Կառավարության նիստերը փակում են, որ լրագրողներն ավելի պրպտուն դառնան

Կառավարության նիստերը փակում են, որ լրագրողներն ավելի պրպտուն դառնան
Հարցազրույց ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր, նախկին լրագրող **Մարգարիտ Եսայանի** հետ



-**Սահմանադրությունը փոխելուց առաջ Ձեր թիմը հավաստիացնում էր, թե դա արվում է ավելի ժողովրդավարական պետություն ունենալու համար։ Նպատակը միահեծան իշխանության կազմաքանդումն էր եւ հակակշիռների վրա հիմնված խորհրդարանական մոդելին անցումը։ Հիմա, երբ իրողություն են նոր Սահմանադրությունը եւ դրանից բխող օրենքները, չե՞ք կարծում, որ իրականում հակառակը եղավ, ժողովրդավարության նահանջ ունենք, վերացվեց նախագահի ուղիղ ընտրությունը, կառավարության նիստերը կլինեն փակ եւ շատ այլ բաներ, որոնք վկայում են նահանջի մասին**։



-Ե՛վ հարցադրումն է շատ կարեւոր, ե՛ւ, բնականաբար, շեշտադրումն է ինձ համար հասկանալի, որովհետեւ մեզ մոտ արմատական փոփոխություններ են կատարվել, Սահմանադրություն ենք փոխել, օրենքներ եւ երկրի կառավարման համակարգ։ Վստահաբար՝ ցանկացած երկրում էլ նման դեպքում պետք է լինեին այդ կասկածները՝ արդյոք ճիշտ ճանապարհո՞վ ենք գնում, արդյոք այդ փոփոխությունները մեզ դեպի ժողովրդավարությո՞ւն են տանում։ Եթե մեկ բառով պատասխանեմ՝ այո, վստահ եմ, սակայն շարունակելով միտքս պետք է ասեմ՝ վստահ եմ, այո, սակայն դրա արդյունքները մեզանից ոչ մեկը հենց հիմա, այս պահին չի զգալու։ Որովհետեւ սա բարդ եւ ժամանակ պահանջող գործընթաց է։ Բոլոր դեպքերում, անձամբ ինձ համար, որպես քաղաքական իշխող ուժի ներկայացուցչի, եւ վստահ եմ՝ նաեւ ողջ կուսակցության համար դա է ցանկությունը։ Իսկ թե կոնկրետ երբ տեսանելի կլինի արդյունքը, դա բոլորովին այլ խնդիր է։



-**Օրինակ, կառավարության նիստերը փակելու որոշման մեջ ի՞նչն է ժողովրդավարական, ի՞նչ արդյունք պետք է զգանք դրանից**։



-Ես այն լրագրողներից եմ, որն աշխատել է դռնբաց կառավարության նիստերի ժամանակ։ Այսինքն՝ մենք տեսել ենք, ներկա ենք եղել այդ նիստերին։ Երբ Վազգեն Սարգսյանը վարչապետ էր, ես էի լուսաբանում կառավարության նիստերը։ Գուցե Ձեզ համար այս պահին վիճելի է, բայց ինձ համար հասկանալի է, որ միշտ չէ, երբ նիստերը բաց են, լրագրողների նյութերը դրանից շահում են, եւ միշտ չէ, երբ նիստերը բաց են, կառավարության աշխատանքը դրանից շահում է։ Ես հիշում եմ, երբ Անդրանիկ Մարգարյանը դարձավ վարչապետ եւ որոշում կայացրեց, որ լրագրողներս նիստերին այլեւս չենք հետեւելու, նույն բողոքի ալիքը բարձրացավ լրագրողներիս շրջանում։ Սա բնական է, չորրորդ իշխանության ներկայացուցիչները միշտ էլ ուզում են ամեն ինչ ավելի բաց տեսնել, շատ բնական, ճիշտ ու լավ մղում է, բայց էլի պիտի կրկնեմ, որ բաց լինելուց ո՛չ լրագրողի աշխատանքն է շահում, ո՛չ կառավարության։ Էլի կառավարության աշխատանքները բաց են լինելու, բայց չեմ կարծում, երբ այս կամ այն լրագրողը գրեց, թե վարչապետն ինչ հայացքով նայեց այս կամ այն նախարարին, դրանից նյութը շահելու է։ Ավելին՝ փակ իրավիճակում լրագրողներն ավելի պրպտուն են դառնում, քան բաց։



-**Այսինքն՝ այդ որոշումը մեր շահերից ելնելո՞վ են արել, որ մենք ավելի շատ պրպտենք, ոչ թե, ասենք, այն բանի համար, որ Սերժ Սարգսյանն է դառնալու վարչապետ ու առանձնապես դրական վերաբերմունք չունի լրագրողների նկատմամբ**։



