Եթե մենք իշխանական ենք, ինչո՞ւ է ՊԵԿ-ն անօրինական վարչարարություն իրականացնում Ծառուկյանի օբյեկտների նկատմամբ

Եթե մենք իշխանական ենք, ինչո՞ւ է ՊԵԿ-ն անօրինական վարչարարություն իրականացնում Ծառուկյանի օբյեկտների նկատմամբ
Ստրասբուրգից Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Հայաստանի զեկուցողների հայաստանյան վերջին հանդիպումները տարբեր ուժերի ներկայացուցիչների հետ անցել են ուշագրավ մթնոլորտում։ Հայրենի ընդդիմադիրները երկրում առկա խնդիրները, մարտահրավերները եվրոպացի գործընկերներին ներկայացնելուց զատ, «թիվ մեկ ընդդիմադիր» երեւալու համար են պայքար մղել։ Նոյեմբերի 6-7-ը փաստահավաք առաքելությամբ զեկուցողների խումբը հանդիպումներ է ունեցել քաղհասարակության, իշխանության, խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչների հետ եւ արդյունքները գարնանը կներկայացնի ՀՀ-ի վերաբերյալ զեկույցում: Զեկուցողներին, մասնավորապես, հետաքրքրել են սահմանադրական փոփոխություններից հետո ստեղծված նոր հնարավորությունները եւ մարտահրավերները, որոնք առանձնացնում են հայաստանցիները։



Թե՛ «Ծառուկյան դաշինքի», թե՛ «Ելք» խմբակցության ներկայացուցիչները նախօրեին առանձին հանդիպումների ժամանակ զեկուցողներին են ներկայացրել ապրիլյան ընտրություններում ընտրակաշառքի, վարչական ռեսուրսի կիրառման, պաշտոնական դիրքի չարաշահման եւ այլ խնդիրներ։ «Ելք» խմբակցությունը հատկապես ընդգծել է, որ իշխանությունը չի կատարում սահմանադրական փոփոխություններից առաջ տված հավաստիացումները, թե կառավարման նոր համակարգում ընդդիմությունն ուրույն տեղ է ունենալու, գործընթացների վրա ազդելու լծակներ։ Նշել են, որ իշխանություն-ընդդիմություն համագործակցություն գրեթե չի կայանում։ «Մենք բաց ենք եւ պատրաստ` հանուն Հայաստանի կարեւոր խնդիրների շուրջ աշխատել, համագործակցել, բայց փաստացի ՀՀԿ-ն ցույց է տալիս, որ ինքը պատրաստ չէ որեւէ հարցով զիջումների գնալ, մեր կողմից առաջարկված որեւէ նախագծի կողմ քվեարկել: Նույնիսկ շատ դեպքերում չեն թողնում հարցը լիագումար նիստ մտնի»,- մեզ ներկայացրեց **Գեւորգ Գորգիսյանը։ **Նրանից բացի, հանդիպմանը մասնակցել են Մանե Թանդիլյանը, Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը։ Գորգիսյանը զեկուցողներին նաեւ հանրության կարծիքն է փոխանցել՝ ասելով, որ, չնայած խորհրդարանում փաստացի կա երկու ընդդիմադիր ուժ, բայց հանրային ընկալումներում «Ելք»-ն առանձնանում է իբրեւ միակ ընդդիմադիր ուժ` ելնելով իր արտաքին քաղաքական հայացքներից, ժողովրդավարության եւ երկրի զարգացման տեսլականներից: «Մենք իսկապես շատ ուրախ կլինենք, որ մեր գործընկերները շատ հարցերում, իրոք, ընդդիմադիր լինեն, բայց հանրային ընկալումն է այդպիսին, ինչի մասին մենք խոսեցինք։ Զուտ, ասենք, արտաքին քաղաքականության հարցում խորհրդարանում բոլորը մի կողմնորոշում ունեն, մենք՝ ուրիշ, կան եւս այլ պատճառներ, որ «Ելք»-ն է ընկալվում որպես միակ ընդդիմադիր»,- ներկայացրեց Գորգիսյանը։





Որպես ծանրակշիռ հակափաստարկ՝ «Ծառուկյան դաշինքի» պատգամավորներն էլ հիշեցրել են Գագիկ Ծառուկյանի անցյալը, հալածման ժամանակները, երբ մի գիշերվա ու մի նիստի ընթացքում իշխանությունը նրան գահընկեց արեց եւ մղեց ընդդիմություն։ Ծառուկյանի՝ որպես ընդդիմության առաջնորդի ճնշումների ու հալածանքների մասին պատկերավոր ու մանրամասն պատմել է դաշինքի խմբակցության ներկայացուցիչ, ՀՀՇ վարչության անդամ Արարատ Զուրաբյանը։ Նա ասել է, որ Հայաստանում յուրաքանչյուր ոք գիտի, թե ինչ ճնշումների է ենթարկվել Գագիկ Ծառուկյանը։ Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ԲՀԿ-ական **Գեւորգ Պետրոսյանը,** որը մեզ հետ զրույցում շեշտեց, որ իրենց դաշինքը թիվ մեկ ընդդիմադիր երեւալու խնդիր չունի, որ իրենք զեկուցողներին ներկայացրել են երկրում առկա խնդիրների վերաբերյալ իրենց մտահոգությունները՝ ընտրություններում վարչական ռեսուրսի կիրառումից սկսած, վերջացրած նրանով, որ նոր Սահմանադրությամբ հաստատված խորհրդարանական կառավարման մոդելն իրեն չի արդարացնում, պառլամենտը դարձել է կառավարության դակիչ մարմինը, կառավարությունն է օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալիս, իսկ խորհրդարանը դրանց հաստատողի դերում է։



