Գոհար Գասպարյանն էլ էր ժողովրդական, էս ծուղրուղու կանչողներն էլ

Գոհար Գասպարյանն էլ էր ժողովրդական, էս ծուղրուղու կանչողներն էլ
«Մարդը, հատկապես ստեղծագործողը պետք է ապրի հասարակական կյանքով, այլապես ո՞նց կլինի, միշտ ասում են ստեղծագործողն ինչ կապ ունի քաղաքականության հետ, բայց ով ասեց, որ ես քաղաքականության հետ կապ ունեմ, ես իմ կարծիքը չասե՞մ, իմ կարծիքն էլ սա է՝ լավ չի, ծանր է մեր վիճակը»,-ասում է քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանն, ով դժվարանում է դրական լույսի ներքո ամփոփել 2017-ը։



«Հիմա աշխարհում էլ է ամեն ինչ խառնված, միայն մենք չենք, մեր երկրի վիճակն էլ ուղղակիորեն կապված է աշխարհաքաղաքական զարգացումների հետ, թեկուզ մեր երկրի վիճակի անարխիան էլ գալիս է աշխարհի անարխիայից, մենք առանձին կղզի չենք։ Ես ստիպված եմ ասել, որ իմ ողջ բանական կյանքի ընթացքում այսպիսի ծանր տարիներ չէի տեսել, ոչ թե միայն մեր մասով, այլ աշխարհով մեկ ու ոչ միայն նյութական իմաստով։ Ես չէի տեսել, որ բոլոր տեղերում հողն այդքան վերքոտ լինի՝ ռմբակոծություններից արյան մեջ կորած։ Սուտ բաներ են, երբ ասում են, որ մինչեւ ղարաբաղյան հարցը չլուծվի, երկրի տնտեսական վիճակը չի լավանա։ Ենթադրենք լուծվեց ղարաբաղյան հարցը, տնտեսության վիճակը ո՞նց է լավանալու, երբ ոչ մի գործարան չկա»-նկատում է քանդակագործը։



Այն, որ 2018-ից մշակույթի ոլորտին տրվող պետ աջակցության գումարները կրճատվելու են, Ֆերդինանտ Առաքելյանը գնահատում է շատ վատ․ «Իբր ինչ էին տալիս, որ հիմա էլ կրճատում են, ավելին ասեմ՝ բավականին մեծ գումար էլ կրճատվում է կրթության ոլորտից։ Մինչդեռ պետության ստրատեգիան կրթությունն ու առողջապահությունն են, այդ երկուսին կպնել իրավունք չունես, հենց կպար, երկիրն արդեն հենակներով է գնում։ Միշտ ասում են, որ պետք է սպոնսոր ճարեն, դա մուրացկանի պահվածք է, մուրացկան պետք է լինես, որ թատրոնի համար սպոնսոր ճարես կամ կա՞ն այդ մարդիկ՝ սպոնսորները, որ գիտեն թատրոնի արժեքը՝ չկա։ Օպերայի արժեքը ով պետք է իմանա, փողատերերը մի արժեք գիտեն՝ փողը»։



Առաքելյանն ընդգծում է՝ եթե առողջությունը չխանգարեր, էլ ավելի կաշխատեր․ «Ուզում եմ ասել, որ երբեք չեմ աշխատել կոչումի համար։ Երկրի կյանքում շարժ կա միայն այդ երգիչների մոտ, նույնիսկ այնքան շատ երգիչ երգչուհիներ կան, որ իրավունք չունեն երգելու, անհասկանալի բան է, բոլորը երգում են, կոչում են ստանում, պատկերացրեք Գոհար Գասպարյանն էլ է ժողովրդական եղել, էս ծուղրուղու կանչողներն էլ, չի կարելի նման բան։ Ես, որ թատերասեր մարդ եմ եղել, ամբողջ կյանքս թատրոնում եմ անցկացրել, թատրոն չեմ գնում, որովհետեւ չի բավարարում, գնամ КВН նայելո՞ւ»։