Ի՞նչն է պատճառը, որ մեր բարձրաստիճանները «մարշրուտկաներով» Եռաբլուր գնացին

Ի՞նչն է պատճառը, որ մեր բարձրաստիճանները «մարշրուտկաներով» Եռաբլուր գնացին
Կարծում եմ՝ մի մարդ անգամ չի լինի, որ չզարմանա, որ Վիգեն Սարգսյանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ «մարշրուտկով են» Եռաբլուր գնում։ Հրապարակը այդ պատմական պահը անմահացրել է տեսանյութով։



Ոչ մեկը չի ասի՝ մեր տղաները զոհվեցին, իրենք էլ այդ կերպ իրենց զրկում են հարմարավետ մեքենաների «փափուկ ճոճքերում» ննջելուց։ Ակամայից Ակսել Բակունցի տողերն եմ հիշում՝ «Ծաղկափոշու մեջ թաթախված գունավոր բզեզին մանուշակը ճոճք է թվում, աշխարհը ծիրանագույն բուրաստան»։ Ի՞նչ պատահեց, որ հանկարծ որոշեցին դուրս գալ ծաղկաթերթիկների միջից ու



շարքային քաղաքացիների նման «մարշրուտկով Եռաբլուր գնալ»։ Չնայած «մարշրուտկան» «Մերսեդես սպրինտեր» մակնիշի միկրոավտոբուս էր, որի դռները, ինչպես շարքային քաղաքացու դեպքում, «քացով չէին բացում»։



Ի՞նչն է պատճառը, որ մեր բարձրաստիճանները «մարշրուտկաներով» Եռաբլուր գնացին։



Դա ընդամենը արարողակարգ է։ Սի՜ն արարողակարգ։ Վարչապետն էլ լրագրողին այդպես պատասխանեց՝ «Արարողակարգին հարցրեք»: Բայց արարողակարգը հավատի, վստահության վրա է կառուցվում։ Չի կարելի զինվորի հագուստ հագնել ու ասել՝ մեզ համար թանկ է մեր ամեն թիզ հողը։ Չի կարելի զինվորի հագուստ հագնել, երբ բանակում չես ծառայել։ Մարդիկ ծիծաղում են, իսկ դա վատ է, որովհետև խոսքը զինվորական թանկ հագուստի մասին է։ Մյուս կողմից՝ արարողակարգին մարդիկ մասնակցում ու ու սրբազան սարսուռով են լցվում։ Այդ արարողակարգը ինչ որ բանով ամրապնդե՞ց հայի ոգին։



Փորձում եմ մտովի պատկերացնել՝ ի՞նչ կանեին մարդիկ, եթե ականատես լինեին, թե ինչպես են մեր բարձրաստիճանները «մարշրուտկա նստում»։ Եթե այդ տեսարանից լրագրողները անկեղծ քրջքջում էին, համեմված՝ հարմարավե՞տ է, ո՞նց եք զգում ձեզ արտահայտություններով, մարդիկ ի՞նչ կանեին։



Եվ ցավ ես զգում և ափսոսանք՝ երանի՜ արարողակարգը ծառայեր իր նպատակին։ Մարդիկ հավատային։



Հասմիկ Բաբաջանյան