Ինչու Սիրադեղյանը չկա հետախուզվողների ցանկում

Ինչու Սիրադեղյանը չկա հետախուզվողների ցանկում
Արդեն 18 տարի է, ինչ հրապարակախոս, գրող, քաղաքական գործիչ Վանո Սիրադեղյանը միջազգային հետախուզման մեջ է:



Հետաքրքրական է, որ, չնայած դրան, ոստիկանության կայքի «Հետախուզվում են» բաժնում նրա անունը չգտանք, ինչպես չգտանք նաեւ մետրոյի կայարաններից մեկում փակցված հետախուզվողներին վերաբերող պաստառում։



Ոստիկանությունից փորձեցինք ճշտել՝ ինչո՞ւ է այնպես ստացվել, որ Սիրադեղյանը տեղ չի գտել հետախուզվողների ցանկում։ Կառույցի լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը պատասխանեց․ «Հետախուզվողների ահավոր մեծ քանակ կա, եւ հատկապես, եթե մենք տեղադրում ենք, եւ դա հայերեն է, տեղադրում ենք այն մարդկանց, ովքեր տեսնեն, ճանաչեն եւ ասեն՝ հետախուզվող կա, դա ճանաչման է ներկայացվում, ոչ թե որպես ի գիտություն է։ Մեր հաղորդման ժամանակ էլ ենք մենք ցույց տալիս, մենք ցույց ենք տալիս մարդկանց, ովքեր տեսել են, գիտեն՝ ասեն, իսկ ձեր կողմից նշված մարդուն բոլորը գիտեն»։



Այս ընթացքում մամուլում բազմաթիվ հրապարակումներ եղան, որ Վանո Սիրադեղյանի նկատմամբ չի կարող կիրառվել «վաղեմության ժամկետ» հասկացությունը, քանի որ այն հետախուզման պահից կասեցվում է: Փաստաբան **Տիգրան Աթանեսյանից** ճշտեցինք՝ ի վերջո նրա նկատմամբ «վաղեմության ժամկետ» կարո՞ղ է կիրառվել։



«Կարող է, ես ինչքան հասկանում եմ՝ մեղասագրվող արարքները մինչեւ 1998 թվականն են կատարվել, արդեն լրացել է «վաղեմության ժամկետը», 20 տարի է « վաղեմության ժամկետն» այս դեպքում, ընդ որում՝ կա մի խնդիր, երբ արարքները կատարվում էին, մենք ունեինք Քրեական օրենսգիրք, որտեղ կար մահապատիժ, այնուհետեւ՝ 2001-ից հետո մահապատիժը 2004 թվականի օրենսգրքով չունենք։ Եթե մահապատիժ էր սահմանվում արարքի համար, ապա «վաղեմության» կիրառումը մնում էր դատարանի հայեցողությանը, հիմա մոռանանք մահապատժի առկայությունը, նայենք առանց մահապատժի հոդվածը, ըստ այդմ՝ 20 տարին լրացել է, եւ «վաղեմության ժամկետը» պետք է կիրառվի։ Վանո Սիրադեղյանը, վերադառնալով Հայաստան, պատասխանատվության չի կարող ենթարկվել, բացառությամբ մի դեպքի, երբ ինքը գալիս է եւ առարկում է «վաղեմության» կիրառման դեմ, այդ դեպքում ընդհանուր կարգով գործի քննությունը շարունակվում է»,- ասաց փաստաբանը։



Հիշեցնենք, որ Վանո Սիրադեղյանը որպես մեղադրյալ ներգրավվել է դեռեւս 1999 թվականի փետրվարի 19-ին, եւ նույն օրը նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Հայտնաբերվել եւ ձերբակալվել է 1999 թվականի մայիսի 3-ին: Նույն օրը նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական նախկին օրենսգրքի 72 հոդվածով, 17-99 հոդվածի 3-րդ, 4-րդ կետերով, 17-99 հոդվածի 3-րդ, 4-րդ, 6-րդ, 8-րդ կետերով, 17-15-99 հոդվածի 3-րդ, 4-րդ, 6-րդ, 8-րդ կետերով, 17-15-99 հոդվածի 8-րդ կետով, 17-99 հոդվածի 4-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ կետերով, 17-15-99 հոդվածի 3-րդ, 7-րդ, 8-րդ կետերով, 185 հոդվածի 3-րդ, 182 հոդվածի 1-ին, 17-96 հոդվածի 2-րդ մասերով: 07.05.99թ․ ազատվել է ձերբակալումից, եւ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել անձնական երաշխավորություն՝ մինչեւ 2000 թվականի ապրիլ ամիսը, երբ խորհրդարանը բավարարեց դատախազության միջնորդությունը եւ զրկեց Վանո Սիրադեղյանին պատգամավորական անձեռնմխելիությունից: Խորհրդարանի որոշմանն անմիջապես հաջորդեց Վանո Սիրադեղյանի փախուստը:



Նրա եւ եւս 11 մեղադրյալների վերաբերյալ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, Մալաթիա-Սեբաստիա համայնքի դատարան էր ուղարկվել 1999 թվականի հուլիսին: Մեղադրյալների թվում էին ՀՀ ՆԳՆ ներքին զորքերի վարչության պետ Վահան Հարությունյանն ու ներքին զորքերի այլ ներկայացուցիչներ: 2000 թվականին Վանո Սիրադեղյանը հեռացել է Հայաստանից, նրա վերաբերյալ մասն անջատվել էր Վահան Հարությունյանի եւ մյուսների գործից: Վ. Սիրադեղյանի վերաբերյալ գործի քննությունը դատարանում կասեցվել էր՝ նրա գտնվելու վայրը հայտնի չլինելու պատճառով:



**Աննա ՊԱՊԻԿՅԱՆ**