COVID 19-ը նվազեցրել է կառավարության վստահելիությունը

 COVID 19-ը նվազեցրել է կառավարության վստահելիությունը

Երբ COVID 19-ը նոր թափ էր հավաքում, բայց Հայաստանում արդեն արտակարգ դրություն էր հայտարարված, մենք՝ ՀՀ քաղաքացիներս, «պարետ Տիգրան Ավինյան» ստորագրությամբ կարճ հաղորդագրություններ էինք ստանում։ Օրինակ, մարտի 28-ին ստացել ենք հետեւյալ բովանդակությամբ SMS-ը․ «Կառավարության ջանքերն արդյունավետ են, քանի որ դուք մեզ աջակցում եք։ Շնորհակալություն տանը մնալու եւ վիրուսի տարածումը կանխելու համար»։

Սուր աչքը կնկատի, որ սա ավելի շատ ինքնագովազդ է, քան հանրային իրազեկում․ այդ օրը վարակման 43 դեպք էր գրանցվել, իսկ մահ դեռ չկար։ Առաջին մահը գրանցվեց մարտի 26-ին։ Այս ինքնագովազդից երկու ամիս անց՝ մայիսի 25-ին, երբ գրանցվել էր վարակման 452 դեպք՝ ավելի քան ութ անգամ ավելի, եւ արդեն 87 մահ, Տիգրան Ավինյանի ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց․ «Իմ եզրակացությունն այն է, որ, ըստ էության, մեր սխալը, որը կարելի է կոնկրետ ձեւակերպել, հետեւյալն է՝ մենք չափից ավելի մեծ վստահություն ենք տածել մեր հայրենակիցների անհատական պատասխանատվության գործոնին։ Որովհետեւ մեր հաշվարկը հետեւյալն է՝ երբ որեւէ մեկը չվարակվելու համար կանխարգելիչ գործողություններ է ձեռնարկում, ի վերջո այդ կանխարգելիչ գործողությունները ձեռնարկում է ինչի՞ համար։ Ի վերջո՝ ո՛չ կառավարության համար, ո՛չ վարչապետի համար, ո՛չ՝ պետական կառավարման համակարգի, այլ, առաջին հերթին՝ ինքն իր համար։ Եվ, հետեւաբար, մեր ամբողջ ռազմավարությունը եղել է այն, որ մենք ինչ-որ մի ժամանակաշրջան մարդկանց ներկայացնենք իրավիճակի լրջությունը, այդ ժամանակաշրջանում որոշակիորեն ընդլայնենք մեր առողջապահական համակարգի հզորությունները, որից հետո գնանք բացման եւ մարդկանց կարողանանք ներկայացնել 100 տոկոսին ձգտող երաշխիքներ, որոնց պարագայում իրենք կխուսափեն կորոնավիրուսով վարակվելուց»։

Հարց է առաջանում․ ինչո՞ւ մարտի 25-ին կառավարությանը վստահող ու հանուն կառավարության բարձր արդյունավետության իրեն ճիշտ պահող քաղաքացին հանկարծ սկսեց իրեն վատ պահել, ինչի հետեւանքով վարակը տարածվեց ամբողջ երկրով մեկ։ Ի՞նչ պատահեց, որ երկու ամսում կառավարության վստահելիությունը նվազեց ավելի քան 8 անգամ՝ 43 դեպքից աճելով 452-ի։
Գուցե քաղաքացին տեսավ, որ կառավարությունը վարակի տարածումը կանխարգելելու փոխարենը լծվել է  ընկնող վարկանիշը վերականգնելու գործի՞ն։ Գուցե հասկացավ, որ  ընտրյալներին ավելի շատ հուզում է նախկինների հետ վիրտուալ կռիվներ մղելը, աղմկոտ ձերբակալություններ բեմադրելը, թաքնված վտանգներով կոնվենցիաներ վավերացնելը, քան սեփական ժողովրդի առողջությո՞ւնը։

Տեսավ, վերլուծեց ու հասկացավ՝ եթե կառավարությունն այնքան էլ կարեւորություն չի տալիս համավարակին ու լուրջ քայլեր չի ձեոնարկում դրա տարածումը կանխելու համար, ուրեմն ինչ-որ բան ուռճացված է։ Հետեւաբար, ինչո՞ւ ծախս անել՝ դիմակ-ձեռնոց գնել, մանավանդ որ միջազգային մասշտաբի բժիշկները հորդորում են չկրել։

Քաղաքացին հասկացավ, որ կառավարությունը, ի դեմս ղեկավար կազմի, այլեւս այն չէ, ինչ էր հեղափոխությունից 1,5 տարի անց։ Հասկացավ, որ այլեւս չի վայելում այն վստահությունը, որ ուներ մինչեւ կորոնավիրուսը։ Այդ մասին փաստում են երկու ամսում վարակի ու մահերի ահագնացող թվերը։ Թվեր, որոնք չեն կարող չանհանգստացնել Նիկոլ Փաշինյանին ու Տիգրան Ավինյանին։