«Ես հեռանում եմ», որովհետև․․․

 «Ես հեռանում եմ», որովհետև․․․
Կոմիկական վիճակ է ստեղծվել․ Հանրապետության թիվ մեկ հարցն է դարձել․ Հանրապետության նախագահի թեկնածուն իր կարճ վարչապետության ընթացքում հիվանդության պատճառո՞վ է Հայաստանից հեռացել, թե միջադեպ է եղել նրա ու Վազգեն Սարգսյանի միջև։



Ողջ մամուլի հոսքն այդ ուղղությամբ է ընթանում՝ դրանից բխող եզրահանգումներով․



Եթե Վազգենն է «վախեցրել», ուրեմն․․․



Եթե ծանր հիվանդություն է ունեցել, ուրեմն․․․



Անձամբ ես ապրել եմ այդ ժամանակաշրջանում, աշխատել լրատվության բնագավառում։ Վազգենի հետ էլ գործի բերումով շատ թե քիչ առնչվել, բայց ինձ համար մինչև օրս գաղտնիք է մնացել՝ ինչու՞ հեռացավ Արմեն Սարգսյանը։ Այն ժամանակ նրա հետ մարդիկ մեծ հույսեր էին կապում, ավելին չասեմ, որովհետև այլ հարցեր կառաջանան։ Արմեն Սարգսյանի հեռացումը, պարզ հիշում եմ, ծանր էին տանում, էլի ավելին չասեմ։ Խոսակցություններն էլ ձնագնդի պես Վազգենի շուրջ մեծանում էին։



Կարելի էր, չէ՞, եթե ոչ մեկը բան չէր ասում, Արմեն Սարգսյանն ասեր՝ մարդիկ, ծանր հիվանդության պատճառով «Ես հեռանում եմ», հանգիստ թողեք Վազգենին։



Հիմա հարցնում եմ Արմեն Սարգսյանին՝ եթե հիվանդությունն էր պատճառը, ինչու՞ վտանգի տակ դրիք Վազգենի անունը։ Ինչու՞ 20 տարի անորոշության ծխածածկույթի մեջ թողեցիք հանրությանը։ Ու չասացիք գեթ մի հատիկ բառ՝ «Ես հեռանում եմ», որովհետև ծանր հիվանդ եմ։



Եթե Վազգեն Սարգսյանն այդքան անհանգստացել է ձեզ համար, հիմա էլ եղբայրը նամակ է հրապարակում, ինչու՞ նրան թողեցիք բեռի տակ․․․ Կարծում եմ ոչ մեկը դրան դրական չի վերաբերվի՝ պաշտոնյան, որ խիստ մտահոգ է իր վարչապետի առողջությամբ, հայտնվի անհաճո, անտեղի խոսակցությունների մեջ։ Հուսով եմ՝ այնքան ծանր հիվանդ չէիք, որ չկարողանայիք 20 տարի առաջ իրազեկել այդ ամենի մասին։ Կամ գոնե ասել գեթ մի հատիկ բառ՝ «Ես հեռանում եմ», որովհետև ծանր հիվանդ եմ։



Ինչպես հիմա եք ասում։



Կարդում եմ վարչապետի պաշտոնից հեռանալուց հետո, թե ինչ է նշված Արմեն Սարգսյանի կենսագրությունում, ծանր հիվանդությունից հետո աշխատանքի մեծ ընդհատու՞մ է եղել․



վիքիպեդիա․



[1996](https://hy.wikipedia.org/wiki/1996 "1996")-[1997](https://hy.wikipedia.org/wiki/1997 "1997") թվականներին՝ ՀՀ [վարչապետ](https://hy.wikipedia.org/wiki/%D5%8E%D5%A1%D6%80%D5%B9%D5%A1%D5%BA%D5%A5%D5%BF "Վարչապետ"),



[1998](https://hy.wikipedia.org/wiki/1998 "1998")-[2000](https://hy.wikipedia.org/wiki/2000 "2000") թվականներին՝ ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում։



Ողջ լերուք։



Հասմիկ Բաբաջանյան