոխարինելի՞ է։ Եթե չեմ սխալվում՝ անկուսակցական եք։**



Ախր ինչի՞ ՀՀԿ-ականների նման… Դուք մտածում եք, որ եթե մարդը ՀՀԿ-ական չէ, ուրեմն այդպես չի՞ կարծում, հլը հարցրեք, հա՞, մյուսներին, այլ կուսակցության անդամներին։ Ես անկուսակցական եմ, ներկայացնում եմ խմբակցությունը, եւ քաղաքական որոշումները բոլորի համար պարտադիր են։ Ես ըմբռնումով էլ մոտենում եմ յուրաքանչյուր հարցին։ Բայց չի կարելի այսքան քաղաքականացնել, քաղաքացին իրավունք ունի մտածելու եւ իր սուբյեկտիվ կարծիքն ունենալու։ Իմ մտածածով՝ ես էլ եմ կարծում, որ մեր երկրի առօրյան, ապագան, մարտահրավերները, ներքին մարտահրավերները պիտի կարգավորվեն, այն թիմը, որ այսօր ստացել է ժողովրդի մեծամասնությունը, պիտի վերցնի այդ լուծը եւ պատասխանատվությունը կրի, վաղն էլ մեկ ուրիշ թիմ կարող է ստանալ, եւ թող նրանք էլ պատասխանատվություն կրեն։ Ինչո՞ւ է ձեզ թվում, որ իշխանությունը հավերժություն է, ընդամենը չորս տարի հետո ընտրություններով կհաղթի մի ուժ, կգա իշխանության եւ ինքը կստանձնի պատասխանատվություն։



**- Դուք կարծում եք, որ 2022 թվականին ՀՀԿ-ն չի՞ լինի իշխանության։**



Չէ, ինչի՞ եմ այդպես մտածում, ժողովուրդն ում ձայն կտա, նա էլ կստանա։ Ես, որպես ՀՀ քաղաքացի, իմ հնարավորության սահմաններում ուզում եմ, որ իմ երկիրը լավ լինի, հզոր լինի, որ ոչ մեկի մտքով չանցնի կրակի իմ սահմանից ներս։ Ես ունեմ երկու տղա, երկուսն էլ զինվորական աֆիցերներ են, ունեմ թոռնիկներ, որոնք, վստահեցնում եմ, ծառայելու են, եթե տասը տարի հետո իմ թոռնիկներից մեկը չծառայի, կգաք կասեք ՝ պարոն Կարապողոսյան, ինչո՞ւ փախավ։



**- Ձեր տղաներից մեկը Վիգեն Սարգսյանի թիկնապահն է, նախարարը դեկտեմբերին ազատեց տխրահռչակ զինվորական Հայկազ Բաղմանյանին, հետո մեկնաբանեց, որ Բաղմանյանը թերացել է աշխատանքում։ Այսօր Բաղմանյանը նշանակվել է ՀԱՊԿ շտաբի պետ, ինչպե՞ս կմեկնաբանեք։**



Կներեք, ինֆորմացված չեմ, չեմ ուզում խոսել մի թեմայի մասին, որից անտեղյակ եմ։



**- Դուք չգիտե՞ք, թե ինչի համար ազատեցին Բաղմանյանին։**



Եթե գիտեմ, դա չի նշանակում, որ պիտի իմանամ, թե որտեղ է ինքը հիմա աշխատում։ Մենք ունենք երկրի գերագույն հրամանատար, հրամանատարն է որոշում՝ ում որտեղ նշանակի։



**- Ստացվում է, որ բանակի ղեկավարը՝ Վիգեն Սարգսյանը, հեռացնում է Բաղմանյանին…**



Քանի որ ես չեմ տիրապետում, ստացվում է՝ ստացվում է… անտեղյակ եմ, չեմ մեկնաբանում։



**- Դուք խորհրդարանի նորեկներից եք, բայց ՀՀԿ-ի պատգամը կարծես չեք հաջողում իրականացնել, նոր շունչ, նոր ոգի հաղորդել, բավական պասիվ եք, ե՞րբ ենք Ձեր ակտիվությունը տեսնելու։**



Շատ մոտ ապագայում։ Եվ, ի վերջո, ակտիվը համարում եք նրանով, որ անպատասխանատու հայտարարություննե՞ր անեմ կամ հարցուպատասխանի ժամանակ հա՞րց քննարկեմ կոնկրետ նախարարի հետ․ դա ես անում եմ գրավոր։



