Այս վարչախումբը չի ուզում, որ Գեվորգը հայտնվի ազատության մեջ

Այս վարչախումբը չի ուզում, որ Գեվորգը հայտնվի ազատության մեջ
«Տոնածառի» գործով 2 տարվա ազատազրկման դատապարտված Հիմնադիր խորհրդարանի անդամ Գեւորգ Սաֆարյանը, որի ազատազրկման ժամկետը լրանում է մինչեւ տարեվերջ, եւ նրան պետք է առնվազն նոր տարվա առաջին օրերին ազատ արձակեին, քանի որ «կալենդար» կրել է պատիժը։



Դատախազ Պետրոս Պետրոսյանը Ժիրայր Սեֆիլյանի գործով վերջին դատական նիստին միջնորդություն ներկայացրեց՝ այդ գործով Սաֆարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրել կալանավորումը, եւ դատարանը բավարարեց այն։ Սաֆարյանի փաստաբան **Տիգրան Հայրապետյանը** հիշեցնում է, որ ցեղասպանության 100-րդ տարելիցին զանգվածային անկարգություններ կազմակերպելու գործով Գեւորգի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին․ «Փաստորեն, նույն դատարանը գտել է, որ Գեւորգ Սաֆարյանը չի խուսափի քննությունից, չի թաքնվի, պատշաճ վարքագիծ կդրսեւորի, հիմա էլ այդ նույն դատարանը դատախազի միջնորդությամբ փոխեց իր իսկ սեփական որոշումը եւ իր որոշումը համարեց անհիմն»։



Փաստաբանի խոսքով՝ իր 12 տարվա պրակտիկայում  աննախադեպ բան է տեղի ունեցել։ «Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը 8 խոշորագույն խախտում թույլ տվեց, որոնք բավարար են, որպեսզի դատավորի պաշտոնական լիազորությունները դադարեցվեն։ Առաջին անգամ դատախազը կալանքի միջնորդություն ներկայացրեց բանավոր, դա օրենքի կոպիտ խախտում էր, դատարանն ընդունեց, քննեց, ստացվում է, որ դատավորն օրենքի վրա թքած ուներ։ Երկրորդը՝ օրենքում գրված է, որ եթե գործը դատաքննության փուլում է, կալանքը կարող է կիրառվել բացառապես դատարանի նախաձեռնությամբ, այսինքն՝ միայն դատարանը կարող է կալանք որոշել։ Ամենակոպիտ խախտումն այն էր, որ միջնորդողը պետք է ցույց տա, որ առկա է հիմնավոր կասկած, մինչդեռ դատախազի միջնորդության մեջ հիմնավոր կասկածի վերաբերյալ նյութ չկար։ Այնքան կոպիտ խախտումներ չէին եղել, փաստորեն, այսքան կոպիտ ձեւով կալանք կիրառելը, դատավորը շարունակում է պաշտոնավարել։ Հանրապետության նախագահը գլխավոր դատախազի հետ զրույցում ասել էր, որ կալանքի միջնորդությունները պետք է հիմնավոր լինեն, նախագահի հրահանգից հետո, հակառակը՝ ոչ թե հիմնավոր էին, այլ գրավորից բանավոր դարձան»,- նշեց Հայրապետյանը։ Ըստ փաստաբանի՝ Գեւորգ Սաֆարյանի դեմ որեւէ հիմնավոր ապացույց չկա, բացի մի քանի տեսանյութերից, որոնք եղել են 2014 թ։ «Ընդհանրապես ապացույց չկա, դա էլ ապացույց չէ։ Իրեն մեղադրում են այնպիսի գործողությունների մեջ, որն ինքը կատարել է ապրիլ ամսին։ Այդ ելույթները չեն կարող դնել մեղադրանքի հիմքում»։



Հիմնադիր խորհրդարանի անդամ **Ալեք Ենիգոմշյանը** համոզված է՝ Գեւորգի կալանավորման որոշումը քաղաքական  է եղել․ «2015 թ․  5 հոգի կալանավորվեցին, հետո խափանման միջոցը փոխվեց, այդ գործով ինքը ստորագրությամբ ազատության մեջ էր մյուսների նման։ Այս գործով ազատության  մեջ լինելուց հետո հիմա ասել, որ ինքն ազատության մեջ լինի եւ կխանգարի, դա լրիվ անհեթեթություն է, իրենք իրենց են հակասում։ Լրիվ արհեստական հիմնավորում է, թե ինչու Գեւորգ Սաֆարյանը պետք է անազատության մեջ մնա։ Բոլորիս համար պարզ  է, որ արդեն իսկ քաղաքական հալածանքի արդյունքում 2 տարի ամբողջությամբ կալանավորվեց, հիմա, երբ ավարտն է արդեն մոտենում, այս վարչախումբը չի ուզում, որ Գեւորգն ազատության մեջ լինի։ Ցանկացած ձեւով շինծու հիմնավորումներ են բերում։ 2 կարծիք այստեղ չի կարող լինել»։



Կալանավորման որոշումը լսելուց հետո ընդդիմադիր ակտիվիստը դատարանում հայտարարել էր, թե իրեն անազատության մեջ պահելու պատվերն իջեցված է  նախագահականից, եւ լքել էր նիստերի դահլիճը․ «Պարզ է, որ քաղաքական որոշումն արդեն կայացված է ինձ կալանավորելու: Հասկանում եմ, իհարկե, իշխանությունների վախը, մեր իշխանություններն իրենց շողքից են արդեն վախենում, ուր մնաց մեզանից չվախենան: Էստեղ արդեն պարզ է․ դատարանը հրաման ունի եւ ինձ կալանավորելու է: Ես լքում եմ դատական նիստը՝ համոզված լինելով, որ էդ հրամանն արդեն Բաղրամյանից ձեզ իջեցված է, դուք էլ, իհարկե, ենթարկվելու եք էդ հրամանին»:







**Աննա ՊԱՊԻԿՅԱՆ**