-Ես նախ չգիտեմ, թե ով է լինելու վարչապետ, եթե Դուք գիտեք, դա ուրիշ բան, բայց մեր կուսակցությունում դեռեւս որոշում չի կայացվել այդ մասին։ Անկախ նրանից, թե ով նստի վարչապետ, կառավարությունն արդեն այդ որոշումը կայացրել է, եւ դրանից չի տուժելու ո՛չ կառավարության, ո՛չ լրատվամիջոցների աշխատանքը։ Բայց, որպես լրագրող, Ձեր պահանջը շատ արդարացի եմ համարում, ես էլ, որպես լրագրող, միշտ պայքարել եմ, որ ամեն բան բաց լինի, բայց երբ որ փակ է, դու ավելի պրպտող ես դառնում, քան այն ժամանակ, երբ աչքիդ առաջ է։ Ի դեպ, ես չեմ կիսում Ձեր կարծիքը, թե Սերժ Սարգսյանը լրագրողներին չի սիրում, սա ասում եմ որպես իր հետ երկար տարիներ աշխատած լրագրող։ Ես պիտի հիշեցնեմ, որ ամեն չորեքշաբթի, երբ կառավարությունը գալիս էր Ազգային ժողով, Սերժ Սարգսյանը, որ պաշտպանության նախարարն էր, ամենահասանելի նախարարն էր վարչապետից հետո, ամենահասանելին Անդրանիկ Մարգարյանն էր, հետո՝ Սերժ Սարգսյանը։ Եվ չի եղել որեւէ խնդիր, հարց, որ մենք լրագրողներով մոտենանք, ինքը չպատասխանի։ Իսկ եթե եղել է արտառոց դեպք, ինքն ասում էր՝ երեխեք ջան, հիմա դրա ժամանակը չէ։



-**Բայց նախագահի պաշտոնում Սերժ Սարգսյանից մենք իմացանք, որ գաղջ մթնոլորտի պատճառը լրագրողներս ենք**։



-Ես նրա նախագահության առաջին 5 տարիներին լրագրող եմ աշխատել, եւ, անկեղծ ասած, ինձ համար խնդիր չի եղել, ես միշտ ազատ եմ եղել, չեմ կարող ես դա պնդել։ Կոնկրետ ինձ հետ կապված խնդիր չի եղել, ամեն հարց ստացել է իր պատասխանը։



-**Վերադառնանք նորից ժողովրդավարության նահանջ արձանագրող քայլերին․ օրինակ՝ ինչո՞ւ չպիտի ժողովրդավարական երկրում չհրապարակվեն ներման խնդրագրերը, «Ներման մասին» նոր օրենքում ընդդիմադիրների այդ առաջարկը չընդունվեց։ Հանրությունն ինչո՞ւ չպետք է տեսնի, թե ՀՀ վարչապետն ինչ հոդվածով է ներում շնորհում, որ դատապարտյալն է արժանանում, ում կողմից է խնդրագիր ներկայացվել եւ այլն**։



-Բնական է, որ մեր ընդդիմադիրներն ինչ-ինչ հարցերի հետ կապված անհամաձայնություն հայտնեն, բայց երբ որ մենք Սահմանադրություն էինք փոխում, Ընտրական օրենսգիրք, Ձեր նշած Սահմանադրությանը համապատասխանող մոտ 140 օրենք, այդ ընթացքը եղել է շատ սահուն, Սահմանադրության հետ կապված՝ մեր գործընկերներից շատերն իրենք են առաջարկներ արել, եւ հիմա գալ ու սրեր ճոճել՝ ճիշտ չեմ համարում։ Սահմանադրությունը փոխելու ժամանակ այս կարգի պահանջներ ու դժգոհություններ չկային։ Իմ ցանկությունն է՝ լինել ժողովրդավարական պետություն, բայց երբ որ ինչ-որ բան այնպես չի լինում կամ դանդաղ է լինում, ճիշտ չէ կտրուկ գնահատական տալ։



-**Սահմանադրական բարեփոխումների ընթացքում փետրվարյան հայտնի նիստում Ծառուկյանի հետ կատարվածից հետո ինչպե՞ս պետք է ընդդիմադիրները շարունակեին ընդվզել փոփոխությունների դեմ**։



-Բայց սահմանադրական բարեփոխումները մեկ ամսում չիրականացան, դրանք երկարատեւ գործընթացի արդյունք են, դա սկսվել էր փետրվարից առաջ եւ շարունակվեց դրանից հետո։