**- Օրենսդրական ի՞նչ նախաձեռնություններով եք պատրաստվում հանդես գալ։**



Ես այսօր ֆրակցիայում քննարկել եմ, նույնիսկ ուզում էի փոխել իմ հանձնաժողովը՝ տարածքային հարցերի, բնապահպանության հանձնաժողովի անդամ եմ։ Ես իմ ամբողջ քարոզարշավը կառուցեցի մշակույթի, գիտության, կրթության ասպարեզի վրա, բայց քանի որ ես Կառավարման ակադեմիան եմ ավարտել եւ պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մասնագետ եմ, ուստի գնացի այդ հանձնաժողով։ Հիմա նեղվում եմ դրանից, որովհետեւ ես ունեմ բազմաթիվ ընկերներ, որոնք սպասում են իմ օրենսդրական նախաձեռնություններին։ Ես այսօր ճշտեցի, որ դրա իրավունքն ունեմ եւ կարող եմ, անդամ չհանդիսանալով, օրենսդրական նախագծեր ներկայացնել մշակույթի ոլորտում։ Այդ ոլորտում ես բավականին կապեր ունեմ։ Վերջերս գնացել էի Հովհաննես Այվազովսկու ցուցահանդեսին, հուսով եմ՝ Դուք էլ եք գնացել։ Ուրեմն նայում եմ․ գիտե՞ք՝ փոքրիկ թղթերի վրա գրված է, թե որտեղից է նկարը ձեռք բերված։ Այնտեղ գիդին հարցրեցի՝ Ջինջյան ազգանունով մարդն ո՞վ է, ինձ պատասխանեց՝ բարերար, որը 37 նկար է նվիրել մեր պատկերասրահին։ Օրինակ իմ համար, որպես ՀՀ քաղաքացի եւ չորս թոռնիկի պապիկ, համարյա անընդունելի ա, որ Ջինջյան անունը ոչ մեկը չգիտի։ Ես շատ կուզեի, որ կերպարվեստի ուսուցչուհին գոնե մի տողով չորրորդ-հինգերորդ, ութերորդ դասարանի աշակերտին գոնե մի տողով ասեր, որ կա այսպիսի բարերար, որն Այվազովսկու նկարներ է հավաքել ու նվիրել Հայաստանի ազգային պատկերասրահին։ Գիտեք, որ այսօր բարեգործությունն աջ ու ձախ թմբկահարվում է, բա դրանից ավելի մեծ բարեգործությո՞ւն։



**- Դա երկրի ամենաառանցքային խնդիրներից մե՞կն է՝ Ձեր պատկերացմամբ։**



Առանցքային չէ, բայց երեխայի դաստիարակության մեջ դա մի կաթիլ է, բայց այդ կաթիլներից է ձեւավորվում երեխայի հոգեբանությունը։ Այսինքն՝ երեխան ի՞նչ տեսնի, միայն այն, ինչ առօրյայում մենք թմբկահարո՞ւմ ենք։



**- Օրինակ՝ դա ի՞նչ կփոխի երեխայի աշխարհայացքում, դաստիարակության մեջ։**



Իսկապե՞ս չգիտեք… մշակույթը դաստիարակության հիմքն է։ Ես դրա համար ուզում եմ մշակութային ոլորտ մտնել, որտեղ բավականին բաց տեղեր ունենք։ Հիմա ես չեմ ուզում օրինակներ ասեմ իմ իդեաներից, որոնց մասին արդեն գրած ունեմ։ Օրինակ՝ թոշակավորման հետ կապված․ շատ գրողներ ողջ կյանքում միայն գրում են, ստեղծագործում, 30 տարի գիրք է գրել, ոչ մի տեղ չի աշխատել, ուրեմն ստաժ չպիտի՞ ունենա ու ստանա 20 հազար դրամ՝ այն դեպքում, երբ 20 հատոր է գրել։ Սա բացթողում չի՞։ «Ժողովրդական նկարիչ» անունը կրող մարդը չի թոշակավորվում․ ի՞նչ, աղքատության մեջ մեռնի՞ էդ մարդը։



**- Հետաքրքիր է, որ նախկինում լինելով սնխչի, ենթադրվում էր, որ առողջապահական ոլորտի նկատմամբ պետք է հետաքրքրություն ցուցաբերեիք։**



Դա սնխչի չի, եթե Դուք իմ ամբողջ ռեպերտուարին ծանոթանաք, կտեսնեք, թե ինչեր եմ անում, աստված չանի՝ ես ձեզ պետք գամ։ Իսկ անցումը դժվար չէր, որովհետեւ 95-ից ես քաղաքականությանն առնչվել եմ, թեկնածություն եմ առաջադրել, ավագանի եմ եղել, 10 տարի ԲՀԿ-ական եմ եղել։



**Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ**