Գիշերային նիստերի պրակտիկան շարունակվում է

Գիշերային նիստերի պրակտիկան շարունակվում է
Թեպետ իշխանության ներկայացուցիչները նոր Սահմանադրությունն ու կառավարման նոր մոդելն ընտրելիս հայտարարում էին, թե ընդդիմությունն առավել մեծ լիազորություններ է ունենալու խորհրդարանական կառավարման համակարգում, սակայն կյանքը բոլորովին հակառակը ցույց տվեց։ Օրինակ՝ ԱԺ կանոնակարգ նոր օրենքն այնպես են հարմարեցրել, որ առանց ընդդիմադիրների էլ կարելի է ցանկացած ժամի արտահերթ նիստեր հրավիրել ու ԱԺ մտցնել ուզածդ նախագիծ։ Ինչպես եղավ ուրբաթ օրը, երբ Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը երեկոյան ժամը 9-ին չորս պատգամավորով նիստ հրավիրեց եւ աղմկահարույց օրինագծերը մտցրեց այսօր մեկնարկող ԱԺ հերթական քառօրյա։ Խոսքը «Պաշտպանության մասին» եւ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծերի, ինչպես նաեւ ԱԺ պատգամավորներ Գալուստ Սահակյանի, Կարինե Աճեմյանի, Վահե Էնֆիաջյանի, Արտակ Զաքարյանի եւ Արտակ Զեյնալյանի ներկայացրած «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նախագծերի մասին է, որով առաջարկում են երկարաձգել զինծառայությունից խուսափած անձանց գումարի դիմաց քրեական պատասխանատվությունից ազատելու հնարավորություն տվող օրենքի գործողության ժամկետը: Պաշտպանության նախարարությունն առաջարկել էր շեշտակի բարձրացնել գումարի չափը, որը ծառայությունից խուսափած անձանց հնարավորություն կտա ազատվել քրեական պատասխանատվությունից՝ հասցնելով այն 9 միլիոն դրամի:



Նիստը նշանակված էր երեկոյան 6-ին, սակայն քվորումի բացակայության պատճառով չէր կայացել, չէր ներկայացել անգամ հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը։Օգտվելով կանոնակարգ-օրենքի այն հնարավորությունից, որ հանձնաժողովի 1/4-ով կարելի է արտահերթ նիստի առաջարկով հանդես գալ ԱԺ ղեկավարությանը, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, Ֆելիքս Ցոլակյանը, Միհրան Պողոսյանը եւ ՀՅԴ-ական Ռոմիկ Մանուկյանը գիշերային նիստով որոշում էին կայացրել: Նշենք, որ հանձնաժողովի անդամներ են նաեւ ՀՀԿ-ական գեներալներ Մանվել Գրիգորյանը, Սեյրան Սարոյանը: Հանձնաժողովի փոխնախագահը ԲՀԿ-ական Դավիթ Մանուկյանն է՝ Գագիկ Ծառուկյանի փեսան, նույն խմբակցությունից Արթուր Մանուկյանը, Վահան Կարապետյանը, «Ելք»-ից Սասուն Միքայելյանը, ովքեր ներկա չեն եղել: Չի բացառվում, որ ընդդիմադիր խմբակցության պատգամավորները, հաշվի առնելով ուսանողության բողոքի ակցիաները ակադեմիական տարկետման վերացման դեմ, չեն ցանկանում դեմ գնալ երիտասարդների պահանջին։ Հիշեցնենք, որ «Ծառուկյան դաշինքն» առաջին ընթերցման ժամանակ կողմ էր քվեարկել տարկետման իրավունքի վերացման օրենքին։



**Լուսինե Շահվերդյան**