«Հայբուսակ» համալսարանը հերքում է

«Հայբուսակ» համալսարանը հերքում է
2017 թվականի հոկտեմբերի 5-ին «Հրապարակ» օրաթերթի 176 (2227) համարում հրապարակվել է «Ո՞վ ասաց, որ դիպլոմն առել եմ՝ կարող է նվեր է-2» հոդվածը, որտեղ հեղինակն (Սասուն Գեւորգյան) իր վերաբերմունքն է արտահայտում Ռոզա Իզմաիլյանի թեկնածուական ատենախոսության եւ ԲՈՀ-ի կողմից նրան գիտական կոչում շնորհելու վերաբերյալ։ Դրա համար նա մեղադրում է մի շարք կառույցների՝ ԿԳ նախարարությանը, ԲՈՀ-ին, ԳՊԿ-ին, Մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտին, 042 պաշտպանության խորհրդին եւ, իհարկե, Ռոզա Իզմաիլյանին։ Ընդ որում՝ հեղինակը ոչ թե ծանրակշիռ ապացույցներով ցույց է տալիս նշված կառույցների գործողությունների անօրինականությունը, այլեւ դատողություններ է անում, որոնք ուղղված են հոդվածում իր կողմից բերված զվարճալի անեկդոտի «հաստատմանը»։



Հեղինակն անդրադառնում է նաեւ «Հայբուսակ» համալսարանի կողմից Ռոզա Իզմաիլյանին տված դիպլոմին՝ կասկած հայտնելով դրա իսկության վերաբերյալ, աղավաղելով փաստերը, որ իբր Ռ. Իզմաիլյանը «Հայբուսակ»-ն ավարտել է 2 տարում։ Իրականությունը հետեւյալն է. Ռ. Իզմաիլյանը Երեւանի թիվ 2 բժշկական ուսումնարանի դիպլոմի հիման վրա 2003-2004 ուստարում ընդունվել է Երեւանի «Հայբուսակ» համալսարանի բժշկական ֆակուլտետի «Դեղագիտություն» մասնագիտության 2-րդ կուրս (հրաման 045՝ տրված 30.08.2003թ․)։ 2004թ. ուսման վարձը չվճարելու պատճառով ազատվել է համալսարանից (հրաման 105՝ տրված 05.08.2004թ.)։ 2012-2013թթ. ուստարում վերականգնել է իր ուսանողական իրավունքները եւ 2014թ. ավարտել է բակալավրիատը՝ ստանալով AB 203849 դիպլոմը։ Այսինքն՝ բակալավրիատն ավարտել է գործող կարգին համապատասխան, որից հետո ուսումը շարունակել է մագիստրատուրայում։ Հաշվի առնելով նրա գիտական հոդվածների առկայությունը եւ արտասահմանում ասպիրանտ լինելու հանգամանքը՝ ընդունվել է մագիստրատուրայի 2-րդ կուրս, որն ավարտել է 01.07.2015թ.՝ ստանալով AM 054205 դիպլոմը։ Ավելորդ չէ նշել, որ համալսարանում կրթությունն իրականացվում է գործող օրենսդրությանը եւ մասնագիտական կրթական չափորոշիչներին համապատասխան։ Նկատելի է հեղինակի միտումը՝ հաշիվներ պարզելու հոդվածում նշված կառույցների եւ անձանց հետ։ Սակայն իր նպատակներին հասնելու ձեռնարկած միջոցներն անթույլատրելի են, քանի որ նա ստվեր է գցում համալսարանի հեղինակության եւ բարի համբավի վրա։ Մինչդեռ համալսարանը ՀՀ բուհական համակարգում իր արժանի անունը վաստակել է տարիների համառ եւ անձնուրաց աշխատանքի շնորհիվ։ «Հայբուսակին», որպես կրթական հաստատության, բնորոշ են բարեխղճությունը եւ ակադեմիական ազնվությունը։