Ապրիլյան պատերազմով եկել եմ ու ընկել այ սենց շառի մեջ․ Սամվել Բաբայանի գործով նիստ(տեսանյութ)

Ապրիլյան պատերազմով եկել եմ ու ընկել այ սենց շառի մեջ․ Սամվել Բաբայանի գործով նիստ(տեսանյութ)
Ինչպես արդեն [տեղեկացրել](https://www.hraparak.am/posts/5a65f7aa19479f2b73017ecc/%D5%A1%D5%BA%D6%80%D5%AB%D5%AC%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%BA%D5%A1%D5%BF%D5%A5%D6%80%D5%A1%D5%A6%D5%B4%D5%B8%D5%BE-%D5%A5%D5%AF%D5%A5%D5%AC-%D5%A5%D5%B4-%D5%B8%D6%82-%D5%A8%D5%B6%D5%AF%D5%A5%D5%AC-%D5%A1%D5%B5-%D5%BD%D5%A5%D5%B6%D6%81-%D5%B7%D5%A1%D5%BC%D5%AB-%D5%B4%D5%A5%D5%BB-%D5%BD%D5%A1%D5%B4%D5%BE%D5%A5%D5%AC-%D5%A2%D5%A1%D5%A2%D5%A1%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%A3%D5%B8%D6%80%D5%AE%D5%B8%D5%BE-%D5%B6%D5%AB%D5%BD%D5%BF%D5%BF%D5%A5%D5%BD%D5%A1%D5%B6%D5%B5%D5%B8%D6%82%D5%A9) ենք, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն այսօր դատավորներ Մանուշակ Պետրոսյանի, Մխիթար Պապոյանի եւ Սեւակ Համբարձումյանի նախագահությամբ սկսեց Հայաստան «Իգլա» զենք տեղափոխելու եւ փողերի լվացման մեղադրանքով 6 տարվա ազատազրկման դատապարտված, ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի վերաքննիչ բողոքի քննությունը: Նա, ինչպես նաեւ Սանասար Գաբրիելյանը եւ Արմեն Պողոսյանը պահանջում են բեկանել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, որով իրենք մեղավոր են ճանաչվել։



Ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանը, ներկայացնելով իր բողոքը, նշեց․ «Մեղադրողը չի ասում, որ էս մարդը հրաժարվեց (նկատի ունի իրեն)։ Իսկ ինչ մնում ա դրդել ենք, բրդել ենք, թող գան մարդիկ։ Ասում էին՝ Վրաստանը 10 ամիս չէր տալիս, հիմա ստեղ ա, բերեք, տենանք, որ չի համապատասխանում իրականությանը։ Ինչ վերաբերվում ա, որ ես ուզեցել եմ․․․ ուզեցել եմ բանակի համար, մի հատ նկար նայելու համար 3 տարի դատո՞ւմ են, չեմ հասկանում, ինչի՞ համար, ի՞նչ ենք արել, որ գնացել ենք հայրենիք ենք պաշտպանել, ոչ մեկ չի ասում՝ մալադեց, իսկ հիմա, որ ուզում ենք հայրենիք պաշտպանել։ Ես Ռուսաստանում եմ գտնվել 10 տարի, ապրիլյան պատերազմով եկել եմ ու ընկել այ սենց շառի մեջ, մեր երկիրը չգա՞նք մենք։ Ոչ մի բան ոչ առել եմ, ոչ մեկին ոչ էլ ֆինանսավորել եմ, ոչ էլ դրդել-բրթել եմ»։



Ապա դիմելով մեղադրող Արամ Արամյանին՝ Սանասար Գաբրիելյանը հարցրեց՝ ինչո՞ւ չի նշվում, որ ինքը հրաժարվել է զենք գնելուց․ «Հարգելի մեղադրող, բա ես հեռախոսազրույցով ասում եմ՝ այ տղա, մեզ պետք չի։ Վերաքննիչ դատարան ջան, ոչ առել եմ, ոչ ֆինանսավորել եմ, ոչ տվել եմ, մի հատ նկար եմ նայել։ ՕՐՕ խմբավորումը, որ ընտրության ժամանակ քյոմագ եմ արել՝ էդ ա պատճառը, թե չէ էլ ինչի մասին ա խոսակցությունը։ Եսիմ որ ջանդամից են վերցրել էդ տրուբեն ու դրել են էդտեղ․ ոչ բերած ա Վրաստանից, ոչ էլ եսիմ ինչ, հորինած, շինծու տրուբա ա։ Ի՞նչ ասեմ, էդքանը»։



Սամվել Բաբայանի շահերի պաշտպան Ավետիս Քալաշյանը իր խոսքում նշեց, որ Առաջին ատյանի կայացրած դատավճիռն անհիմն է․ «Ես գտնում եմ, որ Առաջին ատյանի դատարանը կայացրել է չհիմնավորված դատավճիռ, մասնավորապես՝ դատարանի հետեւությունները չեն համապատասխանում դատաքննության ժամանակ հետազոտված ապացույցներին, առաջադրված մեղադրանքներում դատարանի հետեւությունները Սամվել Բաբայանի մեղավորությունը հաստատված համարելու մասին պատճառաբանված չեն, իսկ եղած պատճառաբանությունները զուտ ենթադրություններ են։ Ինչպես Սամվել Բաբայանին մեղսագրվող հանցավոր արարքները, այնպես էլ վերջինիս կողմից դրանք կատարելը կամ դրանք կատարելու մեջ նրա մեղավորությունը դատաքննության արդյունքներով չեն հաստատվել։ Դատարանը խախտել է անմեղության կանխավարկածի սկզբունքը եւ չփարատված կասկածները չի մեկնաբանվել Սամվել Բաբայանի օգտին, դատավճռի հիմքում դրել են ապացույցներ, որոնք ոչնչով չեն հիմնավորում առաջադրված մեղադրանքները, իսկ դատաքննության ժամանակ հետազոտված ապացույցների վերաբերյալ պաշտպանական կողմի արված փաստարկները անտեսվել են»։



Փաստաբանը չկարողացավ Վերաքննիչ քրեական դատարան բերված բողոքն ամբողջությամբ ներկայացնել, քանի որ աշխատանքային ժամը ավարտվում էր։



Դատական նիստը հետաձգվեց եւ նշանակվեց փետրվարի 2-ին։



Հիշեցնենք, որ Առաջին ատյանի դատարանը Սամվել Բաբայանին մեղավոր էր ճանաչել, որ նա մի խումբ անձանց դրդել է ձեռք բերել, պահել, փոխադրել ապօրինի ռազմամթերք՝ «Իգլա» զենիթահրթիռային համալիրը, ինչպես նաև փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացած եվրո թղթադրամներ:



Բաբայանը դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման: Վերաքննիչ դատարանում բողոքարկվում է Առաջին ատյանի դատավճիռը։



**Աննա Պապիկյան**