Հունվարի 19-ը պայքարի սկիզբն է

Հունվարի 19-ը պայքարի սկիզբն է
«Ո՛չ թանկացումներին» կարգախոսով այսօր «Ելք»-ը երթ կանցկացնի։ Տարեվերջին ընդունված Հարկային նոր օրենսգրքի, մասնավորապես՝ ակցիզային հարկի կիրառումից հետո տարեսկզբից գնաճը նորանոր ոլորտներ է թեւակոխում։ Մի քանի շաբաթ է՝ «Ելք»-ն ահազանգում է, որ թանկացումները դեռեւս շղթայական տարածում են ունենալու, նախապես կանխատեսելով այս իրողությունը՝ դեկտեմբերին Հարկային օրենսգրքում փոփոխությունների փաթեթ են ներկայացրել, որի ընդունումը կկանխի գործընթացը։





Երթը կմեկնարկի Շառլ Ազնավուրի հրապարակից՝ երեկոյան 5-ին, դեպի Աբովյան փողոց-Հանրապետության հրապարակ-Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտա-Սայաթ-Նովա-Թումանյան փողոց, եւ կավարտվի Հյուսիսային պողոտայում։





Այն պահից, երբ «Ելք»-ը հայտարարեց թանկացումների դեմ երթ նախաձեռնելու մասին, հայտնվեց համատարած քննադատությունների տարափի ներքո։ Գնաճի իրական պատասխանատուների փոխարեն ընդդիմադիր դաշտն սկսեց բզկտել «Ելք»-ին՝ կասկածի տակ դնելով երթի հայտարարած նպատակը։



Ոմանք հիշեցին դաշինքի առաջնորդների անցած-գնացած հայտարարությունները, որ ժողովրդին ինքնանպատակ փողոց դուրս չեն հանելու, ուստի եզրակացրին, որ, առաջիկա ներքաղաքական ակտիվացմանն ընդառաջ, «Ելքը» խնդիր ունի դրսեւորվել որպես խորհրդարանական ուժ։ Ոմանք էլ պահանջում են ավելի մեծ օրակարգ՝ ոչ թե ընդդեմ թանկացումների, այլ ընդդեմ իշխանությունների։ Զարուհի Փոստանջյանը նախօրեին հայտարարեց անգամ, որ գնաճի փաստով մտահոգված է նաեւ Սերժ Սարգսյանը, որը խորհրդակցություն էր հրավիրել ու համապատասխան հանձնարարական տվել։ Դրան հաջորդեց Ազգային ժողովում հունվարի 23-ին լսումներ անցկացնելու իշխանության նախաձեռնությունը։ Փոստանջյանի կարծիքով՝ «Ելք»-ը չունի քաղաքական՝ իշխանափոխության օրակարգ, հետեւաբար, տարբերություն չկա նրանց եւ Սերժ Սարգսյանի մտահոգությունների միջեւ։



«Տեսեք, թե մենք ինչով ենք տարբերվում, ասում ենք՝ դեմ ենք թանկացումներին, ու կոնկրետ ճանապարհներն ենք ցույց տալիս»,- նկատում է դաշինքի քարտուղար Գեւորգ Գորգիսյանը՝ հակադարձելով, որ նախագահականում կայացած գնաճի վերաբերյալ խորհրդակցությունն ու լսումներ հրավիրելու փաստը ընդամենը մտահոգությունների իմիտացիա են իշխանության կողմից։ Ի՞նչ գործիքաշար է պատրաստել «Ելք»-ը, մի՞թե հնարավոր է միայն Երեւանի փողոցներում քայլելով, երթ անցկացնելով՝ իշխանություններին զիջումներ պարտադրել։ «Գիտեք, միայն երթի մասին խոսելուց իշխանությունն արդեն երկու քայլ է արել՝ խորհրդակցություն Սերժ Սարգսյանի մոտ, ապա լսումների կազմակերպում։ Այո, միայն երթը, միայն քաղաքացիների փողոց դուրս գալը, իրար կողքի կանգնելը բավարար է, որպեսզի իշխանություններն իրենց դիքորոշումը փոխեն»,- ասում է «Ելք»-ի ներկայացուցիչը։ Այսինքն՝ եթե մարդիկ դուրս չգան փողոց, իշխանությունը որեւէ քայլ չի անի։ «Կասի՝ դե, ժողովուրդը համակերպվել է, ոչ մի քայլ էլ չենք անի, էսպես էլ պետք է լիներ»։