-**Այո, բայց փետրվարից հետո չշարունակվեց ընդդիմադիրների պայքարը դրա դեմ, եռյակ-քառյակը տրոհվեց հասկանալի պատճառներով**։



-Քանի դեռ մենք խնդիրները չենք ուզում լուծել խաղաղ, բանակցային, մեկը մյուսին լսելու ճանապարհով եւ ընտրելու ենք բողոքի, ընդվզումի ճանապարհով, շատ հեռու չենք գնալու, կարծում եմ՝ ճիշտը համագործակցությունն է, որի արդյունքում մենք կարող ենք տեսանելի արդյունքների հասնել։



-**Արդյունքում մենք կունենանք ավտորիտար ռեժիմ։ Ձեզ չի՞ մտահոգում, որ արտաքին աշխարհում մենք Ադրբեջանի հետ նույն հարթությունում կհայտնվենք, նրանք Սահմանադրությունը փոխեցին հատուկ Ալիեւի համար, մերի արդյունքում Սերժ Սարգսյանի իշխանությունն է հարատեւելու**։



-Խնդրում եմ՝ այդ զուգահեռը մի արեք, որովհետեւ բացարձակ հիմնավոր չեն։ Ես, որպես միջազգային կառույցներից մեկում՝ Ֆրանկոֆոնիայում աշխատող պատգամավոր, վստահեցնում եմ Ձեզ, որ Հայաստանի հանդեպ կա բացարձակ հարգալից վերաբերմունք։



-**Դե, երեւի իրենց էլ եք այսպես հավատացրել**։



-Հետեւեք ԵԽԽՎ-ի նիստերին եւ կհասկանաք, որ չի կարելի զուգահեռներ անցկացնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։



-**Դուք համաձայն չե՞ք, որ ստեղծվում է սուպերվարչապետական համակարգ եւ այն պատճառով, որ վարչապետը լինելու է ձեր կուսակցության ղեկավարը**։



-Ես համաձայն չեմ, որ Ձեր նշած սուպերվարչապետական մոդել է ստեղծվում, որովհետեւ վարչապետի, կառավարության դերի մեծացումը եղել է դեռեւս 2005թ․ սահմանադրական փոփոխություններով, մենք հիմա չենք դրել այդ հիմքերը, վարչապետի լիազորություններն արդեն մեծ էին։



-**Բայց մենք 2015 թվականին փոխում էինք, որ միահեծան իշխանություն չլինի, հավասար դաշտ գործի, հակակշիռների մեխանիզմ**։



-Մենք հիմա ընդամենը օրենքները համապատասխանեցնում ենք նոր՝ խորհրդարանական համակարգին։



-**Որը, փաստորեն, էլի իշխանությունը կենտրոնացնելու է մեկ անձի՝ վարչապետի ձեռքում**։



-Ոչ, կենտրոնացնում է պառլամենտի ձեռքում եւ այն ուժերի, որոնք գալիս են խորհրդարան։ Բայց, կրկնում եմ՝ արդյունքը միանգամից տեսանելի չի լինելու։



-**Փոխարենը հիմա տեսանելի են շատ բաներ, օրինակ, ներման հարցը Սահմանադրությամբ վերապահված է ՀՀ նախագահին, մինչդեռ «Ներման մասին» օրենքով՝ վարչապետին**։



-Որեւէ հակասություն Սահմանադրության հետ, վստահաբար, չկա, եթե նախագահի լիազորությունները քիչ թե շատ նվազում են, քան այսօր է, բնական է՝ պետք է բերվեն օրենքներ, որ համապատասխանեցվեն այն լիազորություններին, որն ունի նախագահը։



-**Ասացիք, որ չգիտեք, թե ով է լինելու հաջորդ վարչապետը, Ձեր կուսակից Արմեն Աշոտյանը, մինչդեռ, պնդում էր, որ սա այն դեպքն է, երբ բոլորը գիտեն, թե ֆիլմն ինչպես է ավարտվելու, Դուք չե՞ք հետեւում այդ ֆիլմին**։



-Ես չհասկացա դա ինչ կինո է, մենք, իհարկե, ամեն մեկս ունենք մեր տեսլականը, առաջարկություններ, բայց դեռ չենք քննարկել։



-**Լավ ճանաչելով Սերժ Սարգսյանին եւ հիշելով նրա նախկին հայտարարությունները, որ այլեւս ղեկավար պաշտոն չի զբաղեցնելու, ի՞նչ եք կարծում՝ կհամաձայնի՞, եթե իր թեկնածությունը «առաջադրվի»**։



-Գիտեք, չգիտեմ, ես Սերժ Սարգսյանի փոխարեն չեմ կարող պատասխանել, բայց մենք, որպես քաղաքական միավոր, այս հարցը չենք քննարկել։







**Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ**