Արկադի Փելեշյանը գողական չէ, թասիբով վանաձորցի է

Արկադի Փելեշյանը գողական չէ, թասիբով վանաձորցի է
Այսօր, Վանաձորի ավագանու արտահերթ նիստի ընթացքում, ՀՎԿ Վանաձորի կառույցի ղեկավար Արկադի Փելեշյանը նշանակվելու է Վանաձորի փոխքաղաքապետ։ Փելեշյանը Վանաձորում հայտնի գողական է, եւ արդեն մի քանի օր է՝ վանաձորցիները կատակներ են անում, թե քաղաքապետի գործուղումների ժամանակ հանրապետության երրորդ քաղաքը մնալու է գողականի հույսին։ Հիշեցնենք, որ մեկ տարուց ավելի է՝ Վանաձորի ավագանու ընդդիմադիր խմբակցությունները՝ ԲՀԿ-ն, ԼՀԿ-ն եւ Փելեշյանի ղեկավարած «Հայկական վերածնունդը», բոյկոտում էին ավագանու նիստերը։ Սահմանադրական դատարանի վճռից հետո, երբ Վանաձորի ավագանու նիստերը հակաօրինական ճանաչվեցին, իշխանությունը, ի դեմս Վանաձորի քաղաքապետ **Մամիկոն Ասլանյանի**, համաձայնեց ընդունել ՀՎԿ-ի եւ Արկադի Փելեշյանի առաջ քաշած պայմանները եւ ստորագրել համագործակցության հուշագիր, հակառակ դեպքում կորցնում էր քաղաքապետի պաշտոնը, որքան էլ որ ՀՎԿ պահանջներն անընդունելի լինեին։ Այս առթիվ զրուցեցինք Ասլանյանի հետ։



-**Պարոն Ասլանյան, էլ ի՞նչ խոստումներ եք տվել Ձեր նոր գործընկերներին, բացի փոխքաղաքապետի պաշտոնից, լուրեր կան, որ ՀՎԿ-ականներին աշխատանք, պաշտոններ եք խոստացել**։



-Ճիշտն ասած՝ նման խոսակցություններն այս պահին արդիական չեն, մեր հուշագիրն այս պահին կայանում է փոխքաղաքապետի պաշտոնի։



-**Իսկ հեռանկարում կա՞ այլ պաշտոնների տրամադրում**։



-Դե, բնականաբար, մեր գործընկերներն են, մեր քաղաքի բնակիչները, ով էլ գա, հեռանկարում միշտ էլ կա, կապ չունի կուսակցական պատկանելությունը, բայց կրկնում եմ՝ այդ հարցն այս պահին արդիական չէ, գործընթացները ցույց կտան, թե ինչ կլինի։



-**Արդեն մի քանի օր է՝ բոլորը քննարկում են, որ Ձեր առաջին տեղակալը գողական է, Դուք այդ փաստից չե՞ք նեղվում**։



-Գիտե՞ք ինչ կա, Արկադի Փելեշյանը գողական չի, Արկադի Փելեշյանը ՀՎԿ ցուցակը գլխավորող էն թեկնածուն ա, որը որ Վանաձոր քաղաքում մոտ 6 հազար ձայն ա ստացել, հետեւաբար՝ ժողովրդի քվեն ստացած մարդու մասին նման որակումներ անելը տեղին չէ։



-**Ձայն ստանալն ի՞նչ կապ ունի, համապետական ընտրություններում էլ գողականներն են ձայն հավաքում**…



-Ասենք՝ որտե՞ղ ա գողական… ասելով չի, էլի։



-**Դուք վստահ եք, որ ինքը գողակա՞ն չէ**։



-Ես վստահ եմ, որ ինքը նորմալ հայ տղամարդ է, ախր, ի՞նչ է նշանակում գողական… ես եթե հիմա երաժիշտների հետ առնչվում եմ, ուրեմն երաժի՞շտ եմ դառնում։ Ինքն էդ կյանքով չի ապրում, ինքը 15 տարեկանից անհայր է մեծացել, գործարար է, իր բիզնեսով է զբաղվում, եւ ես չի, որ մարդկային որակների առումով պիտի որոշիչ լինեմ։ Վանաձորի մի ստվար հատված իր ձայնը տվել է Փելեշյանի գլխավորած ցուցակին, եւ չի կարելի էդ մարդու հետ նման կերպ խոսել։



-**Մի խոսքով՝ արդարացված չեն վանաձորցիների  մտահոգությունները, որ Ձեր գործուղումների ժամանակ քաղաքը գողականի ղեկավարմանը կհանձնվի**։



-Արկադի Փելեշյանը թասիբով վանաձորցի  է, մտավախություն չկա, մեր միջեւ ընկերական եւ մարդկային նորմալ հարաբերություններ կան, մենք մի բակում ենք մեծացել, նման խնդիր չի կարող առաջ գալ իմ բացակայության հետ կապված։



-**Իսկ ինչպե՞ս կայացավ ձեր համագործակցությունը, Դուք անձա՞մբ իր հետ բանակցեցիք**։



- Իմ եւ իր մեջ կա ստորագրված հուշագիր, դա բաց-հրապարակային ֆորմատ է եղել, որեւէ մեկից ծածուկ չի եղել, նախորդ օրը ես համագործակցելու կոչով էի դիմել, հետո հանդիպել ենք, հուշագիրը պատրաստել ենք տեղում եւ ստորագրել ենք։



-**Կարո՞ղ ենք ասել, որ մեկ տարի առաջ Ձեր օգտին կողմ էին քվեարկել հենց ՀՎԿ-ականները**։



-Ինչի՞ց ենթադրեցիք, այսինքն՝ ով ամենաբարձրն էր գոռում, նա չէ՞ր կարող քվեարկել։



-**Հեղինե Բիշարյանն այդ քվեարկության օրն ասում էր՝ ով միացել է ՀՀԿ-ին, անբարոյական է**։



-Ես որեւիցե մեկի խոսքերը չեմ մեկնաբանում, ովքեր պատրաստ են մեզ հետ աշխատել, մենք նրանց հետ պատրաստ ենք առողջ քննարկումների փուլ մտնել։ Անհեթեթությունների դաշտից բոլորն էին հոգնել, բոլորն աշխատանք են ուզում։ Ես անբարոյականների հետ չեմ աշխատում, մարդկանց ճանաչում եմ մանկուց։



-**Տեղյա՞կ եք, որ Էդմոն Մարուքյանը ՍԴ վճռի հիման վրա դիմել է կառավարությանը՝ պահանջելով արտահերթ ընտրություններ անցկացնել Վանաձորում**։



-Ճիշտն ասած՝ շատ լավ ա, որ ինքը ՍԴ որոշումները չի կարում մեկնաբանի, բայց ՍԴ-ն ինքը մեկնաբանել է իր որոշումները։



-**Ի՞նչ է մեկնաբանել, որ դուք ապօրինի որոշումներ եք ընդունել՝ չունենալով մեծամասնությո՞ւն**։



-Ես արդեն հոգնել եմ մեկնաբանել, բայց նման բան չի ասել, ասել է, որ մենք օրինական նիստեր ենք գումարել։



-**Բայց արդյունքում ձեր որոշումներն ապօրինի են, իրավազոր չեն**։



-Կներեք, ես հուղարկավորության եմ, չեմ կարող խոսել։



 



**Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ**