Ախր, դուք ժողովրդի վիճակից տեղյա՞կ եք, մի երկու լորդի եք տեսել, գիտեք էդ ա

Ախր, դուք ժողովրդի վիճակից տեղյա՞կ եք, մի երկու լորդի եք տեսել, գիտեք էդ ա
ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի երեկվա նիստը տրագիկոմեդիա էր հիշեցնում։ Պատգամավորները պետք է երկրորդ ընթերցմամբ դրական եզրակացություն տային «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծին։ Փոփոխությունների փաթեթ էր ներկայացրել նաեւ «Ելք» խմբակցությունը, որի քննարկումն ուշագրավ ստացվեց՝ իրար դեմ հանելով անգամ ՀՀԿ-ական պատգամավորներին։



Այս նախագծով, հիշեցնենք, երկարացվում է ժամկետը, որով 27 տարին լրացած անձանց, ովքեր Հայաստանից դուրս են եղել եւ խուսափել պարտադիր ծառայությունից` հնարավորություն է տրվում, վճարելով նվազագույն աշխատավարձի 200-ապատիկը, վերադառնալ Հայաստան:



Պաշտպանության նախարարութան համար օրենքն ընդունելի չէ, երեկ հերթական անգամ փոխնախարար **Արտակ Զաքարյանը** հայտարարեց, որ այս նախագիծը զինծառայությունից խուսափելու օրինական ձեւ է, եւ չի կարելի խրախուսել հանցագործություն կատարած եւ ծառայությունից խուսափած դասալիքներին։ Հասկանալի է, որ այս օրենքով պետական բյուջե փող է մտնում, այդ պատճառով է, թերեւս, որ մի կողմից իշխանությունը Վիգեն Սարգսյանի միջոցով հայտարարում է, թե ակադեմիական տարկետումը պետք է վերացնել, որովհետեւ պատերազմական երկրում բոլորն անխտիր պետք է ծառայեն, մյուս կողմից՝ օրենսդիր մարմինը խրախուսում է դասալիքներին ու բյուջե մուտքերին։ Հայաստանից հեռացածները, որպես կանոն, հայրենիք են վերադառնում ոչ թե մշտական բնակության, այլ  տուրիստի կարգավիճակով, այնպես որ՝ այս նախագիծը դեմոգրաֆիկ հարց էլ չի լուծում։ Ինչեւէ, պարզվեց, որ հանձնաժողովի թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր ներկայացուցիչների համար նախագծի փիլիսոփայությունն ընդունելի է, խնդիրը ընդդիմության առաջարկները մերժելու մեջ էր, որի հարցով հարակից զեկուցող **Կարինե Աճեմյանը** հիմնավոր բացատրություններ չտվեց, սակայն վերջում պարզվեց, որ «Ելք»-ի առաջարկներից որոշները կա՛մ տեխնիկական են, կա՛մ էլ, ինչպես փոխնախարարը վերջում ելույթով նշեց, դրանք «ոչինչ չէին փոխի» օրենքում, մի մասն էլ հակասություն են ստեղծում գործող մյուս օրենքների հետ։



«Սա չի նշանակում, որ մենք այս օրենքով խրախուսում ենք բանակում չծառայելը, պարզապես չենք կարող դռները փակել մեր հայրենակիցների դեմ»,- իր ելույթի սկզբում ասաց Կարինե Աճեմյանը, ապա, դիմելով «Ելքին», ասաց․ «Ձեր առաջարկները նոր օրինագծի հիմք են, չարժե ծանրաբեռնել այս օրենքը»։



Ընդդիմադիր պատգամավոր **Սասուն Միքայելյանն** առաջարկում էր գումարի վճարման ժամկետը երկարաձգել, օրինակ՝ թույլ տալ, որ հայրենիք վերադարձած մարդը, որն այդ պահին գումար չունի, 6 ամսվա ընթացքում վճարի։ Աճեմյանն ասաց` նախագիծն ուժի մեջ է մինչեւ 2020 թվականի հունվարի 1-ը, ուստի դա արդեն հնարավորություն է գումար կուտակելու: **Ռոմիկ Մանուկյանն** էլ  երկրորդեց կոալիցիոն գործընկերոջը, թե եթե նախագծի հեղինակները չեն ուզում այլ առաջարկներ ընդունել, պետք է հարգել նրանց կարծիքը ու նոր նախագիծ ներկայացնել։ Ապա, խոսելով Սասուն Միքայելյանի առաջարկից, ասաց․ «Էդքան տարի Ռուսաստանում աշխատել է, թող մի 6 ամիս էլ աշխատի ու էդ 3 միլիոն 600 հազար դրամը հավաքի»: Կարինե Աճեմյանը պատմեց, որ իրեն բազմաթիվ մարդիկ են դիմում, բայց ոչ ոք գումարի խնդիր առաջ չի քաշում, չի ասում, որ չի կարող վճարել: «Մեզ էլ զանգել են` առաջ են քաշել»,-  վրդովվեց «Ելք» խմբակցության պատգամավոր **Արտակ Զեյնալյանը**: Հարակից զեկուցող Ռոմիկ Մանուկյանը նորից պնդեց՝ եթե նախաձեռնող խումբը չի ընդունում առաջարկը, ինչո՞ւ է քննարկվում հանձնաժողովում: «Չկա իմ օրենք, իմ նախագիծ, ընդունվում է ՀՀ օրենք»,-  հակադարձեց Արտակ Զեյնալյանը: 



**Ֆելիքս Ցոլակյանի** նյարդերը չդիմացան։ «Ախր, Կարինե, Դուք խաբա՞ր եք էս ժողովրդի մասին, դուք գիտե՞ք ինչ վիճակում է, մի երկու լորդի հետ ես խոսել, գիտես, թե սաղ էդպես են»,- ընդդիմության կողմն անցավ Ցոլակյանը՝ առաջարկելով ելք գտնել, որ հնարավորություն չունեցողներն էլ կարողանան վերադառնալ հայրենիք։ «Ինչո՞ւ նրա համար այլընտրանքային ծառայության հնարավորություն չենք ստեղծում, օրինակ՝ պայմանագրային»: Այս առաջարկը նաեւ «Ելքն» է արել` մի տարբերությամբ` ոչ թե պայմանագրային սկզբունքով ծառայեն, այլ՝ պարտադիր:



Մոտ մեկ ժամ տեւած քննարկումներից ու Աճեմյան-Մանուկյան տանդեմի չհանձնվելուց հետո ելույթի իրավունք ստացավ պաշտպանության փոխնախարար Զաքարյանը՝ ասելով, որ երկու առաջարկն էլ անհնար է ընդունել, քանի որ հակասություն է ստեղծվելու գործող օրենքների հետ։ Բանն այն է, որ պարտադիր ծառայություն չանցած քաղաքացին չի կարող պայմանագրային ծառայության անցնել, իսկ «Ելք»-ի առաջարկի մասով հիշեցրեց, որ մինչեւ 27 տարին է համարվում զինապարտ։ Բայց այս խնդիրն իրենք օրակարգում կպահեն` արդեն այլ օրենքով:



Պակաս դրամատիկ չստացվեց նաեւ քվեարկությունը, այն հայտարարելու պահին քննարկման սենյակում քվորում չկար, ներկա էին միայն հանձնաժողովի նախագահ Կորյուն Նախապետյանը, Ֆելիքս Ցոլակյանը եւ Սասուն Միքայելյանը։ Ռոմիկ Մանուկյանը ժամանակավոր դուրս էր եկել, իսկ հանձնաժողովի մյուս անդամները ներկա չէին նիստին։ Գեներալներն էլ բոյկոտում են նիստերն արդեն տեւական ժամանակ։ Ներկաները համբերատար սպասեցին, որպեսզի ՀՀԿ-ական Կորյուն Նահապետյանն ու իր օգնականը բերման ենթարկեն Ռոմիկ Մանուկյանին եւ կազմակերպեն քվեարկություն։ Այդ ընթացքում Նահապետյանից հետաքրքրվեցինք՝ ԱԺ կանոնակարգը թույլ է տալի՞ս ժամանակավոր դադարեցնել ու բերման ենթարկել պատգամավորին, ստացանք պատասխան, թե կանոնակարգը մեզ՝ լրագրողներիս թույլ չի տալիս միջամտել նիստին։ Ի վերջո, ՀՅԴ-ականը ժամանեց, սակայն դրանով պատմությունը չվերջացավ․ երբ առանձին քվեարկության դրվեցին «Ելք»-ի առաջարկները, Սասուն Միքայելյանը հայտարարեց, թե ինքը չի քվեարկի, առաջարկեց հանգամանալից ուսումնասիրել իրենց առաջարկները, սակայն, երբ դրանք մերժվեցին, ու ՀՀԿ-ականների նախագիծը դրվեց քվեարկության, Միքայելյանը կողմ քվեարկեց։



«Կողմ է նաեւ ընդդիմությունը»,- հանձնաժողովի նախագահի արձանագրումից հետո Միքայելյանը նետեց․ «Ընդդիմադիրը դուք եք, ես ի՞նչ ընդդիմադիր, մենք ժողովրդի հետ ենք»։ Նիստից հետո Կարինե Աճեմյանը մեր դիտարկմանը, թե երբ շարժվում էիք դեպի պառլամենտական կառավարման համակարգ, իշխանությունը խոստանում էր համատեղ կառավարում, ընդդիմադիրներին լիազորություններ, մինչդեռ կյանքը հակառակն է ցույց տալիս, ասաց, որ երբ ասում էր «մեր օրենք», նկատի չուներ, թե «իշխանության», այլ հեղինակների, որոնց թվում են ՀՅԴ-ական ու ԲՀԿ-ական պատգամավորներ․ «Ես միայնակ չեմ, ու նախագծի համահեղինակներով ենք քննարկել առաջարկները։ Ու ընդհանրապես՝ որպես հիմնական զեկուցող, ես իրավունք ունեմ ընդունել կամ չընդունել որեւէ առաջարկ։ Գուցե որեւէ մեկի համար իր առաջարկն իդեալական է, բայց զեկուցողն իրավունք ունի չհամաձայնելու դրա հետ»։ Աճեմյանը վստահեցրեց, որ իշխանությունը նման կոմպլեքս չունի՝ մերժելու ընդդիմադիրներին։



**Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ**