Դիմադրության ճակատը ճանապարհային քարտեզ է գծում

Դիմադրության ճակատը ճանապարհային քարտեզ է գծում
Ազատազրկման մեջ գտնվող Ժիրայր Սեֆիլյանի կոչով ձեւավորված Ազգային դիմադրության ճակատն սպասում է հարմար պահի, որպեսզի ժողովրդին փողոց հանի։ Թե երբ կգա այդ պահը, ճակատում հստակ պատասխան չունեն։ «Դա կլինի, հաստատ կլինի, համոզված եղեք՝ ուշ չի լինի»,- ասում է ճակատի կազմակերպչական աշխատանքների համակարգող **Պետրոս Մակեյանը**։ Պարզվում է՝ նրանք մեծ հույսեր են կապել տարկետման վերացման դեմ ընդվզող ուսանողների պայքարի հետ՝ մտածելով, որ կարող է այն կայծ դառնալ մեծ բռնկման համար․ «Ճակատը հստակ ամենօրյա կապի մեջ է եղել տղաների հետ, եւ փորձել ենք հասկանալ, թե ինչպես են զարգանալու գործընթացներն ու ինչ հանգրվանի են հասնելու։ Հիմա էլ կապը կա, թե ինչ զարգացումներ կլինեն, կյանքը ցույց կտա»։ Այսինքն՝ պատրաստ էիք աջակցե՞լ ուսանողներին։ «Ես նորից եմ ասում՝ մենք անգամ խումբ էինք ձեւավորել, եւ կապ կար, քննարկում էինք, սպասում, թե ինչ հանգրվանի կհասցնեն իրենց պայքարը, հիմա էլ կապը կա, բայց մեծ անորոշություն կա այդ ճակատի հետ կապված»,- պատասխանեց Մակեյանը։ Մինչ պայքարի այլ օջախներ կբռնկվեն, ճակատում էլ ձեռքերը ծալած չեն նստում, սկսել են ճանապարհային քարտեզ գծել, թե ինչպես, ինչ ճանապարհով եւ ինչ մարտավարությամբ սկսել փողոցային պայքարը, որպեսզի հերթական անգամ այն չտապալվի, այլ տապալի վարչակարգին։





Հիշեցնենք, որ ազատամարտիկ Ժիրայր Սեֆիլյանը դեռեւս սեպտեմբերին կոչով դիմել էր հասարակական-քաղաքական գործիչների ու մտավորականների՝ Ազգային դիմադրության ճակատ ստեղծելու առաջարկով։ Սեֆիլյանի կոչի հասցեատեր 31 հոգանոց ցուցակի ոչ բոլոր անդամներն արձագանքեցին նրա կոչին: Հիմնականում լռեցին ներկա եւ նախկին պաշտոնյաները, որոնցից մի քանիսի հետ, կարծես, Սեֆիլյանը հույսեր էր կապում, օրինակ՝ ՕՐՕ դաշինքի անդամ, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, նույն դաշինքի անդամ, նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը, խորհրդարանում մանդատներ ունեցող «Ելք» դաշինքի անդամները: Ու թեպետ Սեյրան Օհանյանի կինը Ֆեյսբուքում ավետում է, թե ամբարտավան ռեժիմին քիչ է մնացել, նրա ամուսինն ընդհատակ է անցել ու չի միանում դիմադրության ճակատին։ Սեֆիլյանի կողմնակիցները նախ ձեւավորեցին «Հանուն Հայաստան պետության ճակատ» շարժումը, որն էլ օրերս մի հռչակագիր հրապարակեց, որտեղ անդրադարձել են երկրում ստեղծված իրավիճակին՝ քվեավաճառություն, ոչ լեգիտիմ սահմանադրություն, արտագաղթ, եւ Հայաստանում ու Սփյուռքում ապրող մեր հայրենակիցներին կոչ՝ միավորվել, ստեղծել ժամանակավոր անցումային կառավարություն, առաջարկներ ներկայացնել՝ վարչախմբին հեռացնելու համար: Այդ հռչակագրի տեքստից էլ երեւում է, որ վարչախմբին հեռացնելու ծանր աշխատանքը թողնված է հանրության վրա, սակայն Սեֆիլյանի առաջարկով կազմակերպչական աշխատանքների համակարգող Պետրոս Մակեյանը մեզ վստահեցնում է, որ ճակատի անդամներն ունեն գործողությունների պլան, որը մշակում են։ Երեկվանից էլ «վերլուծական» ու նախաձեռնող խումբը ճանապարհային քարտեզով է սկսել զբաղվել։



Խմբի ղեկավարը ԳԽ պատգամավոր Ալբերտ Բաղդասարյանն է, անդամներն են Արմեն Մարտիրոսյանը, Դավիթ Սանասարյանը, Ալեք Ենիգոմշյանը եւ այլք, որոնք հատկապես ակտիվ էին «Սասնա ծռերի» օրերին։ «Մենք փորձելու ենք գտնել ոչ ստանդարտ ճանապարհները, որովհետեւ ժողովրդի առնվազն 80 տոկոսը հոգնել է արդեն այս վարչախմբից, որը լուրջ հանգրվանի է տանում, ընդհանրապես՝ Ղարաբաղը դարձրել են իշխանությունը պահելու եւ փող աշխատելու միջոց, զուգահեռ մենք հասկանում ենք, որ երկիր ու պետականություն ենք կորցնում։ Հասարակությունը պետք է փողոց դուրս գա, եւ մենք մտածում ենք փողոց դուրս գալու բանաձեւը գտնել»,- ասում է Պետրոս Մակեյանը։ Հավաքվում են շաբաթական 2 օր՝ չորեքշաբթի եւ շաբաթ։

Վերջին շրջանում իշխանությունը հաճախ է խոսում արցախյան հարցը ցավոտ եղանակով լուծելու մասին: Թերեւս այս ճակատն սպասում է, որ երբ տարածքների հանձնման մասին խոսեն, հնարավոր կլինի այս ռեժիմից ազատվելու քաղաքական գործընթաց սկսել: Մակեյանն ասում է, որ իրենց շարժումն աջակցություն ունի նաեւ Սփյուռքից, հատկապես Եվրոպայի եւ ԱՄՆ-ի ակտիվ հայրենակիցները համացանցի միջոցով իրենց խորհրդատվությամբ մասնակցում են ճակատի աշխատանքներին։ Մակեյանը վստահեցնում է, որ նրանց շարքերում հայտնի անձնավորությունների պակաս չի զգացվում, սակայն անուններ չի տալիս, կարող է մեկի անունը մոռանալ, ու «սիրուն բան չի ստացվի»։





Հիշեցնենք, որ երկու շաբաթ առաջ Մակեյանը հանդիպել էր Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, որը պատրաստակամություն էր հայտնել միանալ ճակատին, սակայն «պահի ընտրությունն» ինքը պետք է որոշի, եւ պայքարի համար եւս խորհուրդ էր տվել պահի ընտրությունը ճիշտ կատարել։ Պարոն Մակեյանն ասում է․ «Ենթադրում եմ՝ մասնակցել-չմասնակցելու որոշման մասին Րաֆֆին շուտով կասի, բայց, իմ կարծիքով, ինքը ակտիվ գործընթացներից հեռու չի մնա»։ Թե ինչպես կզարգանան գործողությունները, կտեսնենք առաջիկայում։



**Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ**