ՄԻԵԴ-ը վարույթ է ընդունել Հայկ Կյուրեղյանին բռնության ենթարկելու գործը

ՄԻԵԴ-ը վարույթ է ընդունել Հայկ Կյուրեղյանին բռնության ենթարկելու գործը
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վարույթ է ընդունել Հայկ Կյուրեղյանի նկատմամբ բռնություն կիրառելու մասով գործը: Այս մասին **Hraparak.am**-ի հետ զրույցում հայտնեց փաստաբան Երվանդ Վարոսյանը:



«2014 թվականի ամռանը՝ Հայկ Կյուրեղյանը Կենտրոն Նորք մարաշ դատարանի դիմաց օդամղիչ ատրճանակով իրականացրեց իր ակցիան ու ձերբակալվեց: Ոստիկանական մեքենայի մեջ և նաև ոստիկանության բաժանմունքում Հայկ Կյուրեղյանի վրա բռնություն է կիրառվել, որի մասին նա բարձրաձայնել է առաջին իսկ օրից: Նրան այցելած իրավապաշտպանները նկատել և արձանագրել էին նրա դեմքի և մարմնի վրա երևացող կապտուկները, սակայն ՀՔԾ-ում փաստի առթիվ հարուցված քրեական գործը ավարտվեց ոչնով»,- նշեց փաստաբանը:



Վարոսյանի խոսքով՝ ՀՔԾ-ն հավաստել է, որ ոստիկանների գործողությունները իրավաչափ են եղել և կարճել է գործը ու սա այն դեպքում, որ Հայկը վնասվել է վնասազերծման ժամանակ: Հայաստանյան բոլոր ատյաններում գործը բողոքարկելուց հետո նրա շահերի պաշտպանը դիմել է ՄԻԵԴ և օրերս ստացել է պատասխանը՝ ՄԻԵԴ-ը քննության կառնի գործը:



Հայկ Կյուրեղյանի հայրը՝ Արմենակ Կյուրեղյանը պատմեց, որ Հայկի հետ տեսակցությունները շարունակվում են, նա գտնվում է նորմալ վիճակում. «Ոգին բարձր է, բայց առողջական խնդիրներ ունի, փորձում ենք ամեն կերպ լուծել այդ խնդիրները, առողջական խնդիրներն առաջացել էին հացադուլի եւ ջրադուլի պատճառով, ավելի մանրամասն հետազոտման կարիք ունի, բայց բանտային պայմաններում հնարավոր չէ»։



Հիշեցնենք, որ 2014թ. հունիսի 12-ին մեկնարկած Շանթ Հարությունյանի գործով դատական նիստից րոպեներ առաջ արտակարգ դեպք էր տեղի ունեցել դատարանի բակում։ 31-ամյա Հայկ Կյուրեղյանը կանգնել էր մեքենայի վրա՝ օդամղիչ ատրճանակը ձեռքին եւ կրակել ոստիկանների վրա՝ վիրավորելով մի քանի ոստիկանի։ Ոստիկանները նրան վնասազերծել եւ բերման էին ենթարկել։ Կյուրեղյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասի՝ «խուլիգանություն զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ», եւ 316-րդ հոդվածի 4-րդ մասի ՝ «իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը» հատկանիշներով: Դատախազը պահանջել է 14 տարվա ազատազրկման դատապարտել նրան: Հայկ Կյուրեղյանը դատապարտվել է 9 տարվա ազատազրկման:



**Աննա Պապիկյան**