«Տարվա ԶԼՄ» ճանաչվեց «Ազատություն» ռադիոկայանը

«Տարվա ԶԼՄ» ճանաչվեց «Ազատություն» ռադիոկայանը
Միջազգային հակակոռուպցիոն օրվան ընդառաջ, այսօր «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ն եւ Հայաստանի քաղաքացիական հասարակական կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիան հրավիրել էին հակակոռուպցիոն միջոցառում եւ հակակոռուպցիոն մրցանակաբաշխություն։ Հակակոռուպցիոն մրցանակներ հանձնվեցին «Տարվա երիտասարդներ», «Տարվա ԶԼՄ», «Տարվա բիզնես կազմակերպություն» եւ «Տարվա ՔՀԿ» անվանակարգերում։ «Տարվա երիտասարդներ» անվանակարգում մրցանակ հանձնվեց «Թումո» կենտրոնի երիտասարդներին, «Տարվա ԶԼՄ» անվանակարգում՝ «Ազատություն» ռադիոկայանին, «Տարվա բիզնես կազմակերպություն» անվանակարգում՝ «Դիլիջան» սրճարանին, «Տարվա ՔՀԿ» անվանակարգում՝ «ԻՄ ՓԱՔԹ ՀԱԲ Արմենիա» սոցիալական նորարարության զարգացման հիմնադրամին։



Միջոցառման ժամանակ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչ առարկայական քայլեր են պատրաստվում անել կոռուպցիան արմատախիլ անելու համար։ Նրանք հիշեցրին, որ ԱԺ ընտրությունների ժամանակ եղավ «Զիբիլիքս»-ի գործը, բացահայտվեցին ՍԱՍ-ի Արտակի աղմկահարույց ձայնագրությունները, ընտրական գործընթացներին տնօրենների մասնակցությունը բացահայտվեց, որոնց դեպքում ենթադրվում էր, որ պետք է լինի պատասխանատվություն։ « Այդ դեպքում ինչպե՞ս հասարակությունը վստահի կոռուպցիայի դեմ պայքարի խոստումներին, եթե նրանք չպատժվեցին»,- հետաքրքրվեցին լրագրողները։ «Ես այս պահին խնդիր չեմ դնում՝ համոզելու Ձեզ, եթե Դուք համոզմունք չունեք։ Բայց ես կարող եմ թվարկել, թե ինչ քայլեր ենք պատրաստվում անել։



ՍԱՍ-ի Արտակի գործի հետ կապված մեր քրեական օրենսդրությունն ուներ լուրջ բաց։ Հենց այդ բացն էր, որ հնարավորություն չընձեռեց՝ կատարելու քրեական իրավունքով նախատեսված քայլը։ Ի՞նչ պետք է անի կառավարությունը կամ արդարադատության նախարարը նման դեպքում։ Անմիջապես պետք է մշակի այնպիսի փոփոխություն Քրեական օրենսգրքում, որ այսուհետ նման դեպքերը դառնան քրեորեն պատժելի։ Առաջարկում եմ բացել e-draft.am կայքը, նայել այնտեղ տեղադրված Ընտրական օրենսգրքի փոփոխությունները, որ մենք առաջարկում ենք ներկայացնել հանրային քննարկման եւ գտնել այնտեղ դրույթ՝ ցանկացած անձի պարտադրելը մասնակցելու քարոզչությանը կամ հակառակը՝ ձեռնպահ մնալ մասնակցելու քարոզչությանը։



Դա համարվում է քրեական արարք։ Սա հենց ցույց է տալիս թե՛ քաղաքական կամքը, թե՛ ձեռնարկված իրական քայլը։ Ես կարծում եմ, որ այս հոդվածի ներմուծումից հետո էապես փոխվելու է վիճակը, երբ մարդիկ օգտագործելով աշխատակիցների կախվածությունը, առաջարկելու են իրականացնել քարոզչություն այս կամ այն անձի օգտին»,- ասաց Դավիթ Հարությունյանը։ Նա ասաց, որ իրենք վերլուծել են, թե որ հատվածներն են դուրս մնում «վարչական ռեսուրսի չարաշահում» հասկացությունից Ընտրական օրենսգրքում, Քրեական օրենսգրքում։ Միաժամանակ նա հավելեց, որ Քրեական օրենսգրքում սահմանված նոր հոդվածը չի կարող ունենալ հետադարձ ուժ։