Գավառական զառանցանքների շարքից

Գավառական զառանցանքների շարքից
Որոշ մարդիկ հայտարարում են, որ տխուր երգերը, գեղարվեստական ստեղծագործություններն ու ֆիլմերը, որտեղ մեր ազգի ողբերգական վիճակն է պատկերվում, մեր խեղճությունն է պատկերվում, պիտի արգելվեն, որովհետև դրանց պատճառով խեղճ ու անօգնական ենք դառնում: Այդ մարդիկ խորհուրդ են տալիս ռազմահայրենասիրական ոգով դաստիարակել սերունդը, ըստ նրանց ազգը ոգևորող խրոխտ երգեր ու բանաստեղծություններ պիտի լսեն մարդիկ, հզոր հային պրոպագանդող ֆիլմեր պիտի նայեն ու էլի այսպիսի գավառամիտ հիմարություններ:



Այդ ընկերները չեն հասկանում, որ աղը կուլ տալուց ինչքան էլ գոռաս «վայ էս ինչ քաղցր է», միևնույնն է, բերանումդ քաղցր չի լինի: ԱՄՆ-ն աշխարհի ամենահզոր գերտերությունն է, ու այն շրջանում, որ արագ տեմպերով առաջ էր անցնում մյուս տերություններից, նախկին ստրուկների թախծի ու անելանելի խեղճության երգերը, որոնք բլյուզ են կոչվում, ամենապոպուլյարն էին այնտեղ: Ու ընդհանրապես եթե ուսումնասիրենք արևմտյան աշխարհի արվեստի ու գրականության զարգացման փուլերը, ապա կտեսնենք, որ նրանք վաղուց արդեն հրաժեշտ են տվել միջնադարյան ասպետական հերոսապատումներին ու ռոմանտիկական մյուս դրսևորումներին, նրանք վաղուց անցել են ռեալիզմին, այսինքն՝ առանց վախենալու ու նախապաշարմունքների կյանքը նկարագրում են այնպես, ինչպես որ կա: Էլ չեմ ասում սյուրռեալիզմի, էկզիստենցիալիզմի, մոդեռնիզմի ու պոսմոդեռնիզմի և մնացած իզմերի մասին, որոնցում գավառական պոռոտախոսությունները, դատարկաբանություններն ու ուռա-հայրենասիրական անիմաստ ճվճվոցները ընդհանրապես տեղ չունեն:



Բայց այդ ամենը չի խանգարել արևմուտքին իր գերակայությունը պարտադրել մնացած աշխարհին, ասեմ ավելին՝ ոչ միայն չի խանգարել, այլև օգնել է, որովհետև ազատ գիտելիքն ու ճանաչողությունն են մարդկանց ու հասարակություններին հզորացնում, այլ ոչ թե հիմար քարոզչությունն ու մարդկանց զոմբիացումը, որը հատուկ է ավտորիտար հետամնաց հասարակություններին:



Այս նույն գավառական զառանցանքների շարքին է դասվում նաև մեր հասարակության մի մեծ զանգվածի մեջ կարծրատիպ դարձած այն համոզմունքը, որ մեր ողբերգությունների պատճառը քրիստոնեությունն է, որ քրիստոնեությունը խեղճություն է քարոզում ու հայերը հավատալով դրան չպայքարեցին ու էս օրը ընկան: Նորից բերեմ եվրոպական ժողովուրդների օրինակը, որոնք նույնպես քրիստոնյա էին, բայց դա իրենց չխանգարեց, որպեսզի գրավեին ու գաղութացնեին մնացյալ աշխարհը ամբողջությամբ:



Ես քրիստոնյա չեմ, ես գիտեմ, որ քրիստոնեությունը սուտ վարդապետություն է, գիտեմ, որ մեր եկեղեցին դերակատարություն է ունեցել մեր պետականության կործանման գործում, բայց այդ դերակատարությունը նա ունեցել է, առաջին հերթին, որպես կազմակերպություն, այլ ոչ թե որպես իդեոլոգիա, այդ նույն իդեոլոգիան եվրոպացիներին չխանգարեց գերհզոր պետություններ ստեղծել։



**Թորոս Ալեքսանյան**