Պարապ մնալը երկար չտեւեց

Պարապ մնալը երկար չտեւեց
Կապանի համայնքապետ Աշոտ Հայրապետյանի որոշմամբ հունվարի 22-ից «Կապանի մանկապատանեկան ստեղծագործության կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար է նշանակվել Լեւոն Մարգարյանը: Նախկին տնօրենը՝ Ռուզաննա Ավանեսյանը, աշխատանքից ազատվել է իր դիմումի համաձայն: Թե ինչն է ազատման պատճառը, արդյո՞ք թոշակի անցնելու հանգամանքը՝ համայնքապետարանում դժվարացան նշել: Պարզեցինք, սակայն, որ տկն Ավանեսյանը վաղուց թոշակի տարիքի էր, սակայն աշխատում էր: Նա Կապանի նախկին քաղաքապետ Ա. Աթայանի օրոք՝ 2012-ին էր նշանակվել ՀՈԱԿ-ի տնօրեն:



Ինչ վերաբերում է Մարգարյանին, ապա նա 2012-2013 թթ. Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետի պաշտոնակատար է եղել, իսկ 2013-2017թթ. եղել է Կապանի թիվ 1 հիմնական դպրոցի տնօրեն:



Նա, ի դեպ, իր հարցազրույցներից մեկում, անդրադառնալով կենսաթոշակառու ուսուցիչների եւ երիտասարդ կադրերի շահերի բախմանը, մասնավորապես նշել էր. «Կենսաթոշակի տարիքի հասած մանկավարժը պետք է մեծություն ունենա եւ ինքնակամ զիջի իր տեղը երիտասարդներին»: