Բայց ես, սիրելիս, հասկանո՞ւմ ես, էդ ոլորտի գուրուն չեմ

Բայց ես, սիրելիս, հասկանո՞ւմ ես, էդ ոլորտի գուրուն չեմ
Կառավարությունը 2018 թվականի բյուջեով որոշեց ընթացիկ ծախսերն ավելացնելու փոխարեն այդ գումարը ներդնել կապիտալ ծախսերի մեջ։ Այսինքն՝ մարդկանց թոշակներն ու աշխատավարձերը 5 հազար դրամով ավելացնելու փոխարեն նախընտրեցին ճանապարհները սարքել, ոռոգման համակարգը բարելավել, ինֆրաստրուկտուրաներ ստեղծել եւ այլն։ Սա, ըստ նրանց, բերելու է տնտեսական այնպիսի էֆեկտի, որ հետագայում կարողանան ավելի վստահ կերպով բարձրացնել թոշակներն ու պետական սեկտորի աշխատավարձերը։ Կապիտալ ծախսերի ներդրման համար 2018-ի բյուջեով նախատեսել են 158.7 մլրդ դրամ։ Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը բյուջեի ընդունումից ի վեր սա է փորձում համոզել քաղաքացիներին, որոնք, չհավատալով կառավարության խոստումներին, նախընտրում են իրենց մաշկի վրա այսօր եւեթ զգալ թոշակների բարձրացումը, քան ճանապարհների բարեկարգումը, որը Հայաստանում ֆանտաստիկայի ժանրից է։



Արամյանին խնդրեցինք պարզ ու հասկանալի լեզվով բացատրել, թե որ ոլորտներում են ներդնելու այս 158.7 մլրդ դրամը, որ մենք էլ բացատրենք, օրինակ, Տավուշի մարզի մեր տարեց ընթերցողին, ով ֆինանսատնտեսագիտական հաշվարկներից ոչինչ չի հասկանում, թե ինչ է շահելու ինքն իր մարզի Մ6 ճանապարհների կառուցումից, որը պետք է ավելի օգտակար լինի, քան իր թոշակի բարձրացումը։ Արամյանի նեղ մասնագիտական բառապաշարով բացատրություններից, սակայն, հազիվ թե հասարակ քաղաքացին, ով տնտեսագետ չէ, հասկանա «այն բարի ցանկությունը», որ դրել է կառավարությունը 2018-ի բյուջեի հիմքում։



«Այդ ամբողջ գումարի (158.7 միլիարդ դրամի) գերակշիռ մասը կուղղվի երեք ոլորտի՝ ճանապարհներ, էներգետիկա եւ գյուղ։ Ճանապարհների մասով մեծ ծրագիր կա՝ Մ6 ճանապարհի, «Հյուսիս-հարավի» վերանորոգումը եւ մի քանի ծրագրեր, որոնք կենսական նշանակության ճանապարհների մասով են»,- մեզ հետ զրույցում ասաց նախարար Արամյանը։



**-Այս ծրագրերի մուլտիպլիկատիվ էֆեկտը հաշվարկվա՞ծ է: 2018-ի դեկտեմբերին ի՞նչ տնտեսական արդյունք կունենա այս ճանապարհների թեկուզ մի մասի կառուցումը։ Այսինքն՝ այդ կապիտալ շինարարության մեջ ներդրումները ե՞րբ եք ակնկալում հետ ստանալ**։



-Էդպիսի գործիքներ չկան, բարդ է դա գնահատել։ Գլոբալ գնահատական կա։ Օրինակի համար՝ եթե մեկ տոկոսային կետով ընթացիկ ծախսերը նվազեցնես եւ մեկ տոկոսային կետով կապիտալ ծախսերն աճեցնես ՀՆԱ-ի մեջ, իրականում թվում է, թե նույն էֆեկտն է լինում, չէ՞, դու ընթացիկ ծախսերով ավելի քիչ փող ես ներարկում տնտեսության մեջ, կապիտալ ծախսերով համեմատաբար ավելի շատ ես ներարկում, բայց, իրականում, դա տնտեսական աճի վրա 0.7 տոկոսային կետով դրական ազդեցություն է թողնում։ Մենք էդ գնահատականներն ունենք մակրոմակարդակով։



-**Ասացիք՝ գյուղոլորտում էլ եք ներդրում անելու, ոռոգման համակարգեր եք կառուցելու եւ այլն։ Հաշվարկ ունե՞ք, թե 2019, 20 թթ․ կունենաք այն էֆեկտը, որ ժողովուրդն էլ համոզված լինի՝ մեկ տարի էլ համբերի՝ լավ է լինելու**։



-Քո ասածը որակական ցուցանիշներն են։ Այդ որակական ցուցանիշները պետք է բացենք յուրաքանչյուր գերատեսչության… բայց ես, սիրելիս, հասկանո՞ւմ ես, էդ ոլորտի գուրուն չեմ։ Դու հիմա ինձ հարց ես տալիս որորտային քաղաքականությունների մասին, բայց ես…



-**Այդ կապիտալ ծախսը դուք եք ներդրել, պարոն Արամյան, դուք չունե՞ք պատկերացում՝ ինչ ազդակներ կունենա դա**։



-Ճիշտ է։ Գլոբալ առումով մենք ունենք գնահատական, թե ինչքան կապիտալ ծախսն ինչքան տնտեսական էֆեկտ է ունենում։ Ունենք բազմաթիվ գործիքներ։ Ես ասում եմ՝ մենք ունենք այդ գործիքակազմը, որ 1 տոկոսային կետով ցածր ընթացիկ ծախս ենք անում եւ 1 տոկոսային կետով բարձր կապիտալ ծախս ենք անում, էֆեկտը տնտեսական աճի վրա 0.7 տոկոսային կետ է: Էդ գործիքակազմը մենք ունենք։ Կոնկրետ ծրագրերի մասով, միկրոմակարդակով, կոնկրետ ոլորտային, թե ճանապարհներից որը պետք է ընտրեն, դա արդեն կոնկրետ նախարարություններն իրենց գերատեսչական գործիքակազմով են կատարում։ Դրա արդյունքում, որպեսզի մենք էդ բանավեճից ձերբազատվենք, աստիճանաբար ներդնելու ենք ծրագրային բյուջետավորումը։





**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**