«Մենք ասացինք, որ ամեն ինչ անելու ենք, որպեսզի ԱԺ-ն չաշխատի որպես կառավարության տպագրատուն կամ կառավարության որոշումները դակող հիմնարկ, որպեսզի խորհրդարանն իրապես վերահսկողության լծակ ունենա կառավարության նկատմամբ։ Խոսել ենք նաեւ ռեյտինգային ընտրակարգի անպիտանության մասին, այն չի խրախուսում քաղաքական պայքարի քաղաքական էլեմենտը»։ Պետրոսյանն ասաց, որ դաշինքը պատրաստակամություն է հայտնել իրենից կախված ամեն ինչ անել նշված կարգը, ինչպես նաեւ Ընտրական օրենսգիրքը փոփոխելու համար։ Մեր զրուցակցին հիշեցրինք, որ ԸՕ-ին ԲՀԿ-ն կողմ է քվեարկել եւ փաստաթուղթն էլ «պատմական» հռչակել․ «Այո, տվել ենք համաձայնություն, բայց դա եղել է, քանի որ մենք ստիպված ենք եղել որոշ զիջումների գնալ, բայց դա չի նշանակում, թե մենք կողմ ենք եղել բոլոր դրույթներին»։





Այդուհանդերձ, նա չհերքեց, որ զեկուցողների խնդրանքով անդրադարձել են նաեւ «Ելք»-ի դիտարկումներին։ «Այո, պատվիրակները մեզ հայտնեցին, որ մեր գործընկերները կասկածի տակ են դրել մեր ընդդիմադիր կարգավիճակը, մեզ հարցրին՝ ինչպե՞ս ենք վերաբերվում այդ կարծիքին։ Բնականաբար, մենք ոչ մի հարցադրումից չենք ջղաձգվում, փորձում ենք պատասխան տալ, եթե դրա անհրաժեշտությունը տեսնում ենք։ Տվյալ դեպքում պատասխանելու անհրաժեշտությունը մեծ չէր, մենք ապացուցելու կարիք չունենք մեր ընդդիմադիր կարգավիճակը, դա նաեւ փաստացի է հաստատված։ Ես ասացի՝ հիմա եթե «Ելք» խմբակցությունը կարող է մատնանշել այլ չափանիշներ, որոնց համաձայն իրենք իրենց համարում են իրական ընդդիմադիրներ, մյուսներին՝ ոչ։ Խորհրդարանական ուժերի համար կա մեկ չափանիշ, որը նշված է ԱԺ կանոնակարգ-օրենքում։ «Ծառուկյան դաշինքում» կոնկրետ խնդիրների, կոնկրետ նախագծերի վերաբերյալ խելամիտ, հիմնավոր քննադատության պակաս չի զգացվում, ո՞վ է ասել, որ որեւէ խմբակցություն, որը մեխանիկորեն ընդդիմադիր է գրանցված, ուրեմն պետք է մեխանիկորեն բոլոր նախագծերին դեմ քվեարկի»,- ասաց Պետրոսյանը։



Արարատ Զուրաբյանն էլ եվրոպացի գործընկերներին առավել հիմնավոր համոզելու համար տեղում պատմական էքսկուրս է կազմակերպել։ «Այո, մեր կուսակցության ղեկավարի անցած ճանապարհը շատերը կերազեն, ու պարոն Զուրաբյանն էլ անդրադարձավ, որ եթե մենք համարվում ենք իշխանական, բա ինչո՞ւ մեր կուսակցության ղեկավարի նկատմամբ ճնշումներ գործադրվեցին, կամ եթե այսօր իշխանական ենք, այդ ինչո՞ւ է ՊԵԿ-ն անբարեխիղճ ու անօրինական վարչարարություն իրականացնում Ծառուկյանին պատկանող օբյեկտների նկատմամբ»,- վրդովված պատմեց Պետրոսյանը՝ մոռանալով, որ ԱԺ պատգամավորին օրենքը թույլ չի տալիս «օբյեկտներ» ունենալ։ Հիշեցրինք, սակայն, ՊԵԿ ղեկավար Վարդան Հարությունյանի հայտարարությունը, որ Ծառուկյանն իր լավ ընկերն է, եւ Ծառուկյանի հայտարարությունը, որ վարչապետ Կարեն Կարապետյանն էլ իր լավ ընկերն է․ «Հա, Ծառուկյանը նման բան ասել է, բայց եկեք ընկերական հարաբերությունները չխառնենք մյուս հարաբերությունների հետ, մենք էլ ՀՀԿ-ական շատ պատգամավորների հետ ընկերներ ենք, բայց դա պետք չէ խառնել գործնականի հետ»։



**Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ**