«Առաջամարտիկները» - 2

«Առաջամարտիկները» - 2
Նրանք գավառական քաղաք էին իջել լեռնային գյուղերից եւ տեղավորվել ինտերնացիոնալ մանկավարժական ինստիտուտում: Պրոռեկտոր Նաջաֆ Գուլիեւի հետ ամեն եռամսյակ քննարկում էին ուսանողության դաստիարակության ծրագիրը, դասախոսություններին հաճույքով մեջբերում կոմունիստական առաջնորդ Հեյդար Ալիեւի ասույթները: Նրանք ուսանողներին հանձնարարում էին գիտական աշխատանքներ գրել հայ-ադրբեջանական գրական կապերի, պրոլետարական Բաքվի եւ Սամեդ Վուղունի մասին:



Տարիների հետ նրանք Բաքվում մեկ-երկու գրքույկ էին տպագրում, գովում էին Ադրբեջանի օդը, երկինքը, ջուրը, ադրբեջանցիների աշխատասիրությունը, պատվախնդրությունը եւ նվիրվածությունը մայր հողին, որի մի մասնիկն էլ Ղարաբաղն էր: Հանրապետական եւ տեղի մամուլում նրանք բանաստեղծություններ էին ձոնում Զեյնաբ Խանլարովային, դաշտերի տիրուհի Բաստի Բագիրովային, սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս Խանլար Սաֆարալիեւին, թատրոնում կռվում էին, թե «Վագիֆ» դրամայի գլխավոր հերոսուհու՝ Խուրամանի, դերն ում է բաժին ընկնելու: Նվիրվածության դիմաց նրանք արժանանում էին պատվոգրերի, մի քանի տարվա չարչարանքից հետո պաշտպանում թեկնածուական եւ դիրքավորվում դոցենտության համար պայքարի առաջնագծում, որտեղ հաղթում էին առավել ճարպիկները, լեզվանիները, որ հասցրել էին կիսառուսերեն սովորել եւ ժողովներում ելույթ ունենալ ազգամիջյան հաղորդակցության լեզվով:



Նրանք ընդունելության քննություններից հետո հասանելիքը չոր գումարով փոխանցում էին պրոռեկտոր Նաջաֆ Գուլիեւին, գնում էին «Ժիգուլի» մեքենա, կառուցում ավտոտնակ, քաղաքից դուրս՝ փոքրիկ ամառանոց, որտեղ արձակուրդներին լիուլի վերհիշում էին գյուղացիական իրենց անցյալը, թաքուն հարբում եւ հայհոյում աշխարհի անարդարությունները, որ չեն կարողանում դոկտորական գրել, տպագրել հերթական գիրքը կամ մարզային ռադիոյով անցկացնել բանաստեղծությունների հերթական շարքը:



Դասախոսություններին նրանք հետաքրքրասեր ուսանողներին սպառնում էին ստուգարք չնշանակել, խուսափում էին Ղարաբաղի, Նախիջեւանի մասին ցանկացած հարցից, չէին հիշում, որ կա ապրիլի 24: Աշխարհը նրանց համար մի մե՜ծ-ինտերնացիոնալ Ադրբեջան էր, որի ծոցում ծաղկում եւ բարգավաճում էր Ղարաբաղը: ...Փետրվարյան մի առավոտ նրանք լսարան մտան եւ տեսան, որ բոլոր նստարանները դատարկ են, ուսանողությունը գնացել է ցույցի: Նրանք շտապ հավաքվեցին կուսկոմիտեի քարտուղար Բաշիր Ֆարաջեւի մոտ՝ տեսնելու, թե ինչ հրահանգ կա, բայց նրան գտան կատարյալ հուսահատության եւ խորը վշտի մեջ: «Միասում սգսվավ»,- նրանց գուժեց կուկոմիտեի քարտուղարը: Եւ նրանք հասկացան, որ աշխարհում շատ կարեւոր փոփոխություն է տեղի ունեցել:



Հաջորդ օրը նրանք մեկին պատվիրակ ուղարկեցին ցուցարարների մոտ: Նա վեհերոտ մոտեցավ ամբիոնին, խոսք խնդրեց: Ցուցարարները չմերժեցին: Թանկարժեք մուշտակի մեջ շուլալված՝ այդ կինն ամբիոն բարձրացավ եւ մոտ մեկ ժամ խոսեց: Մարդիկ նրան չսուլեցին: Եւ դա ազդանշան եղավ նաեւ մյուսների համար: Նրանք նույնպես դարձան առաջամարտիկ: Եւ երեսուն տարի անց արդեն կատարյալ ոգեւորության մեջ՝ նրանք պատմում են, թե ինչպես կազմակերպվեց ուսանողական առաջին ցույցը, ինչպես մանկավարժական ինտերնացիոնալ ինստիտուտից ադրբեջանցիները տեղափոխվեցին Շուշի, ինչպես իրենք հացադուլ հայտարարեցին եւ ենթարկվեցին տնային կալանքի: Պատմությունն այն չէ, ինչ եղել է: Պատմությունը նրանն է, ով հասցնում է այն գրել:



[«Առաջամարտիկները»](https://www.hraparak.am/posts/5a7d4c5dd048cc3c81f7b6b4) 1



**Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ**