Գրված ու չգրված օրենքներ

Գրված ու չգրված օրենքներ
Մի բան պարզ է, որ Հայաստանում ավելի գործուն են չգրված, քան գրված օրենքները։ Իսկ եթե հաշվի առնենք, որ պառլամենտական համակարգը մեզ համար «անկտրել ձմերուկ» է, եւ դրա առավելությունների ու թերությունների մասին խոսելու համար ժամանակ է հարկավոր, կնշանակի այսօր անիմաստ է որոշ պնդումներ անելը։



Ասենք, այն պնդումը, որ ՀՀ վարչապետը «սուպերլիազորություններ» է ունենալու, իսկ ՀՀ նախագահն «անգլիական թագուհի» է լինելու։ Հասկանալի է՝ այսօր գործող անձանց, այդ թվում հատկապես Սերժ Սարգսյանի ցանկությունը իշխանական բուրգն ի սկզբանե կառուցել է այնպես, որ յուրաքանչյուրն իմանա «իր տեղը»։



Նաեւ դա է պատճառը, որ ՀՀ նախագահին չթողեցին նստի Բաղրամյան 26-ում, իսկ Կարեն Կարապետյանին որոշել են «չտեղաշարժել» կառավարության շենքից։ Ի վերջո, շատ հարցեր Հայաստանում կարգավորվում են միջանձնային հարաբերությունների, «դրվածքի», տարիների «վաստակի» ու կապերի միջոցով։ Նաեւ պետք չէ մոռանալ, որ ամեն «աթոռ» չէ, որ ինքնին ուժ եւ իշխանություն է նշանակում, հաճախ դա պայմանավորված է աթոռին նստողի անձով։ Թե նա որքանով է տիրապետում իրավիճակին եւ գլուխ հանում հայաստանյան իրականությունից։ Այդ առումով եթե դիտարկենք, ՀՀ նախագահացուն՝ Արմեն Սարգսյանը, բոլոր շանսերն ունի դառնալու սայլի 5-րդ անիվը։



Նա բավականին անտեղյակ է հայկական իրականությունից, չունի քաղաքական հենարան ու մեծ շրջապատ, իսկ ՀՀԿ-ական մեծամասնությունն ամեն ինչ անելու է, որ նա դառնա հենց «անգլիական թագուհի»՝ առանց լծակների ու իրական իշխանության։ Կտեղավորվի՞ այդ սխեմայի մեջ Սարգսյանը, պարզ չէ։ Միայն այն փաստը, որ իր առաջին իսկ հարցազրույցում նա արձանագրեց, որ Սահմանադրությունն «ուշադիր» չենք կարդացել՝ նախագահի լիազորությունները փոքր չեն, արդեն շատ խոսուն է։



**Արմինե ՕՀԱՆՅԱՆ**