Ով ում է ծեծել․ Շատինի համայնքապետի կողմնակիցը պարզաբանում է

Ով ում է ծեծել․ Շատինի համայնքապետի կողմնակիցը պարզաբանում է
Դեկտեմբերի 17-ին մենք [հրապարակել](https://www.hraparak.am/posts/5a3684e68fc4110682221593) էինք «Շատինցիները իրար են ծեծել․մեկի գլուխը վնասվել է» վերտառությամբ նյութը, որտեղ ներկայացրել էինք, թե նախկին գյուղապետի տեղակալ Մամիկոն Սմբատյանը իր մի քանի համախոհների հետ գնացել է նույն գյուղի բնակիչ Սմբատյան Ավետիքի մոտ՝ ծեծի ենթարկելու մտադրությամբ։ Մեծ ծեծկռտուք է տեղի ունեցել, որի հետևանքով կողմերից մեկի գլուխը վնասվել է, համագյուղացիները շտապօգնություն են կանչել։ Հաջորդ օրը ոստիկանությունից հաստատել էին տեղեկությունը՝ նշելով, որ դեպքով հետաքննություն է կատարվում։



Մենք օրերս էլեկտրոնային տարբերակով նամակ ենք ստացել Խաժակ Գրիգորյան ներկայացած անձից, ով խնդրել է դեպքի հետ կապված պարզաբանումը հրապարակել․«Տեղեկացնեմ, որ կիրակի օրը՝ ամսի 17-ին Շատինի գյուղի կենտրոնում տեղի ունեցած միջադեպին ներկա և ականատես են եղել նաև ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի բաժնի ծառայողները, ընդ որում, նրանք նաև տեսագրել են միջադեպը, ինչն էլ անշուշտ կնպաստի դրա օբյեկտիվ քննությանը: Այժմ բուն միջադեպի մասին: Եղեգիս համայնքի Շատին բնակավայրում հետընտարական կրքերը չեն հանդարտվում: Թե ովքեր են կանգնած այս ամենի հետևում պարզից էլ պարզ է: Շատինի նախկին գյուղապետ Տիգրան Խուդոյանի կողմնակիցները օրեր առաջ ջարդել էին Շատինի համայնքապետարանի աստիճանները, հանել աստիճանավանդակի հենասյուները, կաթվածահար անելով համայնքապետարանի բնականոն գործունեությանը, Ոստիկանությունում քննվում է այդ միջադեպը:



Ծեծկռտուքը հրահրել է Ձեր հոդվածում հիշատակվող Ավետիք Սմբատյանը (այդ մասին առանց բացառության վկայում են միջադեպի բոլոր ականատեսները): Վերջինս մի քանի հոգու հետ նախ բարձրաձայն հայհոյել է Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանի կողմնակիցներին՝ հենց ոստիկանության ծառայողների ներկայությամբ: Այնուհետև տեսնելով գյուղի կենտրոնում, Անաստաս Սմբատյանի խանութի տարածքում, հավաքված Արթուր Ստեփանյանի կողմնակիցներին անսպասելի հարձակվել են նրանց վրա, ընդ որում, այդ ընթացքում նրանց անկանոն հարվածներից մի քանիսն էլ դիպել է ոստիկանության ծառայողներին: Մի կերպ հաջողվեց հանդարտացնել բորբոքոված կրքերի արդյունքում ծեծուջարդը:



Նշեմ, որ ամեն անգամ, երբ շաբաթ, կիրակի Տիգրան Խուդոյանը Շատին է այցելում, դրան հաջորդում է ինչ-որ տհաճ միջադեպ:



Մեր հորդորը նրան՝ դու համայնքի մշտական բնակիչ չես և վաղուց ժամանակն է, որ քո սակավաթիվ համախոհներին անօրինական գործողություների չհրահրես, խուսափես համայնքում ավելորդ լարվածություն ստեղծելուց:



Ինչ վերաբերվում է Արթուր Ստեփանյանի կադրայնի քաղաքակնությամբ հետաքրքրվածներին տեղեկացնեմ, որ Ստեփանյանը իր կադրային քաղաքականությունը իրականացնելու է ՏԻՄ օրենքի պահանջներին համապատասխան, առանց որևէ ներքին և արտաքին միջամտության:



Հարգանքներով՝ Խաժակ Գրիգորյան»։



Հիշեցնենք, որ նոյեմբերի 5-ի ընտրություններից հետո շատինցիների թեկնածու Տիգրան Խուդոյանը չէր հաղթել , նրա փոխարեն համայնքապետ էր ընտրվել Քարագլուխ գյուղի բնակիչ Արթուր Ստեփանյանը, որի հետ գյուղացիները աչքով աչք չունեն։ Նրանք սկզբում պահանջեցին, որ Արթուր Ստեփանյանը չզբաղեցնի համայնքապետի պաշտոնը, հետո աղաղակեցին, թե Ստեփանյանի նստավայրը իրենց գյուղում չպետք է լինի, հետո պահանջները նվազեցին: Հիմա էլ նրանց միակ պահանջն այն է, որ իրենց համայնքապետի տեղակալը լինի նախկին գյուղապետի տեղակալ Կարապետյան Մանվելը։