Իսկ դաշինքին հաջողվե՞լ է պատշաճ իրազեկել քաղաքացիներին երթի մասին։



«Երեւանի գրեթե բոլոր համայնքներում թռուցիկներ ենք բաժանել ու փակցրել, լրատվամիջոցներն են լուսաբանել, կարծում եմ՝ բոլոր «հետաքրքրված» մարդիկ տեղեկացված են երթից։ Այո, մարզերում թռուցիկներ չենք բաժանել, կուսակցական շղթաներով ենք տարածել եւ լրատվամիջոցներով։ Մարզերից մեսիջներ ստացել ենք, որ գալու են, բայց կարծում եմ՝ մեծ ծավալ չի լինի, որովհետեւ այս անգամ պրոցես չենք նախատեսել, բայց այն շարունակական է լինելու»։



Դաշինքի կազմակերպիչների ելույթներն ու կոչերը կլինեն թանկացումների վերաբերյալ, պահանջն էլ՝ մեկը՝ ընդունել «Ելք»-ի ներկայացրած փոփոխությունների նախագիծը եւ չեղարկել Հարկային օրենսգրքի այն դրույթները, որոնք բերել են թանկացումների եւ աշխատավարձերի նվազման։ «Այսինքն՝ եկամտային եւ ակցիզային հարկի եւ ԱԱՀ-ի ավելացումների վերաբերյալ մեր առաջարկները պետք է ընդունվեն»,- հստակեցնում է խմբակցության քարտուղարը։ Իսկ եթե ժողովուրդն այլ պահանջ ներկայացնի, օրինակ՝ իշխանափոխություն, շուրջօրյա հանրահավաքներ ու նստացույցեր։ «Ժողովուրդը ցույց է տվել, որ ամեն ինչ անում է կշռադատված ու մտածված, եթե դրա կարիքը լինի, մենք հաստատ դրան էլ կգնանք, բայց պետք է հաշվի առնենք, որ հունվարի 19-ը պայքարի սկիզբն է, եւ պայքարը դեռ կշարունակվի»։



Գորգիսյանի համոզմամբ՝ սոցիալական բնույթի ցանկացած շարժում արդյունքի հասել է, դրանով է պայմանավորված, որ իրենք ժողովրդին փողոց են դուրս հանում․ «Ամեն ինչ կախված է քաղաքացիներից»։ Ինչպե՞ս է ընտրվել երթուղին, որ դուրս է մնացել Բաղրամյան փողոցը, որտեղ Սերժ Սարգսյանի նստավայրն է։ «Ուղղակի Երեւանի կենտրոնն ենք ընտրել, որտեղ կպտտվենք, կհայտնենք մեր դժգոհությունները, ուշադրություն կհրավիրենք»։ Հետաքրքրվեցինք՝ ինչո՞վ է պայմանավորված ընդդիմադիր գործընկերների քննադատական մոտեցումը «Ելք»-ի կազմակերպած երթին, մանավանդ՝ քաղաքական ուժերից ոչ մեկը չարձագանքեց նրանց նախաձեռնությանը։ «Լուրջ քարոզարշավ է սկսվել մեր դեմ, եկեք պարզ խոսենք՝ իշխանությունը վախենում է ամեն ինչից, որովհետեւ սպասում են իշխանության տրանսֆորմացիայի եւ այլն, ու այդ ընթացքում սոցիալական բունտը վատագույնն է, ինչ կարող էր լինել»։ Երթին չմիացողներին Գորգիսյանը մեկ անգամ էլ հիշեցրեց․ «Սա «Ելք»-ի քարոզարշավը չէ, այլ համազգային պահանջ է»։



**Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ**